Ելնելով այն իրողությունից, որ Հայաստանում քաղաքացիական շարժման աջակցությամբ ձևավորվող նոր իշխանությունները ունեն մեծ ժողովրդականություն և օրինակարգություն,
Առաջնորդելով քաղաքացիական աջակցությամբ պատվիրակված վերափոխումները պատշաճ ու ողջամիտ արագությամբ իրականացնելու հրամայականով,
Հաշվի առնելով, որ ներկա Խորհրդարանը չի արտացոլում հանրային տրամադրությունների և քաղաքական կողմնորոշումների իրական պատկերը, ինչի հետևանքով պետությունը շարունակում է գտնվել քաղաքական ճգնաժամի մեջ,
Գտնելով, որ որեւէ ներքաղաքական խնդիր չի կարող լուծվել օտար զինված ուժերի ներկայության պայմաններում,
«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն ՀՀ գործադիր նոր իշխանություններից պահանջում է.
1.Անհապաղ ազատ արձակել քաղաքական հայացքների և գործունեության համար դատապարտվածներին:
2.Օր առաջ սկսել Հայաստանում տեղակայված ռուսական զորքերի դուրս բերման, լյուստրացիայի և ապակոմունիզացման գործընթացները:
3.Կազմակերպել արտահերթ, ազատ, արդար և թափանցիկ խորհրդարանական ընտրություններ:
«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն համոզված է, որ վերը նշված խնդիրների լուծմամբ միայն կստեղծվի նպաստավոր միջավայր ժողովրդավարական բարեփոխումների իրականացնման, հայրենիքն արտաքին քայքայիչ ազդեցությունից ազատագրելու, պետության իրական առաջընթացն ապահովելու, ազատության-հավասարության-եղբայրության հիմնարար արժեքների և բոլոր քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար:
«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյան