Գարնանային ամպոտ եղանակ էր: Թույլ անձրև էր մաղում: Փայլակը անձրևանոցը ձեռքին շրջում էր զբոսայգում: Նա սիրում էր այդ ժամերին, առանց անձրևանոցը բացելու, զբոսայգի գնալ, շրջել բոլոր սալահատակած ճեմուղիներով, ապա նույն ճանապարհով հետ վերադառնալ ելման դրությանը, որի ընդհանուր երկարությունը կազմում էր մոտ երեք կիլոմետր: Եթե ուժերը բավարարում էին և նա վստահ էր լինում, որ կարող է նույն երթուղին հաղթահարել ևս մեկ անգամ, ապա կատարում էր հաջորդ շրջապտույտը: Հակառակ պարագայում ընդհատում էր շրջապտույտը, դե, տարիքն առած մարդ է, ընտրում էր որևէ նստարան, որոնք զբոսայգում բավականին շատ են, հանգստանում էր ու երբ զգում էր, որ կարող է քայլքը շարունակել, վեր էր կենում տեղից ու շարունակում առաջ գնալ:
Սովորաբար, թե՛ զբոսայգի գնալիս և թե՛ դեպի տուն վերադառնալիս նա ականջակալները միացնում էր բջջային հեռախոսով հաղորդվող որևէ ռադիոկայանի և լսում երաժշտություն և եթե երաժշտության ռիթմերը դանդաղ էին լինում, քայլքը հարմարեցնում էր այդ ռիթմին, իսկ ռիթմի արագության դեպքում մեկ քայլը հարմարեցնում էր նրա կրկնակի հնչեղության հետ: Նա հիմնականում լսում էր ջազային, հանդարտ երաժշտություն, բայց շատ հաճախ էլ միացնում էր ժամանակակից երաժշտություն հաղորդող ռադիոկայաններին ու դանդաղ քայլելով հանգստացնում ու կարգի բերում նյարդայի համակարգը: Ահավոր կերպով չէր սիրում այն պահերը, երբ երաժշտությունն ընդհատվում էր ու սկսվում էր գովազդների շարանը: Այդ իսկ պատճառով էլ նա ընտրում, գտնում էր այն ռադիոկայանը, որտեղ գովազդները նվազագույնի էին հասցված, բայց միևնույնն է, հենց սկսվում էին գովազդային հոլովակները պտտվել, անմիջապես անջատում էր հաղորդումը և որոշ ժամանակ անցնելուց հետո կրկին միացնում այն, երբ ենթադրում էր, որ գովազդային ընդմիջումը ավարտված կլինի:
Այդպես դանդաղ քայլելով և երաժշտություն ունկնդրելով, Փայլակը այդ օրը հասել էր վերջին ճեմուղուն և այն ավարտելուց հետո պետք է հետ վերադառնար, երբ ճեմուղուց որոշակի հեռավորության վրա գտնվող տաղավարից մեկը ձայն տվեց.
-Հոպա՛ր, մի րոպե կգաս մեզ մոտ:
Փայլակն էլ չմերժեց, մոտեցավ տաղավարի ճաղավանդակին, բարևեց և հարցրեց, թե ի՞նչ մտահոգություն ունեն և ուժեղացող անձրևից էլ պաշտպանվելու համար, մտավ տաղավար:
-Հոպա՛ր,-դիմեց Փայլակին տաղավարի աջ կողմի նստարանին նստած միջին տարիքի տղամարդը,-արի էս հիմարին բան հասկացրու,-ցույց տալով դիմացի նստարանին նստած իրենից գուցե տարիքով ավելի մեծ տղամարդուն,-բան եմ ասում, չի հասկանում, հիմա դու լսիր ինձ:
Փայլակը զգաց, որ տղամարդը գինովցած է կամ նույնիսկ հարբած, բայց քաղաքավարությունից դրդված, արձագանքեց.
-Լսում եմ, հարգելիս,-ու նայեց տաղավարի ձախ կողմում նստած տղամարդուն, որը գլուխը, կախ անշարժ նստած էր, գուցե նույնիսկ՝ քնած:
-Հոպա՛ր, հիմա լսի՛, ես սրան ասում եմ,-ձեռքով կրկին ցույց տալով դիմացում նստած տղամարդուն շարունակեց պատմողը,-իսկ նա՝ հեչ, հիմա լսի ինձ, տես թե ինչ եմ ասում: Էդ աստված մի օր կանչեց Ադամին ու ասաց, Ադա՛մ, որդի՛ս, դու բավական է մենակ մնաս, ձանձրանաս, ես քեզ ընկեր կուղարկեմ, որ մենակություն չզգաս: Ադամն էլ ասաց, ա՛յ հեր, որ ասում ես, ուղարկիր: Աստվածն էլ Եվային ուղարկեց Ադամի մոտ: Եվան էլ, հետը կարմիր խնձոր էր տարել ու տվեց Ադամին, ասեց՝ կեր: Էս Ադամն էլ վերցրեց Եվայի տված խնձորը ու կերավ:
-Երևի խնձորը քաղցր է եղել,-փորձեց կատակել Փայլակը, բայց տղամարդուն դուր չեկավ Փայլակի միջամտությունը, քանի որ ինքը ցանկանում էր պատմելու մենաշնորհը իրեն վերապահել:
-Յա՛, էդ ի՞նչ ես ասում, հոպա՛ր, բա ինքը պիտի իր հորը՝ Աստծուն հարցներ, իմանար, ուտի էդ խնձորը, թե՝ չէ: Հա՛, ուրեմն Ադամը ուտում է էդ Եվայի տված կարմիր խնձորը, հետո էլ՝ նրա հետ սիլիկ-բիլիկ լինում: Աստված իմանում է էդ մասին ու Ադամին իր մոտ կանչում:
-Ա՛յ, տղա,-ասում է Ադամին,-էդ ինչու՞ ես կերել Եվայի տված խնձորը:
-Դե՛, ա՛յ հեր, Եվան տվեց, ասեց, որ էս խնձորը Եդեմի այգուց է ուղարկած ու շատ քաղցր է, ես էլ կերա: Արա՛, փոխանակ ասի ներողություն, ա՛յ հեր, էլ չեմ անի, ղալաթ եմ արել, (ես ամաչում եմ մեջ բերել նրա արած գռեհիկ արտահայտությունը) ասում է Եվան տվեց, ես էլ կերա, բա ըտենց են պատասխանում հորը, հը՛:
Փայլակը լսեց նույն պատմությունը մի քանի անգամ, տարբեր շարադրանքներով, բայց նույն բովանդակությամբ, ապա ձանձրույթից հորանջելով, տաղավարից դուրս գալու հարմար պահ փնտրելով, ասաց.
-Դե՛, որ Եվան չուտեր խնձորը, հիմա մենք չէինք գոյություն ունենա ու մարդկային ցեղն էլ կոչնչանար, շարունակություն չէր ունենա:
-Վա՛յ, էդ ի՞նչ ես ասում, հոպա՛ր, մի անգամ պապիս հարցրի, դու ճանաչում ե՞ս Ադամին, ասեց արա, Ադամն ո՞վ ա, ասում եմ՝ ա՛յ, պապ, Ադամը մեր նախանախապապն ա, ո՞նց չե՞ս ճանաչում, ասում ա իմ նախապապը Խաչիկն ա, ոչ մի Ադամի էլ չեմ Ճանաչում, բա՛, հոպար:
-Դե՛, ուրեմն, մարդկության ստեղծման մասին պապդ գաղափար չի ունեցել,-հեգնեց Փայլակը:
-Վ՛այ, հոպա՛ր էդ ինչ ես ասում, պապս փիլիսոփա մարդ էր, ես էլ գիտնական փիլիսոփա եմ, ըտենց չնայես, որ մի քիչ խմած եմ, էս Եվայի ցեղի էրեսից եմ խմում ու ամեն օր Ադամին եմ հիշում, ասում եմ՝ ա՛յ մարդ էդ խնձորը չուտեիր էլի, մեզ էլ կրակը չգցեիր:
-Բայց նրան Աստված ուղարկեց, որ Ադամը մենակ չմնա երկրի վրա, չտխրի-հակադարձեց Փայլակը:
-Չէ՛, հոպա՛ր, էդ բանը դու չպիտի ասեիր, բա, օրինակ, Քրիստոսը, ես նրան շատ եմ հարգում, նույնպես աստծու որդին էր, չէ՞, ա՛յ, խելոք մարդ, նրա ցավը ես տանեմ, որ ըտենց էլ չամուսնացավ, բա, որ նրան էլ Աստված մի ուրիշ Եվա ուղարկեր, մենք քաշված էինք էլի:
-Երևի ուղարկել է, բայց Քրիստոսը չի ընդունել,-ժպտալով հեգնեց Փայլակը,-ասում են, որ նա էլ գաղտնի ամուսնացած է եղել:
-Յա՛, էդ ի՞նչ ես ասում, հոպա՛ր, կարող ա ուղարկել ա, իմ արև, կարող ա ուղարկել ա, բայց Քրիստոսը չի ընդունել:
-Դե, դրա համար էլ նրան խաչեցին, որ հակառակել է իր հորը,-քմծիծաղով արձագանքեց Փայլակը:
-Հաստատ բան ես ասում, հոպար ջան, դրա համար էլ ես նրան հարգում եմ, որ տղամարդու պես կանգնել ա ու ասել՝ չեմ ուզում, ա՛յ, հեր, ինձ հանգիստ թող,-վրա բերեց հարբածը:
-Լավ, անձրևը կտրվեց, ես տեղ պիտի գնամ, ցտեսություն, ձեզ հետ հաճելի էր զրուցելը,-ասաց Փայլակը ու անձրևանոցը բացելով, արագ հեռացավ տաղավարից:
-Հոպա՜րրր,-հանկարծ լսեց պատմությունների տիրոջ ձայնը,-բա, մի հատ արաղ չե՞ս առնում, որ խմենք մեր ծանոթության կենացը:
-Մի ուրիշ անգամ,-հեռվից արձագանքեց Փայլակը ու շարունակեց ճանապարհը, մեկ-մեկ էլ հետ նայելով, որ տեսնի, հո, հանկարծ հարբածը իր հետևից չի գալիս:
Հաջոր օրը առավոտյան, երբ Փայլակը, իր սովորության համաձայն, զբոսանքի էր դուրս եկել և արդեն անցնում էր զբոսայգու նույն տաղավարի կողքով, նկատեց, որ երեկվա Ադամի ու Եվայի, հետո էլ՝ Քրիստոսի մասին իր մեկնաբանություններն անող տղամարդը չկար, իսկ նրա դիմացում նստած ընկերը, նույն տաղավարի՝ նույն տեղում նստած քնել էր՝ գլուխը հենած սեղանի վրա խաչաձև տարածած ձեռքերին:
Երևի անցած գիշերը նա այգում էր անցկացրել՝ վախենալով իր սեփական Եվայի հետ տհաճ առճակատման գնալու վտանգից և ուղղորդվել էր ժողովրդական իմաստնությամբ՝ «լույսը բացվի բարին էլ հետը»: Նրա հոգն էլ չէր, թե ինչ է կատարվում իր հայրենիքում:
Սիմակ ԳԱԼՍՏՅԱՆ