Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հավաքարարների «հանցավոր խմբի գործը» վերաքննիչում էլ ավարտվել է

Մայիս 14,2018 14:00

«Կենսաթոշակառու, վատառողջ, նախկինում չդատված, բարձրագույն կրթությամբ իմ պաշտպանյալներին ազատազրկման դատապարտելու հիմքում դատարանը դրել է իրենց մեղքը «հանդգնորեն» չընդունելու հանգամանքը»,- կարծում է բողոքաբեր, պաշտպան Մերի Ալավերդյանը:

Տասներեք ամբաստանյալների 68 հատորանոց գործը վերաքննիչ քրեական դատարանում էլ անցավ առանց տեսախցիկների, ինչպես որ Կենտրոնի դատարանում էր:
Մինչդեռ այս գործը փայլուն օրինակ էր Երեւանի քաղաքապետարան եւ մաքրություն իրականացնող ընկերության աշխատանքային փոխհարաբերությունների բացահայտման, գործունեության, իրավունքի չարաշահման:

Մեր բազմաթիվ ռեպորտաժներում անդրադարձել ենք գրեթե բոլոր ամբաստանյալներին:

Միսակ Հարությունյանն ու Սամվել Պապոյանը Կենտրոնի դատարանի կողմից անցյալ տարվա սեպտեմբերին դատապարտվել էին վեց ամիս ժամկետով ազատազրկման, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկվելով մեկ տարի ժամկետով:
Պաշտպանը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Մերի Ալավերդյանը վերաքննիչ քրեական դատարանից պահանջել էր բեկանել Կենտրոնի դատարանի դատավճիռը, արդարացնել, կամ նշանակել տուգանք, կամ պայմանականորեն չկիրառել նշյալ պատիժը: Վերաքննիչ քրեական դատարանը մայիսի 7-ին անփոփոխ է թողել դատավճիռը: «Առավոտին» երեկ Միսակ Հարությունյանը հեռախոսազրույցի ժամանակ ասաց, թե մտադիր են դիմել Վճռաբեկ դատարան:

Սամվել Պապոյանը եղել է Երեւանի քաղաքապետարանի «Կենտրոն մաքրություն» ՓԲ ընկերության կադրերի պետը, իսկ Միսակ Հարությունյանը՝ ավտոհավաքակայանի վարիչը:
Ըստ մեղադրանքի, Միսակ Հարությունյանը 2008թ.-ին գլխավոր ինժեներ Տիգրան Հովհաննիսյանի, պահեստապետ Գարեգին Գասպարյանի, ավագ դիսպետչեր Հունան Տեր-Հովհաննիսյանի հետ, տնօրեն Արթուր Հովհաննիսյանի ցուցումով ամեն ամիս կազմել, ստորագրել, տնօրենի հաստատմանն են ներկայացրել ընկերության վառելիքի բաշխման թերթիկները, պահանջագրերը, «ներառելով ակնհայտ կեղծ պահանջագրերը» վառելիքի փաստացի ծախսված քանակից ավելի քանակի տվյալներով: Ընդհանուր, հաշվարկված գումարը եղել է 123.905.805 դրամ. «Միսակ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2003-2013 թվականներին զբաղեցնելով Երեւանի քաղաքապետարանի «Կենտրոն մաքրություն» ՓԲԸ-ի ավտոհավաքակայանի վարիչի հաստիքը, խոչընդոտներ վերացնելով օժանդակել է ընկերության տնօրենների կողմից նախնական համաձայնությամբ խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելուն»:

Նույն բովանդակությամբ մեղադրանք էր առաջադրվել Սամվել Պապոյանին. «Նա 2006-2013 թվականներին խոչընդոտներ վերացնելով օժանդակել է ընկերության տնօրենների կողմից նախնական համաձայնությամբ խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելուն»:

Հիշեցնեմ, որ Միսակը դատարանում ցուցմունք էր տվել, հայտնել, որ աշխատել է նշյալ ընկերությունում 2003թ.-ից, հայտնել էր նաեւ, որ աշխատանքային տարիներին երբեք չի եղել առանց անհրաժեշտության ձեռք բերվի պահեստամաս, կազմվի փաստաթուղթ, առանց ավտոմեքենայի վրա պահեստամաս փոխվելու:
Դատարանում էլ հարցաքննված տասնմեկ վարորդները չեն հիշել մի դեպք, երբ առանց պահեստամաս տրամադրելու ստորագրեն որեւէ փաստաթղթի տակ:
Ինչ վերաբերում է վառելիքի ծախսերի վերաբերյալ տրված փաստաթղթերին, ապա ըստ պաշտպանի. «Պաշտպանյալս հիշել է, հստակ գիտի, որ դա համընկել է գլխավոր ինժեներ Գավրոշ Փաշինյանի որոշակի ժամանակահատվածում բացակա լինելու հետ: Նրա բացակա լինելու ժամանակ տնօրեն Արթուր Հովհաննիսյանի բանավոր կարգադրությամբ ինքը գծիկ դնելով Փաշինյանի ազգանվան դիմաց, ստորագրել է այդ փաստաթղթերի տակ գլխավոր ինժեների փոխարեն»:

Ամբաստանյալ Միսակ Հարությունյանը ընկերությունում աշխատել է մինչեւ դրա լուծարվելը։ Նա առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, սակայն ընդունել է, որ ընկերության տնօրեն Ա.Հովհաննիսյանի կարգադրությամբ մեկ անգամ ստորագրել է վառելիքի բաշխման թերթիկի վերաբերյալ պահանջագիր, որը, սակայն, իր պարտականությունների մեջ չի մտել, պարզապես կատարել է տնօրենի ցուցումը։
Որպես ավտոհավաքակայանի վարիչ` վառելիքի բաշխման թերթիկների կազմման եւ ստորագրման հետ որեւէ առնչություն չի ունեցել, իսկ բաշխման թերթիկը գտնվել է պահեստապետի մոտ։ Մասնավորապես, դիսպետչերի ուղեգրի հիման վրա պահեստապետը վարորդին հատկացրել է վառելիք։ Մ.Հարությունյանը պահեստամասերը տեղադրելով մեքենաների վրա, դուրս է գրել դրանք։ Ըստ բողոքաբերի, ինքն իր ցուցմունքներում հայտնել է գործառույթների մասին, որպես ավտոհավաքակայանի վարիչ, դրանք կապ չեն ունեցել ոչ երթերի կատարման, ոչ էլ վառելիքի բաշխման-դուրս գրման հետ. «Այսինքն, Մ.Հարությունյանի ստորագրությունն այդ փաստաթղթերի տակ, մեղմ ասած, «պարտադիր» չի էլ եղել, ինչը թույլ է տալիս պնդել, որ նրան վառելիքի դուրսգրման ենթադրյալ առանձնահատկություններին իրացնելու անհրաժեշտություն որեւէ մեկը չի ունեցել»:

Նախաքննության ժամանակ հարցաքննվել է մի քանի անգամ, իսկ առաջին հարցաքննությունը կատարվել է այն ժամանակ, երբ մեքենայով կատարել է աշխատանքներ։ «Երեք օր ու գիշեր առանց հանգստի աշխատելուց հետո հրավիրել էին քննչական բաժին, հարցաքննության, հայտնել է, թե ի վիճակի չի ընդհանրապես ընկալել ու պատմել որեւէ բան: Խնդրել էր հետաձգել հարցաքննությունը հաջորդ օրվան, սակայն քննիչը որոշել էր հարցաքննությունն անցկացնել, եւ նա առանց կարդալու համակարգչով անցկացրած ցուցմունքը ստորագրել է, քանի որ ֆիզիկապես ի վիճակի չի եղել կարդալու այն»,- բողոքել է պաշտպանը: «Հետագայում այդ ցուցմունքները քրեադատավարական նորմերի խախտումներով իբրեւ ապացույց դրվել են մեղադրանքի հիմքում: Մ.Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել անթույլատրելի եղանակով ստացված ապացույցի՝ բացառապես որպես վկա հարցաքննության հիման վրա, մինչդեռ վերջինս այդ ցուցմունքներում հարցաքննվել է իր վերաբերյալ եւ իր դեմ, այսինքն, փաստացի, կասկածյալի կարգավիճակ ունեցող անձին պարտադրվել է ցուցմունք տալ իր դեմ»,- հավելել էր Մ Ալավերդյանը:

Խոսքը 11.12.2015թ.-ին նախաքննական մարմնում տված ցուցմունքի մասին էր:
Նշենք, որ կենսաթոշակառուն ցուցմունք է տվել երեք անգամ, որպես վկա:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

12.05.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031