Լրահոս
Օրվա լրահոսը

Մտահոգիչ փաստ է. Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինությունը ճգնաժամ է ապրում

Մայիս 12,2018 20:17

Բնագավառում տիրող վիճակի վերաբերյալ արդարացի բացախոսությունը և ինքնաքննությունը ոչ թե նախահարձակ պաշտպանության առիթ պետք է տա, այլև առողջ մտահոգության, ինչն ամեն դրական անելիքի սկիզբն է:

Մտահոգիչ փաստ է. Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինությունը ճգնաժամ է ապրում: Քաղաքաշինության ճգնաժամի պատճառները խորքային են և բազմաբնույթ, ներառում են բնագավառի գաղափարախոսության, քաղաքականության, կառավարման, տնտեսական ինտեգրման, մասնագիտական գերակայությունների և առանձնահատկությունների, օրենսդրության, տեսական և գործնական կիրառության, մասնագիտական կրթության, միջազգային համագործակցության ողջ համայնապատկերը՝ փոխկապակցված մեկ ամբողջության մեջ:

Հայաստանի Երրորդ Հանրապետության հռչակումից և անկախության ձեռքբերումից հետո, բնագավառի կայացման գործընթացներում տեղ գտած թերացումներն ու բացթողումները ժամանակի ընթացքում ոչ միայն չշտկվեցին, այլև զարգացման դինամիկայից զուրկ, անօգուտ տեղապտույտի մեջ ավելի խորացան`վերաճելով անարդյունավետ և պատեհությամբ թելադրված գործելաձևի: Իսկ արդյունքներն իրենց տարաբնույթ դրսևորումներով ավելի քան խոսուն են, քանզի փաստ է, որ մենք հասարակական կյանքի զարգացման գործընթացներում իրապես կորցրել ենք բնագավառի ազգային կարևորությունը և շահավետությունը, և ըստ այդմ՝ բնագավառին ներկայացվող պետական և հասարակական պահանջարկի չափանիշները:

Ճգնաժամի պատճառաբանությունը սկսենք գլխավորից՝ քաղաքաշինության բնագավառի պետական կառավարումից, քանզի հանրահայտ է, որ որևէ ոլորտում ձախողման պատճառների շարքում վերլուծությունը պարտադիր կարգով բացահայտում է անհամարժեք կառավարման վճռորոշ հանգամանքը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲՆԱԳԱՎԱՌԻ  ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

«Եթե կառավարությունը չկարողանա ստեղծել նոր ուժ և դառնա վատ արատների կազմաքանդող, ինչպիսիք պետք է վերացվեն, ապա վերակառուցման և նորի ստեղծման գործում    վերջինս կդառնա անպետք»:

Նիցշե

ՀՀ Սահմանադրության փոփոխությունների և կառավարման նոր համակարգին անցնելու ներկայիս պայմաններում ժամանակի հրամայականն է և ընձեռած պատեհ առիթը, որպեսզի առողջ և որակապես նոր կառավարություն ստեղծենք, այնպիսի կառավարություն, որի համար պետական կառավարումը լինի միջոց միայն՝ պետականակառույց նպատակներին հասնելու համար: Անքննելի է, որ ցանկացած ժողովուրդ պետություն է ստեղծում իր համազգային նպատակներն իրագործելու համար և գոյության յուրաքանչյուր ժամանակահատվածում այն կարող է արդարացված և պաշտպանված լինել միայն զարգացման ռազմավարական ծրագրերով և դրանց կենսագործմանն ուղղված նպատակային գործողություններով:

Զարգացման ծրագրեր և նպատակային, արդյունավետ պետական կառավարում, ահա մեր պետականության պահպանման և ամրապնդման, հզորացման կարևորագույն երաշխիքները: Ուրեմն հզոր, միասնական հայրենիք ունենալու համազգային նպատակն այսօր մեզ համար ոչ թե հեռավոր ապագայի երազանք պետք է լինի, այլև ամենօրյա տքնաջան աշխատանքի պարտավորություն: Այո, քաղցր պատիժ է՝ ունենալ սեփական պետություն: Իսկ դրա համար, կառավարման բոլոր մակարդակներում, այսօր անհրաժեշտ են կառավարչական նոր որակներ՝ քաղաքական կամք, կառուցողական ինքնահարգ մտածողություն, ծրագրային-հետևողական աշխատանք և նպատակային-արդյունավետ կառավարում: Այժմ  ճգնաժամի մասին: Գաղտնիք չէ, որ պետական կառավարման ցանկացած բնագավառում, ճգնաժամը   բացահայտվում է նախ և առաջ զարգացման դինամիկայից զուրկ, ոչ կառուցողական գործընթացներով, դրսևորվում երկրի հասարակական, տնտեսական և քաղաքական կյանքի զարգացումներին և մարտահրավերներին ոչ համարժեք գործելաձևով:

Պարզ վերլուծությունը ցույց է տալիս, որ ժամանակի ընթացքում քաղաքաշինության բնագավառում աստիճանաբար խորացող ճգնաժամային տարաբնույթ դրսևորումները հայրենի կառավարության կողմից համարժեք ուշադրության չեն արժանացել և ինչպես հարկն է չեն կարևորվել: Արդյունքում, բնագավառի կայացման գործընթացներում տեղ գտած թերացումներն ու բացթողումներն այդ ընթացքում ոչ միայն չեն շտկվել, այլև զարգացման դինամիկայից զուրկ, անօգուտ տեղապտույտի մեջ ավելի են խորացել` վերաճելով անարդյունավետ գործելաձևի:

Արդյունքում, ոլորտի առողջացմանն ուղղված զարգացման ծրագրերի և գործնական քայլերի փոխարեն կառավարման պրոցեսն ուղղակի ենթարկվել է իմիտացիայի և փոխարինվել խաղի այլ կանոններով՝ բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնում պարբերաբար իրականացվող զուտ կառուցվածքային փոփոխություններով:

Հետևանքը եղել է այն, որ կառավարման պրոցեսն աստիճանաբար ստորադասվել է լիազոր մարմնի՝ քաղաքաշինության նախարարության հայեցողությանը և պասիվ նախաձեռնությանը:

Եվ այսօր, որպես ապացույց, ունենք այն, ինչ ունենք՝ հերթական կառուցվածքային փոփոխության արդյունքում քաղաքաշինության նախարարությանը իրավահաջորդ նոր մարմին՝ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե:

Այսինքն՝ դարձյալ կառուցվածքային փոփոխություն և դարձյալ ոչինչ:        Կասկածից վեր է, որ եթե քաղաքաշինությունն իր կարևորությամբ ինչպես հարկն է գիտակցվեր և գնահատվեր հայրենի կառավարության կողմից, բնագավառն ի սկզբանե նման վիճակում չէր հայտնվի: Կառավարման տեսանկյունից սա անընդունելի շռայլություն է, ի դեմս քաղաքաշինության, հրաժարվել երկրի տարածական կազմակերպման, սոցիալ-տնտեսական, տարածքային կայուն և համաչափ զարգացման, ազգային անվտանգության ապահովման բարդ և օրակարգային խնդիրների լուծման լուրջ գործիքակազմից:

Իրավամբ կարող ենք ամրագրել, որ անհամարժեք պետական կառավարման արդյունքում քաղաքաշինությունը գործնականում դուրս է մղվել երկրի սոցիալ-տնտեսական ռազմավարության և պետական քաղաքականության ձևավորման գործընթացներից՝ ստորադասվելով երկրի զարգացման գերակա նպատակների և պրոբլեմների հետ առնչություն չունեցող, մանրախնդիր գործընթացներին:

Սա մասնագիտական պատվախնդրությունից զատ, առավել քան քաղաքական հարց է և հարկ է, որպեսզի Կառավարության կողմից արժանանա համարժեք ուշադրության և գնահատվի հրատապ-օրակարգային: Այս ուղղությամբ ձեռնարկած քայլերը պետք է հետապնդեն մեկ գլխավոր նպատակ՝ քաղաքաշինությունը, որպես երկրի զարգացման գլխավոր գերակայություններից մեկը, ստվերից դուրս բերել ակտիվ հասարակական, քաղաքական և մտավոր դաշտ, այն ներառելով երկրի սոցիալ-տնտեսական ռազմավարության և պետական քաղաքականության ձևավորման գործընթացներում:

Ասվածը պատկերավորելու համար, ներկայացնենք երկրի տարածքային կայուն զարգացման և քաղաքաշինության բնագավառի կառավարման ոլորտներում առկախ և հրատապ լուծում պահանջող որոշ պրոբլեմներ, որոնց լուծումը մեծապես պայմանավորված է ՀՀ կառավարության կողմից քաղաքաշինության քաղաքականություն և ռազմավարություն (որոնք առ այսօր բացակայում են) ապահովելու և դրանք հետևողականորեն իրագործելու պարտադիր պայմաններով:

Առկա պրոբլեմները բնութագրվում են՝

– երկրի տարածքային, սոցիալ-տնտեսական զարգացման անհամաչափությունների խորացման մտահոգիչ մակարդակով, երկրի տնտեսական և մշակութային տարածության միասնականության և ամբողջականության խզմամբ,

-տարաբնակեցման համակարգում քաղաքային և գյուղական բնակավայրերի անհամաչափ տեղաբաշխմամբ, Երևանյան և Արարատյան ագլոմերացիաների և այլ տարածաշրջանների բնակեցման խիստ անհավասարությամբ, կառավարման անհրաժեշտ գործիքակազմի բացակայությամբ,

–  տրանսպորտային, ինժեներական և սոցիալական ենթակառուցվածքների ոչ բավարար մակարդակով,

– Երևան քաղաքի և մարզերի միջև տնտեսական զարգացման անհամաչափությունների անկառավարելի և շարունակական աճով, արդեն իսկ՝ ազգային անվտանգությանը սպառնացող վտանգավորության աստիճանի բևեռացմամբ,

–  արտագաղթի աննախադեպ ծավալներով և դրանով պայմանավորված՝ բնակչության քանակի ընդհանուր նվազեցմամբ (հատկապես սահմանամերձ և ծայրամասային գյուղերում), ներկայիս ժողովրդագրական մտահոգիչ կառուցվածքով,

–  տնտեսության ազատականացման և տնտեսավարման նոր պայմաններին ոչ համապատասխան և երկրի զարգացմանը լուրջ խոչընդոտ հանդիսացող տարաբնակեցման ներկայիս համակարգով,

–  համայնքների խոշորացման և միջհամայնքային համագործակցության ձևավորման գործընթացների անընդունելի դանդաղ տեմպերով և դրանցով պայմանավորված՝ տարաբնակեցման համակարգերի արմատական վերակառուցման ներկայիս հրամայականով,

–  փոքր և միջին քաղաքների քաղաքակազմ գործոնների և զարգացման տնտեսական  հիմքերի կորստով, դրանք վերաիմաստավորելու և վերակազմավորելու հրատապությամբ, –  երկրի բնակչության առողջությանը սպառնացող Էկոլոգիական անվտանգության վիճակով, բնական ռեսուրսների ոչ համարժեք և անվերահսկելի շահագործման արդյունքում՝ շրջակա միջավայրի վատթարացման միտումների օրեցօր արձանագրվող աճով,

–  երկրի անկրկնելիությունը, բնական-լանդշաֆտային, միջավայրային ինքնատիպությունը, ճարտարապետա-հատակագծային կազմակերպման եզակիությունը կերպավորող, բարձրարժեք պատմամշակութային արժեք ունեցող համալիրների և որոշ բնակատեղիների ներկայիս օտարացմամբ և վերացման վտանգով,

–  ռազմավարական և ընթացիկ խնդիրների արդյունավետ զուգորդումը ապահովող պետական քաղաքաշինական քաղաքականության և ռազմավարության բացակայությամբ և դրա մշակման ակնհայտ անորոշությամբ,

–  քաղաքաշինության բնագավառում ներդրումային քաղաքականության և պետություն-մասնավոր հատված համագործակցությունը կարգավորող համապատասխան օրենսդրության և գործիքակազմի բացակայությամբ,

–  քաղաքաշինական գործունեության կառավարման և կարգավորման ցածր մակարդակով, իշխանության մարզային և տեղական մակարդակներում  քաղաքաշինության կառավարման մարմիններում մասնագիտական կադրերի բացակայությամբ,

–  քաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման) փաստաթղթերի մշակման միասնական մեթոդոլոգիայի բացակայությամբ,

–  հանրապետության բնակավայրերի ներկայիս ֆունկցիոնալ–տիպոլոգիական առանձնահատկությունների, տնտեսական ներուժի գնահատման և զարգացման, գերակայությունների անորոշությամբ,

–  տեղեկատվական և գիտամեթոդական ապահովման անբավարարությամբ, քաղաքաշինության տեղեկատվական համակարգի բացակայությամբ,

–  «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի և դրա հետ կապված նորմատիվ-կարգավորիչ փաստաթղթերի արմատական վերանայման և կատարելագործման անհրաժեշտությամբ,

–  ոլորտային գիտական մասնագիտական կազմակերպությունների լուծարմամբ պայմանավորված՝ քաղաքաշինության գիտական և գործնական հեղինակության կորստով,

–  Երկրի կայուն զարգացման ասպարեզում ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում՝ ՄԱԿ-ի և ՄԱԿ- ՀԱԲԻԹԱԹ, Եվրոպական Խորհրդի «Քաղաքների Եվրոպական խարտիայի II», ինչպես նաև տարածական (ռեգիոնալ) պլանավորմանն ուղղված նախարարների եվրոպական համաժողովներում ընդունված դրույթների (CEMAT ) կենսագործման աշխատանքների ոչ բավարար մակարդակով և այլն: Պրոբլեմները շատ են և խիստ փոխկապակցված, որոնք դեռ կարելի է թվարկել:

Պետական կառավարման ճգնաժամի դրսևորումերը լուրջ խորհելու տեղիք են տալիս, քանի որ դրանք օբյեկտիվորեն հանգեցնում են գործադիրի կողմից իրականացված  թույլ կառավարման անցանկալի իրողությանը, հատկապես այն առումով, որ նման պայմաններում պետական կառավարման մարմինները գերատեսչական «արտոնություններ են» ձեռք բերում՝ ի հակակշիռ կառավարությանը, դրանից բխող անցանկալի հետևանքներով:

Մենք չպետք է կրկնենք երեկվա սխալները, քանզի ոչ դրա ժամանակն ունենք և ոչ էլ դրա իրավունքը: Այնպես որ անհրաժեշտ է չընկրկել և ամենօրյա նպատակադրված աշխատանքով առաջ գնալ:

Եկել է ժամանակը և մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի ներկան վերափոխի անցյալն այնչափ, որքանով անցյալը կառավարում է ներկան:

Աշոտ Հակոբյան                                                               

ճարտարապետ                                                                     

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031