Այսօր լրագրողների հետ զրույցում սփյուռքի նոր նախարար Մխիթար Հայրապետյանն ասաց, որ նախարարությունում, բնականաբար փոփոխություններ լինելու են, բայց կադրային ջարդ, ինչպես նախօրոք հայտարարել են, չեն անելու. «Միակ խնդիրը ինձ համար հետեւյալն է՝ պետք է համադրել փորձը երիտասարդության հետ: Թե ինչ պաշտոններում կլինեն փոփոխություններ կամ առաջիկայում կլինե՞ն, թե՞ ոչ՝ դա կորոշվի միայն աշխատակիցների հետ ընդհանուր պատկերացումները, տեսլականը հասկանալուց հետ: Հապճեպ որոշումներ չեն լինելու: Ես տրամադրված եմ բավականին պոզիտիվ»:
Հարցին՝ այս օրերին համացանցում քննադատություններ, մտահոգություններ են հնչում, թերահավատություն կա՝ ձեր տարիքի հետ կապված, ամենաերիտասարդ նախարարն եք, ի՞նչ կասեք՝ փարատելու մտավախությունները՝ նախարարը պատասխանեց. «Այդ մտավախություններն իսկապես տեղին են եւ անշուշտ, ես հասկանում եմ այդ անհանգստությունները, որ առկա են հասարակության շրջանում: Բայց առավոտյան ժամը 9-ից մինչեւ ուշ գիշեր եռանդուն աշխատանքը, փոփոխություններ բերելու վճռականությունն ու կամքը, համարձակությունը… ես, մեր թիմը փոխել ենք իշխանությունը եւ հավատացնում եմ ձեզ, որ մենք կկարողանանք փոխել եւ կոռուպցիան, եւ կեղծիքը, եւ իսկապես շոշափելի փոփոխություններ բերել այն ընթացքում, երբ կպաշտոնավարենք: Դրանք կլինեն ամիսներ, թե ավելի երկար, ես չգիտեմ: Բայ մեր պաշտոնավարումից հետո նրանք, ովքեր կգան մեզ փոխարինելու, կունենան բոլորովին այլ որակի գերատեսչություններ՝ պրոֆեսիոնալ կառավարմամբ եւ պրոֆեսիոնալ թիմով»:
Aravot.am-ը հարցրեց՝ դուք խոսեցիք կոռուպցիայի մասին, ի՞նչ եք կարծում սփյուռքի նախարարությունում կա՞ կոռուպցիա՝ նախարարը պատասխանեց. «Սա իմ անձնական կարծիքն է, որ ՀՀԿ-ի իշխանավարման օրոք չի եղել որեւէ գերատեսչություն, որտեղ չի եղել կոռուպցիա»:
Հարցին՝ 4 մլն բնակչություն 2040-ին հնարավո՞ր է ապահովել, ինչպես ասել էր Սերժ Սարգսյանը՝ նախարարն ասաց, որ դա իրատեսական է համարում, հնարավոր է ապահովել, բայց իրենց իշխանության օրոք: Նա նշեց, որ արդեն իսկ թավշյա հեղափոխությունը մեծ հույսեր է արթնացրել եւ ապահովել որոշակի ներգաղթ, մարդիկ ուզում են վերադառնալ:
Մխիթար Հայրապետյանն ասաց, որ միայն սփյուռքի նախարարությունը չէ, որ ունի անելիքներ, առհասարակ երկրում անհրաժեշտ է հաստատել օրինականություն, անողոք պայքար մղել կոռուպցիայի դեմ, պաշտպանել ներդրողների, բիզնեսմենների շահերը, բոլոր խաղացողների համար հավասար մրցակցային պայմաններ ապահովել եւ այլն. «Մենք կիրականացնենք ներգաղթ եւ հայրենադարձություն, սակայն դա ժամանակ ու եռանդուն ամենօրյա ռեժիմով աշխատանք է պահանջում: Այն քաղաքական ժառանգությունը, որ մենք ստացել ենք նախորդ իշխանությունից, ահռելի մեծ ջանքեր են պահանջվում դրանք դրականի փոխելու համար»:
Նախարարն ասաց, որ սփյուռքի նախարարությունում շատ բաներ կան, որ պետք է պահպանեն, բայց նաեւ շատ բաներ կան, որոնցից պետք է հրաժարվեն կամ փոխեն: Օրինակ, ըստ նրա, պետք է փոխել հայ համայնքների հետ կապի, հարաբերվելու որակը, մակարդակը եւ առհասարակ ամբողջ փիլիսոփայությունը. «Հայ համայնքները, ըստ իս, չեն արժանացել այն ուշադրությանը, որին պետք է արժանանային: Մենք ունեինք մի ամբողջ նախարարություն, սակայն մենք կապվում էինք հայկական գաղթօջախների հետ եւ պարզվում է, որ շատերի հետ անգամ մի հասարակ կապ չի հաստատվել մեր գերատեսչության կողմից: Պետք է շատ բան փոխվի նույն մամուլի հետ հարաբերություններում: Բավականին նեգատիվ են եղել»:
Հարցին՝ նախկին նախարար Հրանուշ Հակոբյանի հետ հանդիպե՞լ եք՝ Մխիթար Հայրապետյանը պատասխանեց, որ չի հանդիպել. «Մեր հանդիպումը կկայանա վաղը, վարչապետը սահմանված կարգով պիտի ներկայացնի, բայց հասկանում եք, որ Նիկոլ Փաշինյանը կվերադառնա միայն երեկոյան Սոչիից»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ