Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանի բոլոր նշանակումները լավն էին՝ բացի Վալերի Օսիպյանից»

Մայիս 14,2018 15:30

Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) փորձագետ, քաղաքագետ Արմեն Վարդանյանի համոզմամբ՝ նոր կառավարությունում բոլոր օդիոզ, ոչ պրոֆեսիոնալ դեմքերը պետք է փոխարինվեն նոր, ոչ վարկաբեկված մարդկանցով:

«Առավոտի» հիշեցմանը՝ արդեն քննադատություններ են հնչում նոր կառավարությունում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կատարած նշանակումների հետ կապված, եւ հարցին՝ սա չի՞ վտանգի նոր կառավարության վարկանիշը, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Դժգոհությունը հիմնականում կապված է ՀՀ ոստիկանապետի պաշտոնում Վալերի Օսիպյանի նշանակման հետ, մնացած հարցերում շատ քիչ էին քննադատությունները՝ հիմնականում տարակուսանքներ: Օսիպյանի նշանակումը ոչ միանշանակ ընդունվեց նաեւ Փաշինյանի աջակիցների կողմից: Վալերի Օսիպյանը նախկինում ներգրավված է եղել շատ ապօրինությունների մեջ՝ սկսած 2008-ի մարտից նա բազմաթիվ անգամ քննադատվել է որոշ ոչ իրավաչափ եւ նաեւ հանցավոր գործողությունների համար: Բայց նա նաեւ բարեկիրթ ու ոչ կաշառված ոստիկան է: Թե ինչն է նրա նշանակման պատճառը՝ ամենայն հավանականությամբ, Նիկոլ Փաշինյանը ստիպված էր գնալ նման ոչ միանշանակ որոշման: Օրենսդրությունը սահմանում է, որ ոստիկանապետը պիտի լինի համակարգի մարդ եւ գնդապետ: Փաշինյանը եղած կադրերից ընտրել է չարյաց փոքրագույնին»:

Փորձագետի հավաստիացմամբ՝ առայժմ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն աննախադեպ վարկանիշ ունի, եւ այս քննարկումները կարճ կտեւեն, քանի դեռ նոր աղմկահարույց որոշումներ կամ նշանակումներ չեն եղել պարոն Փաշինյանի կողմից:
Մեր այն դիտարկմանը՝ քննադատություն հնչեց նաեւ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի նշանակման հետ կապված, ընդդիմախոսները հիմնականում հղում են կատարում նրա՝ դիջեյ լինելու հանգամանքին եւ կասկածամտություն հայտնում՝ արդյոք նա կկարողանա՞ պետական նման պաշտոնում հաջողություն գրանցել, պարոն Վարդանյանն արձագանքեց. «Դա նրա հիմնական մասնագիտությունը չէ, նա լավ կրթություն ունի. Մոնակոյում է սովորել: Դիջեյությանը նորմալ պիտի վերաբերվել: Մարդ եթե ունի բարձրագույն կրթություն եւ դրա հետ մեկտեղ այլ հոբիներ, պետք է այդ կարծրատիպերը կոտրվեն: Քննադատությանը կմիանայի, եթե տվյալ անձը չունենար բարձրագույն կրթություն, եւ նրա հիմնական աշխատանքի բնույթը լիներ դիջեյությունը: Այս եւ մյուս նշանակումներով պետք է որոշ կարծրատիպեր կոտրվեն»:

Հարցին՝ ոստիկանապետի, ԱԱԾ պետի, պաշտպանության նախարարի պաշտոնները հանձնվեցին համակարգում գտնվող անձանց, մինչդեռ հասարակությունը օրեր առաջ փողոց էր դուրս եկել այդ համակարգի նկատմամբ ունեցած դժգոհության պատճառով, հետեւաբար մի՞թե հանրության սպասումներն արդարացվում են այս նշանակումներով, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Ոստիկանության դեպքում պարտադիր պայման է, որ պետք է լինի այդ համակարգից: Փաշինյանը չէր կարող Ուկրաինայի նման՝ ոստիկանապետին եւ ՆԳ նախարարին նշանակել ցուցարարներից, օրինակ՝ Մայդանի պարետ Արսեն Ավակովին, տվյալ դեպքում մեր օրենսդրությունը թույլ չի տալիս այլ մարդ բերել, կամ էլ պաշտոնաթող պիտի լիներ, գնդապետի կոչում պիտի ունենար: Պաշտպանության նախարարը քաղաքական պաշտոն է, եւ Դավիթ Տոնոյանի նշանակումը կարելի է ասել ոգեւորությամբ է ընդունվել հասարակության կողմից: Առայժմ նրա գործունեության նկատմամբ լուրջ քննադատության չենք հանդիպել: Վարչապետը լավագույն որոշումն է կայացրել տվյալ պաշտոնի համար»:

Մեր հիշեցմանը՝ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հայրը զբաղվում է ծաղկի բիզնեսով, կինը՝ Նոնա Վանեցյանը, Երեւանի ամենաթանկ՝ «Վիլլա Մոնտեսորի» մանկապարտեզի ու դասապատրաստման կենտրոնի հիմնադիրն է, պարոն Վարդանյանն արձագանքեց. «Մոտավորապես Օսիպյանի նշանակման տրամաբանությամբ է կատարվել նաեւ այդ նշանակումը: Պետք է այդ պաշտոնում նշանակված անձը լիներ համակարգից, ունենար գնդապետի կոչում: Փաշինյանը եղած տարբերակներից ընտրել է լավագույնին: Համենայնդեպս, նրա անունն այս պահին չի կապվում հանցավոր գործունեության կամ տարբեր բիզնեսներին տանիք կանգնելու հետ»:

Արմեն Վարդանյանը զրույցի ավարտին հայտնեց, թե կցանկանար, որ անպայման փոխվեր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Հետաքրքրվեցինք՝ Զոհրաբ Մնացականյանի թեկնածությունը պաշտպանո՞ւմ է, փորձագետը պատասխանեց. «Էդվարդ Նալբանդյանից առաջ եղած բոլոր նախարարների մասին եղել են ե՛ւ դրական, ե՛ւ բացասական կարծիքներ, մինչդեռ Նալբանդյանին թերեւս միայն ծույլերը չեն քննադատում. բոլորը դժգոհ են նրա աշխատանքից, հենց նրա ղեկավարած գերատեսչության ներսում անգամ: Իսկ Զոհրաբ Մնացականյանը հարգված անձնավորություն է բոլորի կողմից: Կարելի է ասել, նախարարության սեւագործ աշխատանքը հենց ինքն է անում եւ շատ դեպքերում չի երեւում: Նրան եւ նախկին դեսպան Ռուբեն Շուգարյանին եմ տեսնում ԱԳ նախարարի պաշտոնում»:

Եզրափակելով՝ Արմեն Վարդանյանը վստահեցրեց՝ բոլոր օդիոզ, ոչ պրոֆեսիոնալ դեմքերը պետք է փոխարինվեն նոր, ոչ վարկաբեկված մարդկանցով:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ»

12.05.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031