Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կաթի գնից դժգոհող լոռեցի ֆերմերները փակել են Վանաձոր-Երեւան ճանապարհը. «Պահանջում ենք, որ կաթի գինը չսարքեն ջրի գին»

Մայիս 14,2018 15:52

Այսօր Լոռու մարզի մի քանի համայնքների բնակիչները փակել էին Վանաձոր-Երեւան ճանապարհը: Նրանք դժգոհում էին վերջին շրջանում կաթի գնի նվազումից. «Վարկ ենք վերցրել, կաթի գինն էլ չի համապատասխանում, որ վարկը փակենք: 2 օրվա մեջ 180 դրամից գինը հասավ 130 դրամ: Ժողովուրդը չի կարողանում այդ վարկերի տակից դուրս գալ»,- մեզ հետ զրույցում ասաց Դարպաս համայնքի բնակիչ Անուշավան Ավետյանը:

Հովհաննես Եղիազարյանն էլ Լեռնապատ համայնքի բնակիչ է: Դժգոհում է՝ կաթի գինը նվազել է, սակայն շուկայում վաճառվող կաթնամթերքի գինը մնացել է անփոփոխ. «600.000 դրամով կով եմ առել, որ պետք է կաթը հանձնեմ, վարկերս փակեմ: Բայց հիմա, որ 130 դրամ դարձավ, մենք ինչքան պետք է կովը պահենք, որ կարողանանք տոկոսները փակենք: Թող մեզ պատասխան տան, թե ինչի համար է այդքան իջել: Բայց շուկայում էլ կաթնամթերքի գինը՝ թթվասերը, պանիրը, որ իրենք վաճառում են՝ նույնն ա, չի էժանացել, մենակ մեր կաթի գինն է իջել»:

Գյուղացիների խոսքով՝ կաթի մթերման գինը վերջին 20 օրվա ընթացքում իջել է մի քանի անգամ ՝ 180 դրամից հասնելով 130 դրամի. «Իրենք հնարավորություն ունեն, որ կաթը չվերցնեն: Եթե չվերցնեն, մենք էլ ոչ մի բան չենք կարող անել, 1 կամ 2 լիտր չի, ստիպված տալիս ենք, որ չմնա փչանա: Իրենք էլ առիթն օգտագործում են եւ գինն էժանացնում: Մի քանի կազմակերպություն են, որ մենք հանձնում ենք: Իրենք իրար հետ հավաքվում են, խորհրդակցում, եւ բոլորը միաժամանակ իջեցնում են գինը: Հիմա մենք ճանապարհը փակել ենք, որ մեր հարցին մեկը պատասխան տա, ու էս շուկան վերահսկեն: Պահանջում ենք, որ կաթի գինը չսարքեն ջրի գին: Նույնիսկ հոսող ջրի գինն էլ էդքան էժան չի»:

Մինչ ճանապարհը փակելը գյուղացիները հավաքվել էին Լոռու մարզպետարանի դիմաց: Նրանց խոսքով՝ իրենք մարզպետարանից ոչ մի հստակ պատասխան չեն ստացել, այդ իսկ պատճառով որոշել են փակել միջպետական ճանապարհը:

Հավաքվածներին մոտեցավ նաեւ Լեռնապատ համայնքի ղեկավար Սարիբեկ Աբազյանը. «Եկեք հարցը սկզբից դնենք քննարկման, եթե չլուծեն, նոր հետո ճանապարհը փակենք: Ճիշտն այն է, որ վերահսկեն, կարգավորեն, որ կաթի գինը մնա նույնը: Որ ըստ քմահաճույքի գինը չիջնի կամ բարձրանա, մնա մի թվի վրա, որպեսզի գյուղացին իմանա: Ես այս հարցով այսօր դիմել եմ մարզպետարան, որպեսզի այն բարձրացնեն նաեւ վերին ատյաններում»:

Մի քանի ժամ ճանապարհը փակելուց հետո գյուղացիները որոշեցին բացել այն: Նրանց հետ կապ հաստատեցին նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից, վստահեցնելով, որ խնդիրն իրենց ուշադրության կենտրոնում է: Իսկ դրա լուծման մասին բնակիչներին կտեղեկացնեն:

Գյուղացիներն էլ իրենց հերթին տեղեկացրեցին, եթե խնդիրը լուծում չստացավ, կրկին փակելու են ճանապարհները:

https://www.facebook.com/aravot.am/videos/1988585974493241/

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031