Կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը վաղն առավոտյան կայցելի Գյումրի՝ Շիրակի պետական համալսարանում 9 ամիս առաջ սկիզբ առած կրքերին վերջ դնելու նպատակով։
Նախարարն իր այցի մասին հայտնել է ֆեյսբուքյան էջում՝ գրելով.
«Վաղն առավոտյան կայցելեմ Գյումրի՝ Շիրակի պետական համալսարանում առաջացած խնդիրներին լուծում տալու համար: Կողմերին կոչ եմ անում ցուցաբերել հանդարտություն, վստահ եմ՝ վաղը կունենանք հանգուցալուծում: Շիրակի պետական համալսարանը չի կարող մնալ նման անորոշ վիճակում: Պետությունը դա չի կարող թույլ տալ»:
Հիշեցնենք, որ բուհի՝ աշխատանքից ազատված աշխատակիցները, նաև որոշ բաժինների ուսանողներ պահանջում են ՀՀԿ-ական ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականը, որը, սակայն, իր հերթին պարզաբանում է, որ չի պատրաստվում հրաժարական ներկայացնել «տիկին Ֆարմանյանի, պարոնայք Համբարյանի ու Խորիկյանի պատվերով»:
Հիշեցնենք, որ վերջերս պաշտոնազրկվել է նաև բուհի պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը՝ Սամվել Ֆարմանյանի քույրը, որը ևս, ինչպես և բուհի նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանը, միացել էին ցուցարարներին։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Նախարարի լուսանկարը՝ նրա ֆեյսբուքյան էջից