Շիրակի պետական համալսարանի վիճակը բարձիթողի է, այդ մասին օր առաջ բարձրաձայնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
ՇՊՀ-ում տիրող իրավիճակի մասին հրապարակումները բավարար են, որպեսզի այդ բուհում իրականացվի ամբողջական, անկողմնակալ գործառույթներ ԿՀ նախարարության և քննչական մարմինների կողմից:
Եթե ԿԳ-ի նորանշանակ նախարարի գործառույթների մեջ առաջնահերթություն է ստանում ՇՊՀ-ում տիրող իրավիճակի գնահատումը, ապա պետք է կարծել, որ այնտեղ թերապիան անզոր է, և այն անարդյունավետ միջոց կլինի բարձիթողի իրավիճակը շտկելու համար: Այստեղ տեղին է ասել, որ միայն վիրաբուժական միջամտություն է անհրաժեշտ` ռեկտորը Սահակ Մինասյանը պետք է հեռացվի և վերջ:
Մերժված ՀՀԿ-ի պարագայում աննպատակահարմար է մարզային կառուցի ղեկավարը պաշտոնավարի նաև ՇՊՀ-ում իբրև ռեկտոր: Կարծում եմ, սա լուրջ քաղաքական հիմնախնդիր է, որը անվերապահորեն լուծման կարիք ունի:
Ինչ վերաբերում է Սահակ Մինասյանի աշխատանքի գնահատականին, ապա տեղին է նշել, որ 9 տոննա գրադարանային ֆոնդը փողոց թափելը, բուհում երիտասարդ գիտնականների «ջարդ» կազմակերպելը, ֆինանսական չարաշահումներ կատարելը դառնում են նրա վարած քաղաքական գծի ածանցյալ:
Կարծում եմ, ոլորտի առջև ծառացած և բարձրաձայնած բազմաբնույթ հարցերի լուծման համար անհրաժեշտ է ժամանակ: Սակայն հուսով եմ, որ առաջնահերթությունների շարքում առանձնակի հրատապ է.
– դպրոցներում, քոլեջներում և բուհերում ավարտական քննությունների կազմակերպումը,
– բուհերի կառավարման խորհուրդների ձևավորման գործառույթում նոր օրինագծի մշակումը,
– բուհերում ուսխորհուրդների ձևավորման ապաքաղաքականացումը,
և իհարկե
– ՇՊՀ-ում ստեղծված բարձիթողի իրավիճակի գնահատումը և լուծումը:
Այսօր ևս խաթարված է բուհում ուսումնական պրոցեսի կազմակերպումը:
Գառնիկ Վաղարշակյան
Հայաստանի բուհերի արհեստակցական
կազմակերպությունների ճյուղային
հանրապետական միության նախագահ