Այսօր Սփյուռքի նոր նախարար Մխիթար Հայրապետյանի առաջին աշխատանքային օրն էր՝ նախարարի պաշտոնում: Նա լրագրողների ուղեկցությամբ առաջին անգամ մտավ իր աշխատասենյակ, մեկ առ մեկ բացեց նախարարության 24 աշխատասենյակների դռները, ծանոթացավ 92 աշխատակիցների հետ:
Ամենաերիտասարդ նախարարն իրեն պահում էր իսկական ազնվայրի պես՝ դռները լրագրողների առաջ բացում էր ու պահում, ճանապարհ տալիս բոլորին, հետո նոր ինքը մտնում, իսկ նախարարությունում նոր ղեկավարին ընդունում էին դեռ մի տեսակ կաշկանդված:
Մխիթար Հայրապետյանը հերթական աշխատասենյակը մտնելով՝ աշխատակիցներին հարցրեց՝ ինչո՞ւ չեք ժպտում: Աշխատակիցներն էլ պատասխանեցին, թե՝ «Ժպտում ենք, երեկվանից ժպտում ենք»:
Երբ նախարարը մտահոգվում էր, որ այդքան լրագրողներին վաղ առավոտից իր հետ աշխատասենյակներով տանում-բերում է, սփյուռքի նախարարության աշխատակիցները նախարարին հանգստացրեցին, թե՝ բան չկա, քայլարշավին մասնակցած կլինեն, էս իրենց համար ի՞նչ է:
Աշխատասենյակներից մեկում նախարարը հանդիպեց ճաղավանդակներով մի սենյակի՝ կողպեքով: Նրան ասացին, որ սա գաղտնի սենյակ է: Մխիթար Հայրապետյանը զարմացավ՝ գաղտնի՞: Նախարարության աշխատակիցներն ասացին, որ նախարարից գաղտնի չէ, գաղտնի է՝ մյուսների համար: Թե ինչ է այդտեղ պահել նախկինում Հրանուշ Հակոբյանը եւ ինչ կա այդ սենյակում՝ Մխիթար Հայրապետյանը կպարզի ավելի ուշ:
Ի դեպ, Հրանուշ Հակոբյանն աշխատասենյակում շատ քիչ թվով իրեր էր թողել՝ մի քանի գրքեր գրադարանում՝ սփյուռքի նախարարության տպագրած, մի քանի գրիչ աշխատասեղանին, թողել էր նաեւ Երեւանի քաղաքապետի կողմից Ամանորին իրեն հասցեագրված շնորհավորական բացիկը եւ կարծես թե այդքանը:
Լրագրողները դեռ նոր էին մտել նախարարի աշխատասենյակ, հանկարծ աշխատասենյակում դրված փոքր սեղանը փուլ եկավ ու մաս-մաս եղավ:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ