Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կառավարության անդամները մարդկանց համար «կինդեր սյուրպրիզներ» են. Երվանդ Բոզոյան

Մայիս 14,2018 14:18

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի կարծիքով՝ Ռուսաստանը միշտ էլ վարել է «մահակի և բլիթի» քաղաքականություն բոլոր երկրների հետ, այդ թվում նաև ԵԱՏՄ-ի երկրների հետ:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով «Ռոսնեֆտ»-ի մամուլի քարտուղար Միխայիլ Լեոնտևի հայտարարություններին՝ պարոն Բոզոյանն ասաց. «Լեոնտևը կոպիտ էր արտահայտվել, քանի որ այսօր ՌԴ-ի պետական քաղաքականությունը ճանաչում է հայաստանյան իշխանությունը, ուստի, բնականաբար, Լեոնտևը չէր կարող չխմբագրել իր խոսքը և նա դա արեց»:

Անդրադառնալով Միխայիլ Լեոնտևի հնչեցրած ներողությունը՝ քաղաքագետն ասաց. «Ռուսական քաղաքական վերնախավը մտահոգված էր, որ Հայաստանում փոփոխությունները կարող են վտանգել Ռուսաստանի շահերը Հայաստանում: Սա ոչ միայն Լեոնտևի, այլև բազում քաղաքագետների և ուժային կառույցների տեսակետն էր, որոնք ուղղակի չէին արտահայտվում, բայց Լեոնտևն արտահայտեց այն, ինչ նրանք մտածում էին»:

Անդրադառնալով Պուտին-Փաշինյան հանդիպմանը՝ պարոն Բոզոյանն այն բնութագրեց ճանաչողական և հայտնեց, թե ոչ մի արտառոց բան սպասել չարժե այդ հանդիպումից:

Խոսելով ներքաղաքական զարգացումներից՝ մասնավորապես նոր կառավարության նշանակումից, պարոն Բոզոյանը հայտնեց, թե իր համար կարևոր են ոչ թե կառավարությունում նշանակված անձինք առանձին վերցված, այլ այն, թե ինչ ծրագրով են հանդես գալու, ինչ քայլեր են անելու իշխանությունները. «Կարևոր է, որ առաջին անգամ մենք ձևավորենք նորմալ էլեկտրոնային համակարգ, պետք է ԸՕ-ում փոփոխություններ իրականացվեն, այդ ռեյտինգային ընտրակարգը պիտի հանվի, պետք է կուսակցության մասին նոր օրենք ընդունվի, ընտրակաշառքների դեմ խիստ օրենքներ ընդունվեն: Մարդիկ պիտի հասկանան, որ ընտրակաշառքը վերջնականապես դուրս է եկել մեր կյանքից: Անպայման մինչև ընտրությունները պետք է բաց թողնվեն քաղբանտարկյալները: Բազում հնարավորություններ կան այս մթնոլորտում այդ մարդկանց խնդիրները լուծելու համար իրավական շրջանակներում: Այդ մարդիկ իրենց խղճի համար են նստած եղել»:

Ըստ Երվանդ Բոզոյանի՝ վերջին 25 տարվա ընթացքում իշխանություն ձևավորելու սկզբունքները չեն փոխվել. «Մեծ հաշվով խաղի կանոններ չեն փոխվել: Մարդը եկել, իր թիմն ու ընկերներին է բերել, որը ՀՀ ստանդարտների մեջ հասկանալի երևույթ է: Հանրության համար ճիշտ կլիներ, որ կառավարության անդամները լինեին հանրային գործիչներ, հանրության կողմից ճանաչված լինեին և վաստակած լինեին այդ պաշտոնը, և որ մարդիկ հարգեին նրանց: Թեև հանրությունն իրականում այդ երիտասարդներից ոչ մեկին չի վստահում, բայց քանի որ վստահում են Նիկոլ Փաշինյանին, ավանսով վստահում են նաև այդ անձանց: Ուստի հանրությունն այդ անձանցից ակնկալիքներ չունի, նրանք մարդկանց համար «կինդեր սյուրպրիզներ» են: Բայց փորձը ցույց տվեց, որ այս մեթոդն իրեն չի արդարացնում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031