Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արցախում ոստիկանների կողմից արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արժանացած Ասյա Խաչատրյանի գործը քննում է ՀՀ ՀՔԾ-ն, բայց հոգեբանական ծառայության համար ուղղորդում են դիմել Արցախի իշխանություններին

Մայիս 14,2018 14:09

Այս տարվա փետրվարին Արցախի ոստիկանությունում արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արժանացած Ասյա Խաչատրյանի հաղորդման հիման վրա ՀՀ Գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչությունում 2018 թ. ապրիլի 3-ին քրեական գործ է հարուցվել: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ Հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն իրականացնելու նպատակով: 2018 թ. փետրվարին Ստեփանակերտի ոստիկանության աշխատակիցները Ասյային հետապնդել են 3 օր շարունակ, Ասյայի փոխանցմամբ` տարբերվող արտաքինի և փողոցում ծխելու պատճառով: Ոստիկանները նախ մոտեցել են ուշ երեկոյան Ստեփանակերտի փողոցներում զբոսնող Ասյային, պահանջել անձը հաստատող փաստաթուղթ, իսկ հաջորդող երկու օրերին գնացել են նրա բնակարան, խուզարկել այն, և Ասյային տարել ոստիկանություն, որտեղ նրա նկատմամբ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել, վիրավորել ու բռնություն գործադրել:

Ասյա Խաչատրյանը ՀՀ Գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել 2018 թ. փետրվարի 23-ին, իսկ մարտի 29-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել նաև ՀՀ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում: ՀՀ Գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության ավագ դատախազ Հ. Պետրոսյանը 2018 թ. ապրիլի 3-ին քրեական գործ է հարուցել ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով (բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելը): Ասյա Խաչատրյանի իրավունքների պաշտպանությունն ստանձնել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը: Նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը ՀՀ գլխավոր դատախազ Ա. Դավթյանին և ՀՀ արդարադատության նախարար Դ. Հարությունյանին դիմել է նաև Ասյա Խաչատրյանին հոգեբանական ծառայություն տրամադրելու հարցով:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արտակ Ասատրյանը 2018 թ. մայիսի 4-ին թվագրված պատասխանում նշել է, որ հոգեբանական ծառայությունների հնարավոր մատուցման համար անհրաժեշտ է դիմել Արցախի Հանրապետության իշխանություններին, քանի որ դեպքը այնտեղ է տեղի ունեցել: Հետաքրքիր է, որ Հայաստանի քաղաքացու նկատմամբ Արցախի ոստիկանների կողմից արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արժանանալու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվում ՀՀ Գլխավոր դատախազությունում, սակայն ՀՀ Արդարադատության նախարարությունը հրաժարվում է հոգեբանական աջակցություն տրամադրել այդ նույն քաղաքացուն և ուղղորդում դիմել Արցախի Հանրապետության իշխանություններին: ՀՀ Գլխավոր դատախազությունից դեռևս պատասխան չենք ստացել:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031