Այս համեղագույն կանապեները պատրաստելուն ինձ ոգեշնչեց «Երեւանի գինու օրեր» հրաշալի միջոցառմանը մոսկվաբնակ հայտնի ռեստորատոր Գայանե Բրեիովայի տաղավարում համտեսած ուտեստը: Այն պատրաստված էր տապակած դդումով, հայկական պանիրներով եւ քամած մածունով պատրաստված թանձրուկով: Այս տարբերակը շատ մոտ է դրան, մի փոքր իմպրովիզներով:
Անհրաժեշտ մթերքները
Դդում- 0.5 կգ
Կարմիր մատղաշ բազուկ- 1-2 գլուխ
Կարմիր թարմ պղպեղ- 1 հատ
Կանաչ թարմ պղպեղ-1 հատ
Սխտոր- 3-4 պճեղ
Կարմիր սոխ- 1 գլուխ
Ձիթապտղի յուղ- 4- 5 ճաշի գդալ
Չորացրած կանաչիներ (ուրց, հազրեվարդ, մաղադանոս)- 1 թեյի գդալ
Աղ, սեւ եւ կարմիր պղպեղներ- ըստ ճաշակի
Սերուցքային պանիր- 100 գրամ
Ֆետա պանիր- 100 գրամ
Կաթնաշոռ- 100 գրամ
Թթվասեր- 3 ճաշի գդալ
Հաց (ցանկալի է սեւ կամ բորոդինյան տեսակի)- 1 հատ
Դդումի սերմեր- 1 ճաշի գդալ
Պատրաստման եղանակը
Բազուկը լավ լվանալ, կեղեւը չհեռացնել: Փաթաթել փայլաթիթեղի մեջ: Դդումը մաքրել կեղեւից եւ կորիզներից, լվանալ, չորացնել, կտրատել կիսալուսնաձեւ: Թարմ պղպեղները լավ լվանալ, սոխն ու սխտորը մաքրել եւ լվանալ: Ջեռոցի թավայի տակը փայլաթիթեղ փռել: Տեղավորել բազուկները, կտրատած դդումները, պղպեղները, սոխն ու սխտորը, վրան համեմունքներ եւ չորացրած կանաչի ցանել, ձիթապտղի յուղ ցողել եւ դնել 250 աստիճան տաքացրած ջեռոցը` մոտ կես ժամով:
Մինչ բանջարեղենը պատրաստվում է, անցեք պանրային թանձրուկին: Պանիրների տեսականին եւ կաթնաշոռն ու թթվասերը լցրեք հարիչի մեջ: (Ի դեպ, այս թանձրուկի մեջ կարող եք ավելացնել ձեր սիրած ցանկացած պանիր` ինչպես հայկական, ընդհուպ նաեւ` հորած պանիր, այնպես էլ` ցանկացած դեղին կոշտ պանիր կամ կամամբեր, բրի եւ այն): Եթե կոշտ պանիր եք օգտագործելու, նախապես քերիչով անցկացրեք:
Ավելացրեք 2-3 ճաշի գդալ ձիթայուղ եւ ձեռքի հարիչով լավ հարեք: Կարող եք նաեւ պատառաքաղով լավ տրորել:
Հացը կտրատեք: Վրան քսեք պանրի թանձրուկից: Շարեք բանջարեղենը` ըստ ճաշակի, վրան ավելացրեք դդումի կորիզներ եւ մատուցեք:
Այս գեղեցիկ եւ անչափ համեղ ուտեստը կարող է դառնալ ինչպես ձեր տոնական սեղանների զարդը, այնպես էլ` հագեցնող եւ համեղ թեթեւ ընթրիք կամ նախաճաշ:
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ