Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխայի ձեռքը բռնած՝ դռնեդուռ ընկած գումար է խնդրում

Մայիս 14,2018 14:30

Ալբինայի վիրահատությունն անվճար է, բայց ճանապարհածախսի,
այլ հարակից ծախսերի համար գումար է պետք

Երեկ իր վեցամյա դստեր` Ալբինայի հետ «Առավոտի» խմբագրություն էր եկել Իշխան Միրզոյանը: Արմավիրի մարզի այս բնակիչը մարզային իշխանություններին դիմելուց ու աջակցություն չստանալուց հետո հասել է մայրաքաղաք` օգնություն ակնկալելով որեւէ կառույցից: Մեկ-երկու օրից երեխային պիտի վիրահատության տանի, սակայն միջոցներ չունի հիվանդանոցային որոշ ծախսեր հոգալու համար: Վիրահատությունն անվճար է, սակայն Իշխան Միրզոյանի խոսքով՝ կան հարակից ծախսեր, որոնք պետք է կատարվեն` ճանապարհածախս, հիվանդանոցային որոշ պարագաների, դեղերի համար: Դիմել է Արմավիրի մարզպետարան` գումարի ակնկալիքով, բայց պատասխանել են, որ օգնել չեն կարող:

«Առավոտի» հետ զրույցում քաղաքացի Միրզոյանը դժգոհություն հայտնեց, որ անապահով ընտանիքների համար նախատեսված օգնություններից՝ հատկապես, որ Ալբինային միայնակ, առանց մոր է մեծացնում, իրեն բաժին չի հասնում, սակայն «ջիփ»-երով մարդիկ, մարզպետարանի աշխատակիցներին մտերիմ «քավոր-սանիկ» օգտվում են այդ օգնություններից:

Իշխան Միրզոյանը հանուն արդարության ասում է, որ մեկ անգամ մարզպետարանն իրեն 40 հազար դրամով օգնել է, սակայն հիմա էլ գումարի հարցը կարեւոր է, երեխայի առողջության հետ է կապված խնդիրը: Նպաստով հարցը չի կարող լուծել, այդ մի քանի հազար դրամով հոգում է երեխայի խնամքի հետ կապված հարցեր, սնունդ:
Ալբինայի աչքը պետք է վիրահատեն. օրն արդեն նշանակված է: Երեխայի ձեռքը բռնած՝ Իշխան Միրզոյանը փորձում է մինչեւ վիրահատությունն այդ գումարը հայթայթել, որպեսզի դրա պատճառով վիրահատությունը չհետաձգվի:

Իշխան Միրզոյանը միայնակ հայր է եւ, իր խոսքով, մեծ դժվարությամբ է երեխայի կենցաղային կարիքները հոգում: Արմավիր քաղաքի Բաղրամյան Ա թիվ 228 տանը վարձով է բնակվում, եւ որպեսզի երեխային տանը միայնակ չթողնի, Ալբինան գիշերօթիկ է հաճախում: Մինչ այս, ինչպես Իշխան Միրզոյանն է պատմում, օրավարձով հողագործական աշխատանք է կատարել, սակայն այս տարի այդ գործն էլ չի գտնում, նրա խոսքով՝ մարդիկ կամ հողատարածքները չեն մշակում, կամ խնայողություն անելու համար հողի հենց սեփականատերերն են իրենց այգիները մշակում:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

12.05.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031