Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ովքե՞ր կարող են համարվել քաղբանտարկյալներ

Մայիս 14,2018 16:15

Քաղբանտարկյալ եզրույթը, որպես այդպիսին, առաջին անգամ սպառիչ մեկնաբանության է ենթարկվել և սահմանում գտել դեռևս 2001 թվականին Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղարության փորձագետների կողմից՝ ՀՀ-ում և Ադրբեջանում հնարավոր քաղբանտարկյալների ազատազրկման կապակցությամբ: Այդ շրջանում հարցի կարևորությունը պայմանավորված է եղել երկու երկրների կողմից ԵԽ անդամակցությամբ: Փորձագետների կողմից առաջ քաշված մոտեցումը վերահաստատվել է նաև 2012 թվականին՝ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի թիվ 1900(2012) բանաձևով[1]:

Ներկայումս, չնայած Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է ինչպես Եվրոպայի Խորհրդի, այնպես էլ միջազգային մի շարք կազմակերպությունների անդամ և, ըստ այդմ, ստանձնել է մարդու իրավունքների պաշտպանության լուրջ պարտավորություններ, սակայն որոշ զարգացումներ պահանջում են վերհիշել քաղբանտարկյալ եզրույթի բնութագրիչ չափանիշներն ու սահմանումը:

Այսպես, ազատությունից զրկված անձը կարող է համարվել քաղբանտարկյալ՝

1.Եթե ազատությունից զրկումը կիրառվել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայով սահմանված հիմնարար իրավունքների խախտմամբ, մասնավորապես՝ մտքի, խղճի ու կրոնի ազատության, արտահայտվելու և տեղեկություն ստանալու ազատության, ինչպես նաև հավաքների ազատության խախտմամբ,

2.Եթե ազատազրկումը կիրառվել է միմիայն (purely) քաղաքական պատճառներով, որևէ հանցանքի կատարման բացակայությամբ,

3.Եթե քաղաքական շարժառիթներով պայմանավորված՝ ազատազրկման տևողությունը կամ ազատազրկման պայմանները չեն համապատասխանում անձի կողմից կատարված հանցանքին, որում վերջինս ճանաչվել է մեղավոր կամ կասկածվում է,

4.Եթե քաղաքական շարժառիթներով պայմանավորված՝ այլ ազատազրկվածների հետ համեմատությամբ անձը պահվում է խտրական պայմաններում,

5.Եթե ազատազրկումը արդյունք է ակնհայտ անարդար դատաքննության, ինչը ունի քաղաքական շարժառիթներ

Հատկանշական է, որ տեռորիստական ակտերի համար ազատությունից զրկված անձիք քաղբանտարկյալ չեն կարող համարվել, եթե նրանց հետապնդումն ու հետագա դատապարտումը արդյունք է ներպետական օրենսդրությամբ սահմանված նման արարքների:

Միևնույն ժամանակ պետք է արձանագրել, որ անձը չի կարող համարվել քաղբանտարկյալ, եթե կատարել է՝

-Բռնությամբ ուղեկցված հանցագործություն անձանց նկատմամբ, բացի այն դեպքերից, երբ նման հանցագործությունը արդյունք է անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության,

-Եթե կատարել է ատելության հենքով պայմանավորված հանցագործություն անձի կամ շինության դեմ, կամ անձը բռնության կոչեր է արել ազգային, էթնիկական, ռասսայական, կրոնական կամ այլ հիմքերով պայմանավորված:

Ընդհանուր առմամբ, քաղբանտարկյալները բաժանվում են երկու խմբի: Առաջին խմբի մեջ են մտնում ավանդաբար խղճի բանտարկյալ համարվողները, ովքեր հետապնդումների են ենթարկվել իրենց ոչ բռնի գործողությունների համար:

Օրինակ, այս խմբի մեջ են մտնում իրենց մտքի ու դավանանքի արտահայտման, խաղաղ հավաքների մասնակցելու արդյունքում ազատությունից զրկված անձինք, կամ բացառապես մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված գործողությունների ի պատասխան վրա հասած ազատազրկման դեպքերի:

Երկրորդ խումբը ներառում է այն անձանց, ովքեր պետության կողմից ենթարկվում են հետապնդումների քաղաքական շարժառիթներով:

Նման դեպքերի օրինակներ են՝

-Ազատազրկումը կիրառվել է արդար դատաքննության իրավունքի խախտման արդյունքում,

-Ազատությունից զրկման որոշումը կայացվել է ապացույցների աղավաղման արդյունքում կամ հանցակազմի բացակայության պայմաններում կամ անձը ազատազրկվել է մեկ այլ անձի կողմից կատարված հանցանքի համար,

-Ազատազրկման տևողությունը կամ դրա պայմանները ակնհայտորեն անհամաչափ են այն արարքին, որի կատարման մեջ մեղադրվում է անձը կամ մեղավոր է ճանաչվել,

-Անձը ազատազրկվել է այլոց հետ համեմատությամբ խտրականության դրսևորմամբ:

Նշված դրսևորումներից որևէ մեկը՝ ուղեկցվելով պետական իշխանության քաղաքական շարժառիթներով, թույլ է տալիս քննարկել անձի քաղբանտարկյալ լինելու հարցը:

Խտրականության դրսևորմամբ ուղեկցվող դատական քննության և դրա արդյունքում վրա հասնող ազատազրկման մասին խոսելին, պետք է ուշադրություն դարձնել նաև «ընտրովի արդարադատության» դրսևորումներին:

Այսպես, «ընտրովի արդարադատությունը» իր դրսևորումը գտել է ինչպես ամերիկյան, այնպես էլ եվրոպական իրավական համակարգերում: Այս կոնցեպտի քննարկումը ուղղակիորեն կապված է օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքի հետ:

«Ընտրովի արդարադատության» իրավիճակները հանդիպում են այն դեպքերում, երբ ակնհայտորեն նման հանգամանքներում հետաքննությունը, դատավարությունն ու պատժի կիրառումը տարբերվում են մի շարք այլ գործերով ընթացող նույն փուլերից՝ պայմանավորված քաղաքական շարժառիթներով: Նման շարժառիթի բացակայության դեպքում, իշխանության գործողությունների բնույթը այլ է, օրինակ, անձը հնարավոր է, որ այլ պատիժ ստանար: Նման դեպքում էական չէ, թե անձը մեղավոր է, թե ոչ, որոշիչ հանգամանքը այն է, թե պատասխանատվության միջոցը այլ անձանց հետ համեմատությամբ խտրական կերպ է կիրառվել, թե ոչ: Ինչի համար անհրաժեշտ է նախ ցույց տալ, որ օրենքը անձի նկատմամբ կիրառվել է խտրականորեն:

Արդարադատության ընտրողական կիրառման գործոնը, ըստ այդմ, կարելի է որոշել նշանակված պատժի՝ նման այլ հանցագործությունների համար վրա հասած պատիժների հետ համեմատելու միջոցով:

Պետք է փաստել, սակայն, որ նույնիսկ վերը նշված հանգամանքների առկայության դեպքում, անձը չի կարող համարվել քաղաքական բանտարկյալ, եթե կատարել է բռնությամբ ուղեկցված հանցագործություն անձանց նկատմամբ կամ ատելության հենքով պայմանավորված բռնի գործողություններ: Ինչի պարագայում վրա հասած պատասխանատվությունը նրանց հակաօրինական գործողությունների տրամաբանական հետևանքն է:

Հարկ է նշել նաև, որ անձին որպես քաղբանտարկյալ բնորոշելիս վերջինիս բնութագրումն ու անձնական հատկանիշները էական դեր չեն կարող ունենալ: Էական չէ նաև այն հանգամանքը, թե նա ընդդիմադիր ակտիվ գործիչ է, իրավապաշտպան, լրագրող, թե այլ հանրային կերպար: Այս հարցում կարևորը անձի կատարած արարքն է, ինչում նա մեղադրվում է, պետության արձագանքն ու իշխանության կողմից ձեռնարկած քայլերի իրական շարժառիթները:

Սոսկ այն հանգամանքը, որ անձը քաղաքական ընդդիմադիր է, բավարար հիմք չի կարող հանդիսանալ վերջինիս որպես քաղբանտարկյալ որակելու համար, նույնիսկ եթե նա ազատազրկված է և դա հանրության մեջ բողոքի ալիք է բարձրացրել:

Վերջում պետք է նշել, որ ազատությունից զրկված անձանց քաղբանտարկյալ որակելու հարցում մարդու իրավունքների պաշպանությամբ զբաղվող կազմակերպությունների դերը, ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային, այդ գործերի և կոնկրետ անձի կապակցությամբ հիմնավորված և հետևողական քայլերի ներկայացումն է՝ իրավական մեխանիզմով և օրենքով սահմանված կարգով արդարադատության վերականգնման և տվյալ անձի հիմնարար իրավունքների պաշտպանության նպատակով:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

[1] https://semantic-pace.net/tools/pdf.aspx?doc=aHR0cDovL2Fzc2VtYmx5LmNvZS5pbnQvbncveG1sL1hSZWYvWDJILURXLWV4dHIuYXNwP2ZpbGVpZD0xOTE1MCZsYW5nPUVO&xsl=aHR0cDovL3NlbWFudGljcGFjZS5uZXQvWHNsdC9QZGYvWFJlZi1XRC1BVC1YTUwyUERGLnhzbA==&xsltparams=ZmlsZWlkPTE5MTUw

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031