«Վստահել ենք այդ մարդուն, որ ինքը լինի վարչապետ, պետք է վստահենք նաեւ կառավարության ձեւավորման խնդրում»,-այսօր, «Արմենպրես» մամուլի սրահում խոսելով նոր ձեւավորված կառավարության կազմի մասին`ասաց «Մարդկային զարգացման կենտրոնի» նախագահ, ՀՀ նախագահի խորհրդական Թեւան Պողոսյանը`հավելելով, որ մեր եղած հնարավորություններում Նիկոլ Փաշինյանը փորձել է ձեւավորել այն թիմը, որն առաջ կտանի տեսլականը, որն ինքը պատկերացրել է:
Ամեն դեպքում, նա դրական է վերաբերվում կատարվողին`նոր շունչ կա, եկել են երիտասարդներ, որոնք համակարգի մաս չեն եւ կաշկանդված չեն տարբեր կապերով: «Անձերի քննարկման դաշտն ինձ չի հետաքրքրում: Գլխավորը`նպատակային ծրագիրը եւ առաջարկվող գործողություններն են, որոնք հիմնված են լինելու արդյունքի վրա: Եկեք դուխով գնանք առաջ»,- ասաց նա:
Այլ մանրամասները`տեսանյութում
Նոր կառավարության առաջնահերթություններից Թեւան Պողոսյանը համարում է արտահերթ ընտրություններ կազմակերպելուն միտված ջանքերը. «Ազնիվ, արդար, հավասար պայմաններում նոր ընտրություններ կատարվեն եւ նոր ճանապարհ ընկնենք»: Բայց, ասում է, այդ ամենի համար անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ, վերացնել կոռուպցիոն պայքարի հիմքերը`ԸՕ-ում, Կառավարության մասին օրենքում, ընտրական ինստիտուտների փոփոխություններ, հետաքննող ինստիտուտների հիմնում, որոնք կպայքարեն կաշառքի դեմ, դատական ինստիտուտների կայացում: Նաեւ հավելում է, եթե մեկ կամ մի քանի ամսում այս բոլոր օրենքները գրվեն, չի նշանակում, որ փոփոխությունն ընկալվել են: Ինքն ուրախ կլինի, որ այս ընթացքում քաղաքական ուժերն էլ քննարկումներ ծավալեն եւ հանրությանը ասեն`պատրաստ են բարեփոխման. «Դրա ձեւը միայն լայվը չի, քաղաքական ուժերը պետք է հաղորդակցվեն հանրության հետ եւ իրենց անելիքները տեղեկացնեն: Նախորդ կառավարության խնդիրը այս երկխոսության բացակայությունն էր, որ արդյունք չեղավ»:
Aravot.am-ի հարցին`երբ պետք է ակնկալել արտահերթ ընտրություններ, քանզի, տեսակետ կա, որ եթե դրանք շատ ձգվեն, ապա Նիկոլ Փաշինյանի եւ իր կառավարության վարկանիշը կընկնի, իսկ ՀՀԿ-ն վերարտադրության փորձեր կանի, Թեւան Պողոսյանը պատասխանեց. «Եթե խնդիրն այն է, որ մենք այսօր այնպիսի ընտրություն ունենանք, որ Նիկոլ Փաշինյանը գա վարչապետ, կարելի է վաղն էլ անել: Բայց Նիկոլ Փաշինյանը ոնց որ ասում էր`նպատակն այլ է`ձերբազատվել նախկին արատներից»:
Թեւան Պողոսյանի համար էական է, թե արտահերթ ընտրությունների արդյունքում նորից անձ ենք ընտրելու, թե՞ ծրագիր: Ուստի, ժամկետների մասին չի խոսում, քանի որ դա խայծ է դառնում: Թող քաղաքական ուժերը պատրաստվեն, երկխոսեն միմյանց եւ հանրության հետ:
Ինչ վերաբերվում է որեւէ մեկի վարկանիշն ընկնել կամ բարձրանալուն, Թեւան Պողոսյանն ասում է. «Ռեյտինգը օդից չի ընկնում, լավ կամ վատ աշխատելուց է ընկնում, եթե մեր կառավարությունը լավ է աշխատելու, ինչի՞ պիտի իրենց ռեյտինգն ընկնի: Կարող է այնքան լավ են աշխատում, որ գնում ենք բոլորս ՔՊ-ին ենք անդամագրվում»: Բանախոսը հուսով է, որ մենք այնպիսի փոփոխության փուլ ենք մտել, որ հանրությունը միայն մի քանի շաբաթ չի պահանջատեր լինելու, այլ միշտ ենք պահանջատեր լինելու:
Ստեղծված իրավիճակում, նա ասում է`նաեւ ԱԺ-ի փոփոխությունը կտեսնենք դրական իմաստով, քանի որ ունենալու ենք ընդդիմություն, որն ունի մտավոր կարողություններ, կառավարման փորձ: Հույս ունի, որ շատ արագ մեկ այլ «մեծամասնություն» չի ձեւավորվի եւ չի լինի փոքրիկ ընդդիմություն, որը ոչինչ անել չի կարող. «Այս ամենը հուսամ, կբերի նրան, որ դատական իշխանությունն էլ կդառնա իշխանություն, ոչ թե հեռախոսազանգեր սպասարկող»:
Հարց հնչեց`սոցցանցերում արդեն եղան մաքսային ինստիտուտների լավ աշխատանքի մասին գրառումներ, նաեւ զինվորներն էին գրել դրական տեղաշարժերի մասին: Թեւան Պողոսյանն ասաց. «Ինձ համար խնդիրն այն է`արդյոք դա անշրջելի կլինի»:
Մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ