Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի ՕՀՄՄԴ-ում այսօր անցկացվեց ջրացատկի Հայաստանի մեծահասակների, պատանիների, կրտսեր պատանիների եւ սկսնակների առաջնությունը: Ընդհանուր առմամբ մասնակցեց 30-ից ավելի ջրացատկորդ:
Մեծահասակների պայքարին՝ ոստնակացատկեր եւ աշտարակացատկ, մասնակցեցին վերջին տարիների հիմնական չորս մրցակիցները: Մեկ մետր ոստնակացատկում տեղերն ըստ հաջորդականության բաշխվեցին. Վարտան Բայանդուրյան, Ազատ Հարությունյան, Վլադիմիր Հարությունյան: Երեք մետր ոստնակացատկում հաղթեց Վլադիմիր Հարությունյանը, նրան հաջորդեցին Վարտան Բայանդուրյանը եւ Ազատ Հարությունյանը: Տասը մետր աշտարակացատկում չեմպիոն դարձավ Լեւ Սարգսյանը (461,60 միավոր), արծաթը բաժին հասավ Վլադիմիր Հարությունյանին (386.00), բրոնզը՝ Վարտան Բայանդուրյանին (378,90):
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ