Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ա. Ս.-ի հայրը հայտնել է, որ որդին սպանվել է, սակայն մահվան իրական հանգամանքների մասին տարիներ շարունակ լռել են, քանի որ իրենց սպառնացել են

Մայիս 14,2018 13:48

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ևս մեկ քրեական գործ:

Այսպես, հիշյալ քրեական գործի նյութերի համաձայն` Ա. Ս.-ն 1994թ.-ին 3 տարի ժամկետով դատապարտվել է ազատազրկման և պատիժը կրել Աբովյանի դաստիարակչական աշխատանքների գաղութում, սակայն 03.01.1995թ.-ին վերջինս նույն գաղութի քննչական մեկուսարանում մահացել է:

Ա. Ս.-ին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ Կոտայքի շրջդատախազությունում հարուցվել է քրեական գործ 1961թ.-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննության արդյունքում վարույթն իրականացնող քննիչը հիմնավորված է համարել, որ Ա. Ս.-ն ինքնասպանություն է կատարել, սակայն տվյալներ ձեռք չի բերել վերջինիս ինքնասպանության հասցնելու վերաբերյալ, ուստի 03.03.1995թ.-ին որոշում է կայացրել քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Վերը նշված դեպքի առնչությամբ 2018թ. փետրվարի 8-ին ՀՀ ոստիկանություն է դիմել Աբովյան քաղաքի անչափահասների և կանանց քրեակատարողական հիմնարկում այդ տարիներին որպես հսկիչ աշխատած Ա. Հ.-ն և հայտնել, որ անձամբ ականատես է եղել, թե ինչպես են նշված ՔԿՀ-ի պաշտոնատար անձինք ծեծելով սպանել Ա. Ս.-ին:

Ա. Ս.-ի հայրը ևս դատախազությանը հասցեագրած իր դիմումում հայտնել է, որ որդին սպանվել է, սակայն մահվան իրական հանգամանքների մասին ինքն ու ընտանիքի անդամները տարիներ շարունակ լռել են, քանի որ իրենց սպառնացել են:

Այսպիսով, նոր երևան եկած հանգամանքների արդյունքում ՀՀ գլխավոր դատախազի կողմից որոշում է կայացվել վերացնել դեռևս 1995թ. մարտի 3-ին Կոտայքի շրջդատախազության քննիչի կողմից կայացված՝ Ա. Ս.-ի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը, և 07.05.2018թ.-ին քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ Հատուկ քննչական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031