Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչպես հրաժարվել ինքնասպանության մտքից, երբ կանգնած ես կամրջի եզրին

Մայիս 14,2018 13:00

Երբ պատրաստում էի այս նյութը, զարմացա, թե ինչքան մարդիկ են Գուգլում փնտրում ինքնասպանության ձեւեր կամ թե ինչպես ինքնասպան լինել:

Դուք պետք եք մարդկանց: Վերադարձրեք վստահությունը կյանքի նկատմամբ, որովհետեւ դուք կանչված եք երջանիկ ու լիարժեք կյանք ապրելու համար: Մի հուսահատվեք կյանքից, որովհետեւ միշտ կան մարդիկ, ովքեր ունեն ձեր կարիքը:

Մի անգամ Կիեւյան կամրջի եզրին մի հուսահատ երիտասարդ էր կանգնած: Նա շատ բան էր ուզում անել այս կյանքում, բայց չէր կարողանում ու չէր հասցնում: Արդյունքում նա կորցրել էր կյանքի նկատմամբ վստահությունը, իր կարեւորության զգացումը եւ հավատքը, որ ինքն ինչ-որ բան կարող է անել կամ ինչ-որ բանի հասնել այս կյանքում: Նա ամբողջապես հուսահատվել էր ու կորցրել երջանիկ լինելու հավատքը:

Սիրած աղջիկը նրանից հեռացել էր, բոլոր ընկերները դավաճանել էին ու նրան թվում էր, որ նա ոչ մեկին այլեւս պետք չէ: Իր կյանքում ամեն ինչ հակառակ էր գնացել ու նա ուժ չուներ նորից սկսելու: Նա իր կյանքում այրել էր բոլոր կամուրջները ու հիմա իրեն մնում էր մի քայլ կատարել ու վերջ տալ իր կյանքին:

Նա նայեց կամրջից ցած, նայեց կամրջի լույսերին ու երբ արդեն իրեն հրում էր առաջ, հանկարծ ետեւից մի պապիկի ձայն լսեց:

«Բարի երեկո, -ասաց պապիկը,-խնդրում եմ, օգնիր ինչով կարող ես, տղաս»:
Երիտասարդը մի պահ սթափվեց, իրեն ետ քաշեց ու մի ձեռքով կամրջից ամուր բռնվելով, մյուս ձեռքով գրպանները փորփրեց ու եղած գումարը մեկնեց պապիկին, մտածելով, որ իրեն այլեւս պետք չի գա:

«Սա իմ համար չեմ խնդրում, տղաս,- պատասխանեց պապիկը,- այստեղ շատ մոտիկ երկու որբ երեխաներ կան, իրենց համար եմ խնդրում, սոված են նրանք ու միայնակ: Մեկը չունեն, որ իրենց համար հոգ տանի: Այդ փողն իրենց տար, տղաս: Օգնիր, խնդրում եմ»:
Երիտասարդը, կանգնած կամրջի եզրին, մի րոպե առաջ հուսահատ, իսկ այժմ շփոթված, չգիտեր ինչ աներ:

«Լավ, ես կտանեմ ու այս փողը կտամ որբուկներին: Հասցեն տվեք»,- ասաց նա պապիկին: «Այս փողերը կարող են փրկություն լինել խեղճ որբուկների համար: Իսկ հետո: Հետո ես նորից կվերադառնամ այստեղ»,- մտածեց նա:

Ու ինչքան երիտասարդը հեռանում էր կամրջից, այնքան ավելի քչանում էր ինքնասպանություն գործելու նրա վճռականությունը: Ուսերն իջնում էին ցած, քայլերն ավելի վճռական էին դառնում ու նա հանկարծ հասկացավ, որ այլեւս այդ կամրջին չի վերադառնա, որովհետեւ միշտ կարելի է գտնել մարդկանց, ում պետք ես դու: Միշտ կարելի է գտնել մարդկանց, ում պետք է քո օգնությունը:

Երբ որ դու առանց ցուցամոլության օգնում ես մարդկանց, քո կյանքը մեծ իմաստով է լցվում: Այդտեղ է, որ դու սովորում ես խոնարհվել, համբերել ու սիրել: Այս երեք բաները մարդուն իրական երջանկություն են բերում:

Այո, կյանքում կան դժվարություններ ու նեղություններ, բայց դրանք բոլորը հաղթահարվում են, երբ դու սկսում ես օգնել ու մխիթարել մարդկանց, երբ դու կյանքից ոչ թե բաներ ես պահանջում ու հուսահատվում, երբ քո ցանկությունները չեն կատարվում, այլ հակառակը, երբ պարզապես ուզում ես օգնել քո ծնողին, քրոջդ կամ եղբորդ, հարեւանին կամ փողոցով անցնող անծանոթին: Քո կյանքը իմաստով է լցվում ու դու սկսում ես հոգեւոր հատուցում ստանալ, երբ դու օգնում ես մարդկանց, երբ դու մտածում ես ոչ թե քո ցանկությունների մասին, այլ, թե ինչ կարող ես անել այսօր, որեւէ մեկին օգնելու, նրա բեռը թեթեւացնելու ու նրան ուրախացնելու համար:

Դու հոգեւոր հատուցում կստանաս եւ այդ հատուցումը ուրախություն է, ցնծություն եւ ներքին պարգեւատրում:

ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ

«Առավոտ»

12.05.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031