Գարեգին Չուգասզյանը (Գ.Չուգասզյանը Մատենադարանի երջանկահիշատակ փոխտնօրեն Բաբկեն Չուգասզյանի որդին է), որի խափանման միջոց կալանքը դատարանի որոշմամբ փոխվել է և ազատ է արձակվել երեկ՝ մայիսի 11-ին, այսօր հացադուլը որոշել է շարունակել Մատենադարանի տարածքում՝ Մաշտոցի արձանի հարևանությամբ: Գարեգին Չուգասզյանի եղբայրը` Լևոն Չուգասզյանը, ուղեկցող երկու անձանց հետ հանդիպել է Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանին և փոխտնօրեն Կարեն Մաթևոսյանին: Հանդիպման ընթացքում Մատենադարանի տնօրինությունը հայտնել է, որ պատրաստ է աշխատանքային ժամերին կենցաղային պայմաններ (սանհանգույց, ջուր և այլն) տրամադրել հացադուլավորին, ով իր նախաձեռնությամբ ծածկ ու վրաններ է հաստատել նշված տարածքում:
Միաժամանակ նշվել է, որ նույն այդ պայմանները հնարավոր չէ ապահովել երեկոյան 18:00-ից հետո, քանի որ Մատենադարանը Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա շենքերի ու շինությունների ցանկում է, և այդ ժամից սկսած Մատենադարանում, բացի ՀՀ Ոստիկանության ՊՊԳՎ-ի աշխատակիցներից ոչ ոք, այդ թվում՝ Մատենադարանի աշխատակիցները, չեն կարող գտնվել:
Մատենադարանում 18:00-ից միանում են ձայնաազդանշանային, տագնապային և անվտանգության այլ համակարգերը:
Կոչ ենք անում լրատվական գործակալություններին զերծ մնալ Մատենադարանի վերաբերյալ չճշտված տեղեկատվություն տարածելուց:
Մատենադարանի լրատվական ծառայություն