ՀՀ նախագահի խորհրդական, «Մարդկային զարգացման կենտրոն» կազմակերպության նախագահ Թեւան Պողոսյանը նախկին եւ ներկա պաշտոնյաներին հորդորում է`երկխոսելու մշակույթ ստեղծել`ոչ մամուլի միջոցով: Այսօր «Արմենպրես» մամուլի սրահում, Aravot.am-ի հարցին`պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն օրերս անդրադարձել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի`Արցախում արած հայտարարություններին. Վիգեն Սարգսյանի նշած հակասություններն առկա՞ են, թե՞ նախկին պաշտոնյայի մեջ խանդն է խոսում, Թեւան Պողոսյանն ասաց, որ վստահ է`Նիկոլ Փաշինյանն ունի իր տեսակետներն առաջ տանելու մեխանիզմներ: «Եկեք չքննարկենք`էս է եղել, այն է եղել: Եկեք ապրենք սիրո եւ հանդուրժողականության մթնոլորտում: Եթե զգում եք, որ հանդուրժողականության բաժակը լցվել է, եկեք այդ բաժակը թափենք, հիշենք, որ սեր կա»:
Հիշեցնենք, Վիգեն Սարգսյանը շեշտադրել էր այն, որ Նիկոլ Փաշինյանը, փաստորեն ՀՀ-ն հակամարտության կողմ է համարում, ինչը մինչ օրս չի եղել հայկական կողմի վարած քաղաքականության մեջ: Նաեւ`ասել էր, որ բանակցություններում խաղաղապահների հարց երբեք չի եղել:
Վիգեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին «մեղադրել» էր բանակցային մանրամասներին իրազեկ չլինելու մեջ: Այսօր հոդվածով հանդես է եկել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը` նա էլ իր հերթին է Վիգեն Սարգսյանին անտեղյակության մեջ մեղադրել:
Թեւան Պողոսյանը հորդորում է գործիչներին`երկխոսել ոչ մամուլով եւ փոխադարձ մեղադրանքներով:
Ինչ մնում է խաղաղապահների հարցին, Թեւան Պողոսյանն ասաց. «Լավագույն խաղաղապահն իմ տղան է, որ այսօր առաջնագծում է»:
Մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ