«Կառավարության կազմում երիտասարդներին ընդգրկելը մոտիվացիա է երիտասարդության համար, նրանք մտածում են՝ եթե նա կարողացավ, ես էլ կկարողանամ»,-այսպիսի կարծիք հայտնեց «Հայ առաջադեմ երիտասարդություն» հ/կ-ի գործադիր տնօրեն Գրիգոր Երիցյանը Նիկոլ Փաշինյանի՝ կառավարությունում նոր նշանակումների մասին:
Երիցյանն ասաց, որ հիասթափեցնող է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նշանակումը. «Իմ կարծիքով նա իր տեղում չէ: Ինչ-որ մի հիմնարկի ղեկավար նշանակվել է նախարար, որը նախկինում ոլորտի մասին արտահայտել է հակասական կարծիքներ: Օրինակ՝ պատվաստումները, երբ երկու ամսական երեխա էր մահացել, նա գրել էր` «Աստված է պատժել»: Եթե նա այդպես ծայրահեղական է արտահայտվել, չեմ կարծում, որ նախարար նշանակվելով կբացվի: Հաղորդակցության մշակույթ չունի»:
Հիշեցնենք, բնապահպանության նախկին նախարար դաշնակցական Արծվիկ Մինասյանը նշանակվել է տնտեսական զարգացումների եւ ներդրումների նախարար, մեկ այլ դաշնակցական՝ Շիրակի նախկին մարզպետ Արթուր Խաչատրյանը՝ գյուղատնտեսության նախարար: Երիտասարդ նորանշանակ նախարարներից Լիլիթ Մակունցը, նա ղեկավարելու է մշակույթի նախարարությունը, Մակունցն, ըստ մամուլի հրապարակումներին, վարչապետ Փաշինյանին անգլերեն է դասավանդել: Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնում նշանակվել է Աշոտ Հակոբյանը:
«Ասում են գյուղատնտեսության նախարարը համապատասխան փորձառություն չունի այդ ոլորտում: Մշակույթի նախարարի մասին էլ նման կարծիքներ են հնչել, բայց հիմնականում դրական Ինքս չեմ ճանաչում նրան, գիտեմ, որ դասախոս է եւ համապատասխան փորձ չունի ոլորտում: Բայց պարտադիր չէ որ մշակութաբան լինի, արվեստագետ, պետք է ավելի շատ մենեջերական, կազմակերպչական հմտություններ ունենա»:
Նոր կառավարությունում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը բաժին հասավ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը, այն ղեկավարելու այս կուսակցության անդամ Արթուր Գրիգորյանը, որը նախկինում ղեկավարել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը: Նա առավել հիշվել է կառավարության շենքի մոտ ցուցարարներից մեկին «բոմժ» անվանելով:
Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար Հրաչյա Ռոստոմյանն էլ կրկին ԲՀԿ-ի «հովանավորչությամբ» նշանակվել է արտակարգի իրավիճակների նախարար: ԲՀԿ-ի միջոցով սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար է նշանակվել Լեւոն Վահրադյանը:
Այս առնչությամբ էլ Երիցյանն ասաց. «Ընդհանրապես «Բարգավաճ Հայաստան»-ից սպասել, որ նորմալ նախարար է առաջարկելու՝ միամտություն կլիներ: Իրենք կառավարությունում ունեցել են ոչ կոմպետենտ նախարարներ, սկսած՝ Ռոստոմյանից: Նրա նշանակումն ամենասխալ նշանակումներից մեկն է: Ինչպես կարելի է սպորտի նախարարությունից «թռնել» ԱԻՆ: Նա անգամ դահուկները մեր մարզիկի համար չկարողացավ ապահովել, ուր մնաց նախարարություն ղեկավարել»:
Սփյուռքի նախարարի մասին Երիցյանը դրական կարծիք հայտնեց. «Նա մեծ պոտենցիալ ունի»:
Aravot.am-ի հարցին՝ վարչապետ Փաշինյանի գործոնն արդյոք կարեւոր չէ, որպեսզի անգամ ոչ կոմպետենտ նախարարները լավ աշխատեն, Երիցյանը պատասխանեց. «Ինձ թվում է Փաշինյանի գործոնը մի քիչ սահմանափակ կլինի, որովհետեւ ինքը ստիպված է եղել նշանակել այդ նախարարներին, այսինքն՝ քաղաքական պայմանավորվածություն է եղել: «Բարգավաճ Հայաստանն ասել է՝ քվեարկում ենք քո օգտին, ապահովում ես երեք պաշտոն, կլիներ Ռոստոմյանը, կամ մեկ ուրիշը, ում ասել են՝ նշանակել են: Նրա գործոնը որպես վարչապետ այդ նախարարների նկատմամբ այդքան լայն չէ, որքան մյուսների նկատմամբ: Իհարկե, եթե բացթողում լինի, պետք է խոսի Ծառուկյանի հետ, հնարավոր է տան նոր կադրեր: Քաղաքական պայմանավորվածություն է եղել»:
Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, Երիցյանն ասաց, որ դաշնակցականների գործոնը շատ քիչ է եղել, անգամ եթե չքվեարկեին Փաշինյանի օգտին, միեւնույն է, Փաշինյանն անցնելու էր:
Հիշեցնենք, «Ելք» խմբակցության պատգամավորներ՝ իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը նշանակվել է արդարադատության նախարար, Մանե Թանդիլյանը՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը: «ՔՊ»-ից Արայիկ Հարությունյանը նշանակվել է կրթության եւ գիտության նախարար, Մխիթար Հայրապետյանը՝ սփյուռքի նախարար, Սուրեն Պապիկյանը՝ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար, Զոհրաբ Մնացականյանը՝արտաքին գործերի նախարար:
Առաջին փոխվարչապետն է նշանակվող «Քաղաքացիական պայմանագրից» Արարատ Միրզոյանը, մյուս փոխվարչապետներն են՝ Տիգրան Ավինյանը եւ Մհեր Գրիգորյանը, որը «Արդշինբանկ»-ի վարչության նախագահն է:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ