«Մենք Հայաստանին դիտարկում ենք որպես մեր տարածաշրջանային գործընկերոջ: Դա վերաբերում է տնտեսության, անվտանգության ոլորտներին»,-Սոչիում Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետին ասաց ՌԴ նախագահը:
Վլադիմիր Պուտինը հույս հայտնեց, որ հայ-ռուսական հարաբերությունները կզարգանան, ինչպես մինչ օրս է եղել. «Մենք ակտիվ աշխատելու ենք նաեւ միջազգային կառույցներում՝ սկսած ՄԱԿ-ից, վերջացրած տարածաշրջանային տնտեսական-անվտանգային կառույցներով ու կազմակերպություններով»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ համոզմունք հայտնեց, որ Հայաստանը մեծ էներգիայով պատրաստ է նոր խթան հաղորդել հայ-ռուսական տնտեսական, քաղաքական եւ առեւտրաշրջանառության ոլորտներին:
Փաշինյանն ընդգծեց, որ ակտիվանան նաեւ հայ-ռուսական զբոսաշրջային կապերը. «Հայաստանը շատ ռուս զբոսաշրջիկների է ընդունում: Դա շատ հաճելի փաստ է, կարծում եմ՝ Հայաստանը շատ է դուր գալիս ռուսաստանցի զբոսաշրջիկներին»:
Նիկոլ Փաշինյանը նաեւ նշեց՝ Հայաստանում տպավորված են Մոսկվայում մայիսի 9-ին կայացած տոնական շքերթով:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ