Լրահոս
Օրվա լրահոսը

«Օսիպյանը վատ կաշխատի, Օսիպյանը չի աշխատի այդ պաշտոնում»

Մայիս 14,2018 15:00

Արդյոք հանրային դժգոհությունները կազդե՞ն ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանի կառավարության վարկանիշի վրա

«Կարծում եմ՝ կառավարության վարկանիշի վրա կազդի այն, ինչ իրենք կանեն մոտակա ամիսների ընթացքում, իսկ դա արդեն վստահ եմ՝ խոսուն կլինի»,- «Առավոտի» հարցին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության կազմում որոշ նշանակումների վերաբերյալ հանրային դժգոհությունը չի՞ վնասի կառավարության վարկանիշին, այսպես պատասխանեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը: Նշենք, որ ՀՀ ԱԺ-ում նա կփոխարինի Նիկոլ Փաշինյանին:
Ալեն Սիմոնյանը հավաստիացրեց՝ ինչ-որ հարցերում եթե ընկալման, անհամաձայնության խնդիր կա, դա ժամանակի ընթացքում կշտկվի. «Տեսնում ենք, որ նշանակումներ կան ու կլինեն, որոնք բուռն դրական արձագանք կստանան եւ հակառակը»:

Անդրադառնալով ՀՀ ոստիկանապետի պաշտոնում Վալերի Օսիպյանի նշանակմանը եւ դրա հետ կապված բազմաթիվ դժգոհություններին՝ Ալեն Սիմոնյանը նշեց. «Համաձայնեք, որ ոստիկանապետի պարագայում դժվար է ինչ-որ նշանակում անել, որի արձագանքը միանշանակ կլինի»:

Մեր դիտարկմանը՝ փորձագիտական շրջանակում կարծիք կա, որ Նիկոլ Փաշինյանը չարիքի փոքրագույնն է ընտրել՝ նշանակելով Օսիպյանին, քանի որ պետք է անձը համակարգից լիներ, Ալեն Սիմոնյանը հավելեց. «Հերիք չէ՝ պիտի համակարգից լինի, վերջին երեք տարին էլ պետք է ղեկավար կազմի անդամ լինի, ունենա առնվազն գնդապետի կոչում: Ընտրության հնարավորությունը բավականին քչանում է: Մենք Վալերի Օսիպյանի հետ երկար տարիներ բարիկադների տարբեր կողմում ենք եղել, ես նաեւ վիրավորվել եմ ամսի 16-17-ին Բաղրամյան պողոտայում: Բոլոր այն մարդիկ, որոնք ակտիվ մասնակցել են ցույցերին, գիտեն, որ Վալերի Օսիպյանը կյանքը նվիրել է ոստիկանությանը ծառայելուն: Ես, համենայնդեպս, ողջունում եմ վարչապետի՝ այս փուլում կատարած նշանակումները»:

Ալեն Սիմոնյանին հիշեցրինք՝ «Էլեկտրիկ Երեւանի» ցույցերի որոշ մասնակիցներ կարծիք են հայտնում, թե Վալերի Օսիպյանի պատճառով ծեծ են կերել ու ոստիկանական բաժանմունքներ ընկել, բայց արի ու տես, որ Օսիպյանին Նիկոլ Փաշինյանը ոստիկանապետ է նշանակում, Ալեն Սիմոնյանն այս առիթով ասաց. «Իսկ ես հիվանդանոց եմ ընկել, բայց ես չեմ կարծում, որ Օսիպյանի պատճառով է եղել, եւ ոստիկանը մերն է գոռալիս մենք նաեւ Օսիպյանին ենք նկատի ունեցել, այլ ոչ թե կոնկրետ միայն Աշոտին: Օսիպյանը վատ կաշխատի, Օսիպյանը չի աշխատի այդ պաշտոնում»:

Պարոն Սիմոնյանին հիշեցրինք, որ նույն կերպ ընդունվեց նաեւ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի նշանակումը. ընդդիմախոսները հիմնականում հղում են կատարում նրա՝ դիջեյ լինելու հանգամանքին եւ կասկածամտություն հայտնում՝ արդյոք նա կկարողանա՞ պետական նման պաշտոնում հաջողություն գրանցել, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Էդուարդ Աղաջանյանն իմ գործընկերն է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, եւ ես կոռեկտ չեմ համարում մեկնաբանություն տալ հանրային արձագանքի մասով պարոն Փաշինյանի՝ իր աշխատակազմի ղեկավարին նշանակելը»:

Փաստեցինք, որ բոլոր ուժային կառույցների ղեկավարները համակարգի մարդիկ էին, մինչդեռ օրեր առաջ փողոց դուրս եկած հազարավոր քաղաքացիներ պայքարում էին նաեւ համակարգի դեմ, հետեւաբար ինչպե՞ս են գոհացնելու քաղաքացիներին, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, թե օրենքի պահանջ է, որ համակարգի մարդ լինեն եւ առնվազն գնդապետի կոչում ունենան ե՛ւ ԱԱԾ պետը, ե՛ւ ոստիկանապետը: Դառնալով պաշտպանության նախարարի պաշտոնում Դավիթ Տոնոյանի՝ կրկին համակարգի անձի նշանակմանը՝ Ալեն Սիմոնյանն ասաց. «ՊՆ-ն չի կարելի համարել քաղաքական համակարգի մի մաս: Մենք երբեւէ բանակի մասին վատ բան չենք ասել: Բանակի մասով կարող եմ ասել՝ շատ ավելի կարեւոր է, թե ով է շտաբի պետը, քանի որ պաշտպանության նախարարն ինքը վիզուալ պաշտոն է եւ մեծ հաշվով՝ իր լիազորություններով շատ փոքր դեր ունի, ինքը կարող է նաեւ զինվորական չլինել: Ավելի մեծ լիազորություններ ունի Գլխավոր շտաբի պետը»:

Զրույցի ավարտին Ալեն Սիմոնյանը նշեց, թե իրեն տեսնում է խորհրդարանում եւ ՏԻՄ մարմնում, որտեղ, մասնավորապես՝ Երեւանի ավագանիում աշխատել է վերջին մեկ տարին: Նաեւ հավելեց, թե քաղաքապետի պաշտոնում էլ մեծ սիրով կաշխատի:

Տ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ»

12.05.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031