Թուրքական մամուլում ակտիվորեն լուսաբանվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ աշխարհահռչակ պոլսահայ տնտեսագետ Տարոն Աջեմօղլուի հետ ունեցած հեռախոսազրույցը:
Հայաստանի տնտեսության վերականգնմանն աջակցելու համար Աջեմօղլուին Հայաստան հրավիրելու Փաշինյանի նախաձեռնության մասին լուրերը հաղորդվում են ուշագրավ վերնագրերով:
Թուրքական առաջատար «Hurriyet» պարբերականի կայքում թեմայի վերաբերյալ հրապարակումը ներկայացվել է «Աջեմօղլուն է փրկելու Հայաստանը» վերնագրով:
Ընդդիմադիր «T24.com.tr» լրատվական կայքը լուրը հաղորդել է «Աշխարհի առաջատար տնտեսագետներից Աջեմօղլուն կկարգավորի Հայաստանի տնտեսությունը» վերտառությամբ:
Հետաքրքրական է նաև թուրքական «Ekonomihaber.com» տնտեսական ուղղվածությամբ կայքի հրապարակման վերնագիրը՝ «Հայաստանի վարչապետի օգնության կանչն Աջեմօղլուին»:
Մեկ այլ տնտեսական պորտալ էլ (ekonomi7.com) Աջեմօղլուի՝ Հայաստան կատարելիք այցի վերաբերյալ լուրը հաղորդել է հետևյալ վերտառությամբ՝ «Աջեմօղլուն թևքերը քշտել է Հայաստանի տնտեսության համար»:
«Աջեմօղլուն գնում է փրկելու Հայաստանի տնտեսությունը» գրում է «Milliyet» թերթի կայքը:
Թուրքական ազգայնական «Yeni çağ» թերթի կայքն էլ թեմայի վերաբերյալ լուրը հրապարակել է «Քեմալ Դերվիշի մոդելը Հայաստանում» վերտառությամբ:
Քեմալ Դերվիշը հայտնի թուրք տնտեսագետ և քաղաքական գործիչ է: Նա երկար տարիներ աշխատել է Համաշխարհային բանկում: 2000թ տնտեսական ճգնաժամից հետո իշխանությունների կողմից հրավիրվել է Թուրքիա: Նրա մշակած տնտեսական քաղաքականության շնորհիվ Թուրքիան տնտեսական ճգնաժամը հաղթահարեց նվազագույն վնասով: 2001-2002թթ զբաղեցրել է Թուրքիայի Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը, 2005-2009թթ ղեկավարել է ՄԱԿ–ի Զարգացման ծրագիրը:
Թեմայի վերաբերյալ Հայաստանի վարչապետի ֆեյսբուքյան գրառումը մեջբերած թուրքական լրատվականները հիշեցրել են, որ Ստամբուլում ծնված և Գալաթասարայի վարժարանն ավարտած, ապա Լոնդոն տեղափոխված Աջեմօղլուն աշխարհի ամենահայտնի 10 տնտեսագետներից մեկն է:
Նախօրեին ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ֆեյսբուքյան էջում կատարած գրառումը.
«Հենց նոր հեռախոսազրույց ունեցա հայազգի աշխարհահռչակ տնտեսագետ Դարոն ԱՃեմօղլուի հետ:
Նա ասաց, որ պատրաստ է աջակցել Հայաստանին՝ տնտեսությունը վերականգնելու և զարգացնելու հարցում:
Պարոն Աջեմօղլուն ընդունեց Հայաստան այցելելու իմ հրավերը: Այցի ժամկետները կճշտվեն առաջիկայում»:
Աղբյուր` Ermenihaber.am