Նոր իշխանությունից ժողովրդի սպասելիքներն այսօր ոչ միայն մեծ են ու պահանջատիրական, այլև հիմնված են խորը հավատի վրա: Այս պայմաններում նոր կառավարությունը պետք է պատասխանատվության հետ միասին նաև առավել կարևոր՝ ժողովրդի ապրումներն առաջնային կիսողի դերը ստանձնի: Մեր նման փոքր բնակչությամբ երկրներում, որտեղ բոլորն իրար գիտեն, միջանձնային հորիզոնական կապերը շատ ամուր են։ Ազգակցական, բարեկամական և ընկերական ներազդեցություններն իշխանության ներկայացուցիչների վրա ֆինանսական, կադրային և այլ կարևոր հարցերում ավանդաբար եղել են որոշիչ գործոններ։ Սա նաև երկրում առկա կոռուպցիայի ամենաբարենպաստ պատճառներից մեկն է։ Լուծումը միակն է․ մտերիմների պրեսինգը նոր իշխանության ներկայացուցիչների վրա պետք է վերացնել։
Հիշում եմ հարևան երկրում կրկին հեղափոխական ալիքի վրա երկրի քաղաքական պատասխանատվությունը ստանձնած ուժի լիդերների՝ այս հարցին դրսևորած վերաբերմունքը։ Նրանք ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ հաստատակամ հորդորով դիմեցին իրենց բոլոր մերձավորներին՝ խնդրելով և պահանջելով նրանց որևէ անձնական հարցով իրենց չդիմել։ Նրանք հայտարարեցին, որ միևնույն է, որևէ միջնորդություն չեն ընդունելու, փոխարենը վտանգվելու են հարազատական հարաբերությունները, նաև՝ իրենց քաղաքական թիմի հեղինակությունը։ Դրա արդյունքում քաղաքական թիմի անդամներին ուղղվող միջնորդություններն ու խնդրանքները դարձան եզակի, գրեթե իսպառ վերացան։
Այս խնդիրը մեր երկրում ևս պետք է լուծել՝ վերացնելով նոր թիմի արդյունավետ աշխատանքի լուրջ և վտանգավոր այս խոչընդոտը:
Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՀՀ արդարադատության նախկին նախարար