Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Թավշյա հեղափոխությունը» ռուսական մամուլում

Մայիս 14,2018 12:53

Հայաստանում ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար, այժմ արդեն երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից մոտ մեկ ամիս առաջ սկսված հեղափոխական շարժումը ակտիվ լուսաբանվել է միջազգային, այդ թվում` ռուսական մամուլում:

Սակայն, ի տարբերություն արևմտյան լրատվամիջոցների, որտեղ շարժումը ներկայացվել է գլխավորապես խաղաղ և իր տեսակով բացառիկ հաջող շարժում, ռուսական մամուլում և հատկապես հեռուստաընկերություններում, տեղ են գտել շարժման նկատմամբ արհամարհանքի հասնող սկեպտիկ, երբեմն անգամ վիրավորական տեսակետներ, դիրքորոշումներ: Այնուամենայնիվ, պետք է նշել, որ ի տարբերություն, օրինակ, Հայաստանում ծավալված մեկ այլ բազմամարդ շարժման՝ «Էլեկտրիկ Երևանի», այս անգամ համեմատություններն ուկրաինական Մայդանի հետ զգալիորեն ավելի քիչ էին:

Ընդհանուր առմամբ, շարժման լուսաբանումը ռուսական, ինչպես և համաշխարհային ԶԼՄ-ներում, սկզբնական շրջանում բավականին պասիվ էր: Լուսաբանման ակտիվ փուլը սկսվում է ապրիլի 16-ից հետո, երբ Նիկոլ Փաշինյանն իր համախոհների հետ շարժվում է Բաղրամյան փողոցով դեպի Ազգային ժողովի շենք:

Մասնավորապես, ՏԱՍՍ գործակալությունը ապրիլի 17-իր հոդվածում հիմնականում անդրադարձել է Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելուն, և նրա կողմից հայ-ռուսական համագործակցությունը շարունակելու խոստմանը: Տեքստում հպանցիկ նշվում է, որ Սարգսյանի ընտրությունն անցկացվել է «ծայրահեղ ընդդիմության» բողոքի ցույցերի ուղեկցությամբ, տեղի է ունեցել ոստիկանության հետ բախում, ձերբակալվել է մոտ 80 մարդ:

Կրեմլին մոտ կանգնած «Վզգլյադ» թերթն ավելի հեռուն է գնացել՝ Հայաստանում ծավալված շարժման թիկունքում տեսնելով «գրանտակերների»: «Նոր հայկական մայդանը ճոճում են գրանտակերները» վերնագրով հոդվածում թերթը ենթադրում է, որ «փողոցային ընդդիմության հաղթանակի դեպքում Հայաստանը թշնամական դիրքորոշում կորդեգրի Ռուսաստանի նկատմամբ»:

Իր մեկ այլ՝ ապրիլի 25-ի հրապարակումը նույն թերթը վերնագրել է «Նիկոլ Փաշինյանն ի վիճակի է ոչնչացնել Հայաստանը»:  Մասնավորապես, թերթի զրուցակից Գլեբ Կուզնեցովը պնդում է, որ Փաշինյանը ցանկանում է գնալ կամ Սաակաշվիլիի ճանապարհով, կամ ուկրաինական մայդանի: Ընդ որում, նա առավել հավանական է համարում երկրորդ սցենարը, քանի որ «այդ մարդը ֆանատիկ է, որը կյանքում ոչ մի բանով չի զբաղվել, բացի նրանից, ինչ ինքը համարում է ճիշտ և ավելի լավ ապագա»:

«Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում էլ Դմիտրի Կիսելյովի շաբաթվա ամփոփման մեջ թեև առաջին հայացքից դրական ռեպորտաժներին՝ այնուամենայնիվ, հեղինակը կենտրոնանում է գործադուլների հետևանքով առաջացած բարդությունների վրա՝ ներկայացնելով եզակի ուղևորների դժգոհությունները, որոնք «ինչ-որ հերթական անցակետի» պատճառով ստիպված են օդանավակայանից ոտքով քայլել:

https://www.youtube.com/watch?v=LdeA1gYsq3Y

Հեղինակը նաև փորձում է ցույցերը ներկայացնել որպես զբոսաշրջությանը խոչընդոտող հանգամանք՝ ներկայացնելով միայն էքսկուրսավարներից մեկի դժգոհությունը:

Նույն ռեպորտաժում երկար և գեղեցիկ խոսելով հայկական խաղողագործության հինավուրց ավանդույթների մասին՝ լրագրողը Հայաստանի ամենաբանուկ՝ Արենիի տուրիստական կետերից մեկում գինեգործին հարցնում է՝ «ինչն է լավ՝ չաշխատե՞լ՝ գործադու՞լ անել, թե՞ աշխատել և գումար վաստակել: Հարցին գինեգործը պատասխանում է. «Իհարկե, աշխատել և գումար վաստակել: Եթե ամեն օր գործադուլ անեն, տնտեսությունը կանգ կառնի»:

Այնուհետև գինուց լրագրողը սահուն անցում է կատարում հայկական բաստուրմային, և ցույց տալիս, թե որքան դրական է անդրադարձել Հայաստանի տնտեսության վրա երկրի անդամակցությունը ԵԱՏՄ-ին:

Ռեպորտաժում թեև բացահայտ փորձ չկա Հայաստանում սկսված շարժումը ներկայացնել որպես Արևմուտքից ֆինանսավորվող, այնուամենայնիվ, հեղինակը իր ընտրած փորձագետների միջոցով հարկ է համարում ակնարկել, որ ԵԱՏՄ անդամակցությունից հետո Հայաստանը ավելի շատ դրամաշնորհներ է ստանում սորոսյան հիմնադրամից, իսկ դրանց նպատակն է սեպ խրել հայ-ռուսական հարաբերություններում:

Այնուհետև լրագրողը հասնում է մեր օրեր և հիշեցնում, որ Նիկոլ Փաշինյանը բոլորովին վերջինս նույնպես կոչ էր անում դուրս գալ ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից, «մինչդեռ հրապարակում եղած մարդկանց մեծ մասը հակառակն է կարծում»: «Եթե եղել է պայմանագիր, ուրեմն պետք է այն պահել, իսկ հետո կերևա,- ասում է ցուցարարներից մեկը:- Մենք Ռուսաստանի հետ ընկերներ ենք, չէ՞: Մենք սիրում ենք միմյանց»: Մինչդեռ լրագրողը «մոռանում է» հիշեցնել շարժման առաջին իսկ օրերից Նիկոլ Փաշինյանի այն հավաստիացումները, որ իշխանափոխության դեպքում իրենք չեն պատրաստվում դադարեցնել անդամակցությունը ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին:

Կիսելյովի նույն հաղորդման մեկ այլ ռեպորտաժում փորձ է արվում ցույց տալ՝ ինչ են մտածում Ռուսաստանի հայերը Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Մինչդեռ ռեպորտաժում գլխավոր շեշտը դրված է հայ-ռուսական դարավոր բարեկամության վրա, հայերի (այդ թվում՝ կրեմլամետ Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի) շուրթերից հնչեցվում են կարծիքներ, որ Ռուսաստանը միշտ Հայաստանի կողքին է եղել, և թե որքան ցավալի կլինի, որ այդ հարաբերությունները փչանան:

«Վեստի FM» ռադիոկայանի եթերում էլ մայիսի 4-ին ռուս քաղաքագետ Սերգեյ Միխեևն անգամ վիրավորական հայտարարություններ է հնչեցնում հայերի հասցեին. «դուք ընդհանրապես գլխո՞վ եք մտածում»:

https://www.youtube.com/watch?v=I8HQcW3hVY0&t=247s

Միխեևը ներկայացնում է, որ Փաշինյանը, թեև պնդում է որ կպահպանի հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց նա առաջին հերթին ամերիկամետ գործիչ է: Քաղաքագետը կարծիք է հայտնում, որ Ռուսաստանը «չափազանց շատ է երես տվել» հայերին, հետո ծաղրում Փաշինյանի՝ բազմավեկտոր քաղաքականության մոտեցումը: «Էլ ի՞նչ բազմավեկտորություն է Հայաստանին անհրաժեշտ… Միգուցե բարեկամություն եք ուզում Թու՞րքիայի կամ Ադրբեջանի՞ հետ, խնդրեմ, համեցեք,-սարկազմով ասում է Միխեևը: -Եթե պարոն Փաշինյանը սկսի վարել երկակի քաղաքականություն, ես անձամբ կարծում եմ, որ … պետք է ամենակոշտ քաղաքականությունը վարել Հայաստանի նկատմամբ»:

Ընդհանուր առմամբ, կարելի է եզրակացնել, որ այս ընթացքում ռուսական հատկապես առցանց մամուլը առերևույթ կարողացել է հավասարակշռված կերպով լուսաբանել Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունը», մինչդեռ իր հիմնական ուղերձը փոխանցել է տողատակերում՝ ինչ կսպասվի Հայաստանին Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարացնելու դեպքում:

 

Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031