Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում մայիսի 5-ին սկսվել է սահմանամերձ Բարեկամավան գյուղի 2 բնակիչների դատավարությունը: 1968թ. ծնված Ա. Աբազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. դեկտեմբերի 20-ից մինչեւ դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Կոթի-Բարեկամավան ավտոճանապարհին կից հատվածից գաղտնի հափշտակել եւ իր տան բակ է տեղափոխել սահմանապահ զորամասի հաշվեկշռում գտնվող, գծալարային կապի միջոցներն ապահովող, 5000 դրամ արժողությամբ փայտյա մեկ հենասյուն եւ դրան ամրացված մալուխ, որով պետությանը պատճառվել է 5780 դրամի գույքային վնաս:
Նույն գյուղի բնակիչ, 1983թ. ծնված Ա. Մուքելյանը մեղադրվում է, որ 2018թ. փետրվարի 1-ին Կոթի-Բարեկամավան ավտոճանապարհին կից հատվածից, գետնին ընկած տեղից գաղտնի հափշտակել եւ իր տան բակ է տեղափոխել սահմանապահ զորամասի հաշվեկշռում գտնվող, գծալարային կապի միջոցներն ապահովող փայտյա մեկ հենասյուն, որով պետությանը պատճառվել է 5000 դրամի գույքային վնաս:
Բարեկամավանի նշված բնակիչները մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասով, նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ