Կրթության ոլորտի մասնագետները բարեփոխումների փաթեթ են մշակել, որն առաջիկայում ներկայացնելու են նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Հոդված 3» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանը նրանք ներկայացրին նոր կառավարությանն ուղղված առաջնահերթ խնդիրները եւ ակնկալիքները:
Քաղաքագետ Վահրամ Սողոմոնյանը հայտարարեց՝ Երեւանում անվճար մանկապարտեզներ կան, իսկ մարզերի բնակիչների մի մասն անվճար նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորություն չունի: «Նոր կառավարությունը պետք է խոստում տա, որ մեկ տարում ՀՀ բոլոր մանկապարտեզները պետք է լինեն անվճար: Հեռավոր մարզի ամեն քաղաքացի պետք է ունենա այդ հնարավորությունը: Մենք առաջարկելու ենք ֆինանսական աղբյուրների վերաբաշխման միջոցներ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի իրականացնել անվճար ուսուցման սկզբունքը»,-նշեց Վահրամ Սողոմոնյանը: Նա հավելեց, որ նոր կառավարությունը պետք է աշխատի նաեւ կրթության ոլորտի ֆինանսավորումն ավելացնելու ուղղությամբ:
«Կրթական քաղաքացիական նախաձեռնության» անդամ Լուսինե Խառատյանն ասաց, որ մանկապարտեզներն անվճար դարձնելը երկու կարեւոր խնդիր կլուծի. «Բոլոր երեխաներին հավասար հնարավորություններ կընձեռվեն, իսկ մայրերը հնարավորություն կունենան ընդգրկվել աշխատաշուկայում»: Պետք է իրականացնել նաեւ կրթական ծրագրերի աուդիտ՝ պարզելու համար, թե դրանց ծախսերը որքանով են եղել նպատակային եւ արդյոք կոռուպցիոն գործողություններ եղե՞լ են, թե՞ ոչ:
«Մեկ խնդիր էլ կա, որը միանգամից պետք է իրագործել՝ դպրոցներից հանել կաթողիկոսի կամ նախագահի նկարները, փոխարենը երեխաներին հնարավորություն տալ սեփական ընտրությամբ փակցնել ՀՀ սահմանադրության, դպրոցի կանոնադրության, երեխաների իրավունքների պաշտպանության կոնվենցիայից հատվածների պաստառներ»,-հավելեց Լուսինե Խառատյանը:
Կրթության ոլորտի ներկայացուցիչները համոզմունք հայտնեցին, որ նոր կառավարությունը պետք է ամրագրի իրավունքահեն կրթական համակարգ, որում հասարակության որեւէ ներկայացուցիչ՝ թե հաշմանդամություն ունեցող, եւ թե բռնության ենթարկված երեխա, չպետք է ունենա ներառականության խնդիր:
Կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանն էլ մատնանշեց, որ մանկապարտեզների աշխատողներն ամենացածր վարձատրությունն են ստանում, իսկ երեխաների մի մասն էլ չի հաճախում մանկապարտեզ. «Ցավոք, կրթությունը նպաստել է գերազանցիկներին ի հայտ բերելուն, որոնք հիմնականում հարուստների ընտանիքներից են: Այն ուսուցիչները, որոնք կցանկանան գյուղերում աշխատել, նախատեսում ենք, որ նրանց պետք է խրախուսել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ