Aravot.am-ին էին դիմել Կենտրոն վարչական շրջանի Ա. Շավարշյանի անվան հ. 40 հիմնական դպրոցի մանկավարժական կոլեկտիվը և ծնողական խորհուրդը: Տեղեկացրել էին, որ 2018 թ. ապրիլի 14-ին լրացել է իրենց դպրոցի տնօրեն Հռիփսիմե Դավթյանի 65 տարին, և որոշման համաձայն՝ նա 16.04.2018թ. ազատվել է աշխատանքից: Նրանք մտավախություն ունեն, որ դպրոցի տնօրեն կարող է դառնալ ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանի մորաքույրը, մինչդեռ իրենց ցանկությունն է, որ տնօրեն դառնա դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, 28 տարվա մանկավարժական փորձ ունեցող, բանասիրական գիտությունների թեկնածու, դպրոցի 22 տարվա ուսմասվար Լիանա Մուրադյանը, որն ունի ղեկավարման իրավունքի հավաստագիր:
Aravot.am-ը մեկնաբանության համար կապվեց Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանի հետ: «Այս պահին դպրոցում որպես ժամանակավոր պաշտոնակատար աշխատում է փոխտնօրենը: Շուտով կհայտարարվի մրցույթ, եւ ով որ ունի համապատասխան փաստաթղթեր ու հավաստագիր, կմասնակցի մրցույթին: Թե ո՞վ կլինի, այս պահին ասել չենք կարող: Գուցե լինի մեկ հավակնորդ կամ մի քանիսը, այս պահին դեռ պարզ չէ»,- ասաց վարչության պետը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` դպրոցի կայքից: