Կարեն Աղամյանը հրավիրում է ՀՀ իշխանությունների ուշադրությունը
Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն «Առավոտի» հետ զրույցում պատմեց, որ 2012 թվականից զբաղվում է ՀՀ զինանշանի հարցերով ու մի շարք մտահոգություններ ունի: Նա ՀՀ զինանշանի վրա անթույլատրելի թերություններ է նկատել, որոնք իր ձեւակերպմամբ, զուտ գեղարվեստական բնույթի չեն:
«Սկզբում մտածում էի, որ դրանք գեղարվեստական թերություններ են, կարծում էի, որ այն նկարիչը, որ աշխատել է դրա վրա, պարզապես գրագետ չի արել իր գործը: Ի դեպ, հիմքում ՀՀ զինանշանը ստեղծել է Ռոբերտ Ղեւոնդյանը, որի բնօրինակը ոչ մի կերպ չեմ կարողացել հայտնաբերել կամ գուցե այն միտումնավոր ոչնչացվել է: Իսկ այն, ինչ հիմա ենք տեսնում` մի մասը ստեղծված է վատ, որովհետեւ գրագետ չի արված, մյուս մասի մեջ հատուկ դրված են բացասական նշաններ, որոնց մասին ժողովուրդը այլ եզրույթ է օգտագործում (նկատի ունի թուղթուգիրը-Գ.Հ): Դա մեզ ոչ միայն պատիվ չի բերում, այլեւ բացասական ազդեցություն է ունենում»,- հայտնեց պարոն Աղամյանը: Նա մեջբերեց Կոնֆուցիոսի այն միտքը, որ աշխարհը ղեկավարում են ոչ թե մարդիկ եւ օրենքները, այլ նշաններն ու խորհրդանշանները:
Մեր զրուցակիցը հավելում է. «Հին աշխարհի բոլոր երկրների զինանշաններն իրենց մեջ կրում են դրական հույզեր ու ազդակներ, մինչդեռ Հայաստանի Հանրապետության զինանշանը բազմաթիվ բացասական ազդակներ ունի»:
Սահմանադրության մեջ ասվում է, որ Հայաստանի Հանրապետության զինանշանի կենտրոնում, վահանի վրա պատկերված են Արարատ լեռը` Նոյյան տապանով եւ պատմական Հայաստանի չորս թագավորությունների զինանշանները (Արտաշիսյանների, Արշակունիների, Բագրատունիների եւ Ռուբինյանների (Կիլիկյան թագավորություն): Վահանը պահում են արծիվը ու առյուծը, իսկ վահանից ներքեւ պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա եւ ժապավեն: Առյուծն ու արծիվը խորհրդանշում են ոգու, իշխանության, աննկունության եւ արիության ուժը, իսկ սուրը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարը հանուն ազատության եւ անկախության, փետուրն ու հասկերը՝ հայ ժողովրդի ստեղծարար տաղանդը եւ խաղաղասիրությունը։
Կարեն Աղամյանը նշում է. «Վահանակիրները` առյուծը եւ արծիվը, որոնք միաժամանակ հանդիսանում են մեր երկրի պահապանները, մեր այսօրվա զինանշանում խեղճացած, հիվանդ էակներ են: Առյուծը լացակումած է, մեկ այլ կենդանու ականջներով, վախեցած` հետ քաշված, ճաղատ, ճակատը փոս ընկած: Մի բան, որ զինանշանագիտության (հերալդիկայի) մեջ արգելված է: Այն է, որ առյուծը չունի բացված ժանիքներ եւ լեզու: Նույնն էլ արծվի վիճակն է: Մեր սրի, որը մեր ուժը եւ հիմքն է, միայն կոթն է պատկերված, իսկ ծայրը գոյություն չունի, թաքնված է վահանի հետեւում, ու մենք չգիտենք, ունի ծայր, թե ոչ, մե՞ծ է, թե՞ փոքր է… Սուրը ջարդված է նկարված, ինչը, կարծում եմ, միտումնավոր է: Սուրը շղթայակապ է, սա նույնպես վատ խորհուրդ ունի: Սահմանադրության մեջ զինանշանի նկարագրությունը շատ հստակ է` պատկերված է շղթա, ժապավեն, հասկեր, ճյուղ, բայց ինչպիսի ճյուղ, ոչ ոք չգիտի, իսկ դա արգելված է, ճյուղը պետք է ինչ-որ բան խորհրդանշի: Մինչդեռ զինանշանի վրա անդեմ մի ճյուղ է, որը միայն անգրագիտության արդյունք չէ: Զինանշանագիտության օրենքներով միայն զինանշանը, որը ունի իր ազդակը, կարող է ունենալ ժապավեն: Մեր զինանշանի պարագայում դատարկ ժապավեն է, այն էլ հակառակ կողմից պատկերված, ու գուցե երեսին ինչ-որ բան գրված է, բայց մենք չգիտենք»,- մանրամասնում է Կարեն Աղամյանը:
Նաեւ հավելում է. «Վահանի վրա պատկերված Բագրատունյաց թագավորության զինանշանի այն էակը, որ գլուխ, քիթ, բերան ու ոտքեր չունի, ծռմռված ինչ-որ անասուն է, իբր վերցված է Անիի մուտքի վերեւի ռելիեֆից, աղավաղված է, Արշակունյաց զինանշանի վրա իբր պատկերված է արծիվ, որը չի կարող թռչել, հաստ, մսոտ թեւեր ունի, բայց չունի ոտքեր, մարմին, ու բնավ նման չէ արծվի: Կան դրա ավելի սարսափելի տարբերակներ, որտեղ արծիվն ասես ձեռառնոցի լինի: Ավելի ծիծաղաշարժ է ՀՀ զինանշանի վրա պատկերված Կիլիկիո թագավորության առյուծի արտաքինը, որն ավելի շատ սմայլիկ է հիշեցնում, ծաղրանքի նման մի բան է, որը չեմ էլ ուզում մեկնաբանել: Ինչ վերաբերում է Տիգրան Մեծի թագի վրայի նշանին` երկու արծիվներին եւ արեւին, նշեմ, որ արեւը մի տեղ փակված է, որոշ տարբերակներում դարձել է ծաղիկ, իսկ արծիվները ոչ թե արծիվներ են, այլ հաստոտ ինչ-որ էակներ»:
Մեր զրույցի ընթացքում զինանշանի կենտրոնում պատկերված Արարատ լեռանն ու Նոյյան տապանին էլ անդրադարձ եղավ: Կարեն Աղամյանը նշեց, որ տապանի փոխարեն ինչ-որ մակույկ է պատկերված, որը հաճախ ամպի կտոր է ընկալվում: Իսկ վահանակիր արծվի թեւն առհասարակ մարմնի հետ կապ չունի, բերանը փակ է, աչքերն էլ կուրացած:
«Այս մասին գրեթե 10 տարի է ես ահազանգում եմ, կատարված է ահռելի աշխատանք, առկա են հազարավոր տարբերակներ, որոնցից մեկ-երկուսը հավանության են արժանացել մասնագետների, օրինակ՝ Գագիկ Մանասյանի կողմից: Բոլորը միաբերան ասում են, որ սա այն է, ինչ մեզ պետք է, բայց գործն այդպես էլ տարիներ շարունակ առաջ չի գնում: Կարծում եմ, որ նոր իշխանությունները շատ ավելի աչալուրջ պետք է լինեն զինանշանի հարցում, քանի որ այն մեր դեմքն է: Պատկերացնում եմ, թե ինչպիսի քմծիծաղով են նայում մեր զինանշանին օտարերկրացիները, մարդիկ, որոնք ինչ-որ չափով հասկանում են դրանից»,- նշեց Հայաստանի նկարիչների միության նախագահը:
Նա փաստում է, որ բոլոր երկրներում էլ զինանշանների հիմքը պահպանելով փոփոխություններ, շտկումներ են արվում, օրինակ, Ռուսաստանի ամբողջ պատմության ընթացքում զինանշանը 38 անգամ փոփոխվել է, ԱՄՆ զինանշանը 10 անգամ է փոխվել: Պարոն Աղամյանի բնորոշմամբ, վերջինս մեծ էներգիա ունեցող զինանշան է. «Մինչդեռ մենք կառչել ենք ինչ-որ մեկի արածի վրա, որին հետո ավելացվել են ավելի վատ նշաններ: Կարծում եմ` ուժային կառույցները պետք է հետաքրքրվեն, թե ո՞վ է այսպես աղավաղել մեր դեմքը, ո՞վ է պղծել մեր զինանշանը եւ համապատասխան պատասխանատվության ենթարկեն»:
Աղամյանի խոսքերով. «Այս պահին ամբողջ փաթեթը պատրաստ է, առկա է եւ գունային լուծումը, եւ սեւուսպիտակը, միակ բանը, որ արժի քննարկել, զինանշանի ժապավենի վրա զետեղելիք ազդակն է: Այն հարյուրավոր մարդկանց հետ քննարկվել է ու խորհրդակցելուց հետո հանգել ենք այն մտքին, որ Հայաստանի ազդակը կարող է լինել օրինակ այսպիսին` «Ազգ, միասնություն, հայրենիք»: Ուսումնասիրել եմ աշխարհի շատ երկրների զինանշանների ազդակներ, դրանցում 2-4 բառ է օգտագործվում»:
Կարեն Աղամյանը այլ առաջարկ էլ ունի, կարծում է, որ արժի Հայաստանում էլ ունենալ, ասենք, նախագահին կից Զինանշանագիտության խորհուրդ, որը կհետեւի բոլոր զինանշաններին ու խորհրդանիշներին, որոնք կիրառվում են պետական կառույցներում: Նկարիչների միության նախագահը հիշեցնում է, որ զինանշանագիտության կանոններին քաջատեղյակ են եղել Կիլիկյան թագավորությունում, այսօր էլ եվրոպական տոհմերի եւ պատմությունների մեջ պահպանվում են նրանց պատմական զինանշանները:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները` հեղինակի:
«Առավոտ»
12.05.2018
Ինչ է նշանակում. «Կիրառվող տարբերակներից մեկը»:
Հայաստանի պետական զինանշանի մասին օրենքն ընդունվել է Հայաստանի Գերագույն Խորհրդի կողմից 1992 թ. ապրիլի 19-ին։ 2006 թ. հունիսի 15-ին ընդունվել է «ՀՀ զինանշանի մասին» նոր օրենքը Ազգային ժողովի կողմից։ Հայաստանի զինանշանի հեղինակներն են նկարիչ Հակոբ Կոջոյանը և ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը։