Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Գրիգորյան. «Եթե Ամուլսարի շահագործումը չդադարեցվի, փողոցները նորից կփակվեն՝ Էրիկ Գրիգորյանի հրաԺարականի պահանջով»

Մայիս 13,2018 17:42

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բնապահպանության նախարար է նշանակել Էրիկ Գրիգորյանին, որը  մինչ այս բնապահպանության փոխնախարարն էր, մինչ այդ էլ Գրիգորյանը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական էր, եւ համարվում էր Կարապետյանի կադր:

Գրիգորյանի նշանակումից կարճ ժամանակ անց քննադատություններ հնչեցին նրա հասցեին:

Համաժողովրդական հեղափոխությունից հանրությունն ակնկալում է, որ Փաշինյանն այնպիսի կառավարություն կձեւավորի, որը զերծ կլինի կոռուպցիայից եւ իսկապես հանրօգուտ գործունեություն կծավալի: Բնապահպանության ոլորտում, հատկապես հանքարդյունաբերության, մշտապես չլուծվող խնդիրներ են եղել, որոնք ըստ մամուլի հրապարակումների եւ բնապահպանների, պաշտոնյանների անունների հետ են կապվել:

Aravot.am-ի հետ զրույցում «Էկոլոգիական իրավունք» հ/կ-ի ներկայացուցիչ, բնապահպան Արթուր Գրիգորյանն ասաց. «Ես ավելի շատ կշեշտադրեի ոչ թե Էրիկ Գրիգորյանի մասնագիտական որակները, որոնք հաստատ ունի, այլ այն, թե որքանո՞վ կկարողանա կամ պատրաստ կլինի արմատապես լուծել առկա շատ ցավոտ խնդիրները»:

Գրիգորյանին հետաքրքրում է՝ արդյոք նախարարը պատրա՞ստ է առաջիկա մեկ-երկու շաբաթվա ընթացիկ աշխատանքի արդյունքում ցույց տալ, որ ինքը կարող է անել բնապահպանական ոլորտը կարգավորող նույնքան կարեւոր քայլեր, որքան օրինակ՝ կրթության նախարարը, առողջապահությանը եւ մյուսները. «Նրանք նախկին համակարգի հետ կապ չեն ունեցել ու կաշկանդված չեն նախկինում ընդունված որոշումներից: Անկեղծ ասած՝ չեմ հավատում, որ Էրիկը որոշում կկայացնի չեղարկելու, օրինակ՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման թույլտվության հիմք հանդիսացող՝ ՇՄԱԳ պետական փորձաքննական եզրակացությունը, թեեւ դա բացահայտ անօրինական ու անհիմն փաստաթուղթ է»:

Արթուր Գրիգորյանի խոսքերով՝ մյուս ոլորտների նախարարները համանման իրավիճակներում դա կանեին, նախարարի հարցում բնապահպանը վստահ չէ:

«Իսկ բնապահպանները հաստատ չեն հանդուրժի, որ այս բացառիկ հնարավորությունը չօգտագործվի արմատական փոփոխություններ անելու համար, ու եթե կարճ ժամանակում նույն Ամուլսարի շահագործումը դադարեցնելու հարցը չլուծվի, կարծում եմ փողոցները նորից կփակվեն, Էրիկի հրաԺարականի պահանջն էլ անխուսափելի կլինի»,-ասաց Արթուր Գրիգորյանը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արմեն says:

    Իսկ ով էր մինչև մի քանի օր առաջ բնապահպանության նախարարը’ եթե մոռացել եք’ հիշեցնեմ, տնտ. զարգացման ու ներդրումների արդեն այսօրվա նախարար Արծվիկ Մինասյանը։էնպես որ …….. բռնաբարվող բնության կարգավիճակի փոփոխությունները շատ աղոտ են։ Շատ կուզեի սխալված լինեի և շնորհակալ կլինեի նախարարներից ,եթե իրենց աշխատանքով հակառակն ապացուցել։

  2. Դմիտրի Խառատյան says:

    Թույլ տվեք չհամաձայնել պարոն Արթուր Գրիգորյանի պնդմանը, որ հին ռեժիմի կարկառուն ներկայացուցիչ պրն Էրիկ Գրիգորյանն ունի մասնագիտական լավ որակներ:
    Ցավոք, Էրիկ Գրիգորյանի նշանակումը ՀՀ բնապահպանության նախարար լրջորեն խամրեցնում է թավշյա, խաղաղ և անցնում հեղափոխության լույսը…
    ՀՀԿ-ական Կարեն Կարապետյանի օգնական, այնուհետև բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը մասնագիտական գիտելիքները ոլորտի մասնագետների համար զրոյին մոտ են, իսկ մարդկային և բարոյական որակները` խիստ ներկայացուցչական տիպիկ ՀՀԿ-ականների համար: Անհերքելի է նաև, որ բավականին լավ «թոզ փչելու» մասնագետ է, և կարողանում է մարդկանց հետ նախնական հանդիպումների ժամանակ դրական տպավորություն թողնել:
    Նախ, անդրադառնամ մարդկային և բարոյական կերպարին: Ապրիլի 27-ին բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հրաժարական ներկայացնելուց հետո ժամանակավոր պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը ստանձնեց նախարարի պարտականությունները և անվերապահորեն լծվեց ՀՀԿ-ական «սուրբ» գործին` խոչընդոտել նախարարության աշխատակիցների միացմանը համաժողովրդական շարժմանը բոլոր հնարավոր լծակներով (նկատողության, աշխատանքից ազատելու սպառնալիք, հեգնանք համաժողովրդական շարժման և ղեկավարության հասցեին):
    Երբ թավշյա հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ը ոչ աշխատանքային օր հայտարարեց, բնապահպանության նախարարության աշխատակիցներից շատերը որոշեցին իջնել հրապարակ` մասնակցելու համաժողովրդական շարժմանը։ Նախարարի ժ/պ Էրիկ Գրիգորյանը հանձնարարեց, որ ստուգեն բոլոր աշխատողներին, ովքեր լքել են իրենց աշխատավայրը և իջել են հրապարակ։
 Սրանք անհերքելի փաստեր են, և վկայում են, թե ինչ բարոյական և մարդկային կերպար ունի նորանշանակ նախարարը:
    «Գլուխ գովալու» առումով հարկ է նշել հետևյալը: Առ այսօր ՀՀ բնապահպանության նախարարության կայքէջի գլխավոր նորությունն այն է, որ ՀՀ բնապահպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանն ապրիլի 30-ին աշխատանքային այցով եղել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում, որտեղ հանդիպում է ունեցել KfW ներկայացուցիչների հետ և քննարկել է կենսաբազմազանության և անտառային ոլորտի զարգացման նպատակով Հայաստանին 23 մլն եվրո դրամաշնորհ տրամադրելու հարցեր։ Առաջին հայացքից կարող է տպավորություն ստեղծվել, որ պրն Գրիգորյանի անձնական ջանքների շնորհիվ է հաջողվել ստանալ այս դրամաշնորհը, մինչդեռ գործընթացներին ծանոթ ցանկացած մեկը գիտի, որ նմանատիպ ծրագրերը` նախքան ֆինանսավորումը անցնում են առնվազն 3-4 տարվա ցիկլ (պլանավորում, քննարկում շահառու երկրի համապատասխան ներկայացուցիչների հետ, տեխնիկական առաջադրանքի մշակում և քննարկում), այսինքն որևէ կերպ չի կարելի վերագրել պրն Գրիգորյանին:
    Ինչ վերաբերում է մասնագիտական կարողություններին, ապա բոլորը գիտեն, որ Էրիկ Գրիգորյանը հանքարդյունաբերության ջատագով է, և բնապահպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնում կրել է իր վրա հանքահեն կազմակերպությունների փիառը։ Բնապահպանության նախարարության աշխատակիցների ամենակարևոր մտահոգությունը Ամուլսարի հանքավայրի շահագործման դադարեցնում է, մինչդեռ Էրիկը Գրիգորյանն իր հոգևոր հայր Կարեն Կարապետյանի հետ միասին ամիսներ առաջ հանդիպել էր գնդեվազցիներին և ջերմուկցիներին` հավաստիացնելով, որ բոլոր ռիսկերը կառավարելի են (կան տեսագրություններ)։
    Չնայած թվացյալ «տպավորիչ» ինքնակենսագրականին, աշխատանքային գործունեության շատ դրվագներում Էրիկ Գրիգորյան կատարյալ ձախողում է ապրել: Այսպես, 2011թ.-ին «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ում աշխատելով որպես վերաբնակեցման մասնագետ, մի քանի ամիս անց, բացարձակ ոչ կոմպետենտության և գործ չանելու համար ազատվել է աշխատանքից:
    2011-2014թթ. ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Մաքուր էներգիա և ջուր» ծրագրում աշխատելով որպես տնտեսագետ լիավին ձախողել է ՀՀ Որոտանի, Ողջիի և Մեղրիգետի գետավազանային կառավարման պլանների մշակման ընթացքում միջոցառումների ծրագրի տնտեսական գնահատման առաջադրանքը, ինչի արդյունքում ազատվել է աշխատանքից։
    Այնուհետև մի քանի ամիս անց նորից դիմել է նույն ծրագրի շրջանակներում տնտեսական գնահատման կարճաժամկետ փորձագետի պաշտոնի համար հայտարարված մրցոյթին (որոշակի լծակներ օգտագործելով հաղթել է մրցույթում), սակայն կրկին ձախողել գործը և կրկին ազատվել աշխատանքին բառացիորեն ոչինչ չանելու համար:
    Այս ամենը, չի խանգարել իրեն ինքնակենսագրականի մեջ ներկայանալ որպես «2014-2015թթ. ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Մաքուր էներգիա և ջուր» ծրագիր, ազգային խորհրդատու»:
    2017թ․ լինելով ՀՀ վարչապետի օգնական և իրավունք չունենալով փորձագիտական աշխատանք կատարել, ճնշում գործադրելով գերմանական GIZ կազմակերպության վրա, կնոջը ձևակերպել է որպես խորհրդատու GIZ կողմից ֆինանսավորվող Հայաստանում էկոհամակարգային ծառայությունների վերլուծության ծրագրում։ Նույն ավարտը` կատարյալ ձախողում:
    Արդյո՞ք այս որակի նախարարի համար էին պայքարում համաժողովրդական շարժման առաջին իսկ օրերից ակտիվորեն մասնակցող բնապահպաննները: Մի՞թե մեր հայկական հեղափոխությունը չի փոխելու այն կարծրատիպը, որ «հեղափոխությունը մտածում են հանճարները, իրականացնում ֆանատները, իսկ արդյունքներից օգտվում տականքները»…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031