Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնն անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, որը կայացել է Սոչիում:
«Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում ծանոթացա Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Կարևորեցի դինամիկ զարգացող երկկողմանի հարաբերությունները, մասնավորապես, 2017թ. նոյեմբերին Մոլդովայի նախագահի՝ պատմության մեջ առաջին պաշտոնական այցը Հայաստան:
Իր կողմից պարոն Փաշինյանը հաստատեց, որ հայկական պատվիրակությունը մտադիր է աջակցել Եվրասիական տնտեսական միությունում Մոլդովայի Հանրապետությանը դիտորդի կարգավիճակ շնորհելուն»,-գրված է Դոդոնի ֆեյսբուքյան էջում:
Դոդոնը նաև գրել է, որ Փաշինյանի հետ խոսել է երկու ժողովուրդների միջև բարեկաման հարաբերությունների մասին, ինչպես նաև հաստատել է իր մասնակցությունը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին, որը կայանալու է հոկտեմբերին և նվիրված է Երևանի 2800-ամյակին:
«Բացի այդ ես Նիկոլ Փաշինյանին հրավիրել եմ այցելել Մոլդովա»,-հավելել է նա:
Հիշեցնենք, որ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ հանդիպմանը Փաշինյանն ասել էր, որ պետք է նոր թափ հաղորդել երկու երկրների տնտեսական գործակցությանը, քանի որ այն չի համապատասխանում քաղաքական գործակցության մակարդակին:
Պատրաստեց՝ ՎԻԿՏՈՐՅԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ