Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լեհաստանաբնակ հայ գիտնականի խոսքը ադրբեջանցիները կեղծել են

Մայիս 14,2018 13:51

Սիլեեզիայի (Լեհաստան) համալսարանի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Հրայր Մաղաքյանը Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ադրբեջանական մամուլում հարձակումներ են սկսվել դեմ եւ աղավաղել «Առավոտին» տված հարցազրույցում հայտնած մտքերը:

«Ես պատահաբար գտա հոդվածը, քանի որ աշխատում եմ շատ մեծ մենագրության վրա, որը լույս կտեսնի 2019 թ. եւ վերաբերում է հայ-թուրքական կոնֆլիկտին` 21-րդ դարի ֆրանսալեզու եւ թուրքալեզու մամուլում: Այսինքն` ինչպես են ֆրանսալեզու եւ թուրքալեզու լրատվամիջոցները անդրադարձել թեմային: Մենագրության նախաբանում էլ գրել եմ, որ ադրբեջանական եւ թուրքական մամուլից եմ օգտվել: Երբ հոդվածներ էի որոնում, հանդիպեցի իմ անուն-ազգանունին, կարդացի ու առաջին պահին ապշեցի: Հետո սկսեցի ծիծաղել` ասացի, փառքդ շատ, Աստված, չմեռա, ադրբեջանցու համար այնքան վտանգավոր դարձա, որ խոսքերս են կեղծում: Այդ հոդվածում բառերս փոխված են: Ընդ որում, ես հարցազրույցում նշում եմ, թե որ լեհ հեղինակի խոսքից եմ մեջբերում անում, իսկ իրենք դա մոռանում են, փաստեր չկան, վերցնում են մեկ նախադասություն ու «վերլուծում»: Լավ կլիներ, որ հոգեվերլուծողները զբաղվեին այդ երեւույթով»,-ասում է Մաղաքյանը:

«Նման մի նախադասություն կա, որ Մաղաքյանը շատ է փորձել մնալ «չափի» մեջ եւ փայտն այդքան առաջ չտանել, քանի որ ապրում եւ աշխատում է Լեհաստանում… Ինչ ասես, երբ գիտես այդ ժողովրդին, որ 25 տարի ապրում է Ալիեւների միապետական դինաստիայի բռնակալական ձեռքի տակ: Նրանց հոգեբանության մեջ «նստած» է հետեւյալը` եթե մի բան սխալ ասեմ, ինձ կպատժեն…Այսինքն, իրենք չեն հասկանում, որ ես Լեհաստանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ եմ ու չեմ վախենում խոսելուց: Խոսքի ազատության իրավունք ունեմ: Եվ եթե ուզենամ ինչ-որ բան ասել այլ կերպ, ապա կասեմ: Փաստորեն, իրենց վախեցած բռնապետական տիրապետության տակ եղածի հոգեբանությունը պրոյեկտել են ինձ վրա: Դա արդեն ենթագիտակցական պրոցես է, ոչ թե գիտակցական»,-ասում է լեհաստանաբնակ հայ գիտնականը:

Ապա հավելում է. «Այսինքն ի՞նչ է նշանակում` Մաղաքյանը զգուշանում է փայտը երկարացնել, ի՞նչ, ուրեմն ինձ պետք է բռնեին-ծեծեի՞ն: Ընդ որում, ես լեհ հեղինակների եմ մեջբերել: Հետո Լեհաստանում շատ են այդ թեմաները արծարծվում, հոդվածներ են գրվում, ոչ մեկի մտքով չի անցնում մատի փաթաթան դարձնել կամ քննադատել այն միտքը, որ Արեւելքից հայերի կողմից Լեհաստան բերվեցին հագուստներ, ուտելիքներ…Շատ հաճույքով մարդիկ ընդունում են այդ ամենը: Ուղղակի խղճում եմ այն ժողովրդին (ադրբեջանցիներին-Գ. Հ.), որ ապրում է այդ բռնակալական տիրապետության պայմաններում եւ չի ընկալում, որ խոսքի ազատություն գոյություն ունի ուրիշ երկրներում…Միայն հայատյացությունը չէ, իրենք ընդհանրապես բարդույթավորված են»,-ասում է Հրայր Մաղաքյանը:

Նաեւ նորից մեջբերում է իր մասին հրապարակումից մի հատված, որտեղ հայերին համեմատել են հրեաների հետ. «Գրել են, որ հրեաներն ավելի մեծ քաղաքակրթություն են բերել, բայց այդ մասին չեն խոսում, իսկ հայերը տեսեք, թե ինչեր են ասում…Մտածում էի հակահոդված գրել, հետո հասկացա, որ բանավիճել կարելի է լուրջ հակափաստարկներ բերողի հետ: Իսկ եթե մեկը կեղծում է քո խոսքը, ամենալավը արհամարհելն է: Եվ ես հիմա չեմ զարմանում, թե ինչու են միջազգային ասպարեզում իրենք հաճախ պարտվում»:

Հրայր Մաղաքյանը նշում է. «Վերջերս մի գիրք կարդացի: Ամերիկացի դատավորներից մեկը, որի կինը թրքուհի է՝ գիրք է գրել` ապացուցելով, որ ցեղասպանություն չի եղել, ասում է` օրինակ, 1939թ. Հիտլերը հրեաներին արգելեց ունենալ ռադիո, բայց 1915-ին թուրքերը հայերին չարգելեցին: Եվ սա այն դեպքում, երբ 1915-ին Թուրքիայում ռադիո չկար, 1927-ին է եղել: Մի խոսքով, իրենք ապրում են ֆանտասմագորիայի պայմաններում, եւ կարեւորն այն է, որ մի բան հորինեն, հետո թե ինչ արդյունք կստացվի, էական չէ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031