Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպիսի՞ն կլինի Իրանի արձագանքը Միջուկային համաձայնագրից դուրս գալու` Թրամփի որոշումից հետո

Մայիս 12,2018 18:56

Արմեն Վարդանյան

ՄԱՀՀԻ փորձագետ, Իրանագետ

Մարտի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակեց իր երկրի` Իրանի Միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին որոշումը: Այն, ընդհանուր առմամբ, անսպասելի չէր` հաշվի առնելով, որ Թրամփը դեռևս իր նախընտրական քարոզարշավի ընթացքում էր այդ փաստաթուղթն անվանել «դարի ամենավատ գործարքը» և խոստացել, որ նախագահ ընտրվելու դեպքում կչեղարկի դա: Նախագահ ընտրվելուց հետո վերջինս փորձեց սահմանափակել Իրանի հրթիռային ծրագիրը` հայտարարելով, որ Իրանի ունեցած բալիստիկ հրթիռները կարող են կրել միջուկային մարտագլխիկներ: Սակայն Իրանը կտրականապես հրաժարվեց քննարկման առարկա դարձնել իր հրթիռային կամ Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու հարցը: Եվ միայն դրանից հետո ԱՄՆ-ը միակողմանիորեն հրաժարվեց Իրանի Միջուկային համաձայնագրից` Համատեղ համապարփակ գործողությունների պլանից:

Իրանական իսթեբլիշմենթի ներկայացուցիչները, ինչպես և սպասվում էր, այս որոշումն ընդունեցին Միացյալ Նահանգների նկատմամբ սուր քննադատությամբ: Գերագույն առաջնորդն ԱՄՆ նախագահի խոսքերն անվանեց դատարկ խոսքեր: Նա հայտարարեց, որ Իրանի հետ ԱՄՆ խնդիրները ոչ մի կապ չունեն միջուկային ծրագրի հետ, և Միացյալ Նահանգներին ընդամենը պատրվակ էր պետք Միջուկային համաձայնագիրը խզելու համար[i]:

«Այս երեկո մենք պատմական կարևոր իրադարձության ականատեսը դարձանք: Քառասուն տարիների ընթացքում կրկնել ենք, որ Իրանը մի երկիր է, որը հավատարիմ է իր պարտավորություններին, իսկ Միացյալ Նահանգները` մի երկիր, որը երբեք չի կատարել իր պարտավորությունները[ii]», – հայտարարեց Իրանի նախագահ Ռոուհանին:

Իրանի Արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Twitter-ի իր էջում գրել է. «Ի պատասխան ԱՄՆ-ի կողմից միջուկային գործարքի խափանմանը` Իրանը կուսումնասիրի այս միջազգային Համաձայնագրում իր մնալու հարցը»[iii]:

ԱՄՆ-ի կողմից Միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին Թրամփի որոշումը դատապարտվել է նաև Համաձայնագրի մաս կազմող մյուս կողմերի` Ռուսաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Թագավորության կողմից:

Այս որոշումից հետո միջազգային քաղաքականության օրակարգի թիվ մեկ հարցը հետևյալն է` ինչպիսի՞ն կլինի իրանական թնջուկի հանգուցալուծումը, և ի՞նչ հետևանքներ կունենա ԱՄՆ-ի՝ Համաձայնագրից դուրս գալը:

Ստեղծված պայմաններում Թեհրանն ունի Վաշինգտոնին պատասխանելու երկու տարբերակ, ինչի մասին խոսեցին Իրանի բարձրագույն ղեկավարները: Առաջինը` հավատարիմ մնալ Միջուկային համաձայնագրին, եթե այն ի վիճակի է ապահովել Իրանի ազգային շահերը և եթե Համաձայնագիրը ստորագրած մյուս կողմերը հավատարիմ մնան Գործողությունների համատեղ համապարփակ պլանին (ԳՀՀՊ): Այս կապակցությամբ Իրանի նախագահը նշեց, որ ամեն ինչ պայմանավորված է իրենց ազգային շահերով: «Եթե ԳՀՀՊ -ն լինի ընդամենը մի թուղթ, որը չհամապատասխանի իրանական ժողովրդի շահերին, ապա մենք կունենանք մեր հստակ ուղին: Վստահեցնում եմ մեր ժողովրդին, որ կառավարությունը մի քանի ամիս առաջ մշակել է բոլոր հնարավոր իրավիճակների համար անհրաժեշտ ծրագիր, և մենք նույնիսկ նվազագույն խնդիրներ չենք ունենա[iv]»-հայտարարել է Ռոուհանին:

Իսկ երկրորդ տարբերակը ենթադրում է Միջուկային համաձայնագրից Իրանի դուրս գալը և ուրանի հարստացման վերսկսելն արդյունաբերական նպատակներով, այսինքն`գնալ միջուկային զենքի ստեղծմանը: Իրանի նախագահն այս կապակցությամբ հայտարարել է, որ հանձնարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությանն անհրաժեշտության դեպքում նախապատրաստվել առանց որևէ սահմանափակման արդյունաբերական նպատակներով ուրանի հարստացմանը: Սակայն, միևնույն ժամանակ, նա ավելացրել է, որ Իրանը խորհրդակցություններ կանցկացնի Միջուկային համաձայնագրի մաս կազմող մյուս կողմերի հետ, և եթե դրանից հետո հանգեն այն եզրակացությանը, որ մյուս հինգ երկրների հետ համագործակցության ժամանակ Իրանը կկարողանա հասնել այն ամենին, ինչն անհրաժեշտ է Իրանի ժողովրդին, ապա, չնայած Միացյալ Նահանգների ու սիոնիստական ​​ռեժիմի  ցանկությանը, նրանց ջանքերին ու Թրամփի անպարկեշտ արտահայտություններին, ԳՀՀՊ-ն կպահպանվի, և իրենք կկարողանան տարածաշրջանում և աշխարհում խաղաղություն ու անվտանգություն հաստատելու համար քայլեր ձեռնարկել:

Դատելով Իրանի բարձրագույն ղեկավարության հայտարարություններից` Թեհրանն առայժմ պատրաստվում է գնալ առաջին ճանապարհով: Այսպես, Այաթոլլահ Խամենեին երկրի իշխանություններին կոչ արեց եվրոպական երկրներից պահանջել Միջուկային համաձայնագրի իրականացման երաշխիքներ: «Եթե եվրոպական երկրները պատրաստ չեն ապահովել Միջուկային համաձայնագիրը, ապա չի կարելի պահպանել ԳՀՀՊ-ն[v]», – ավելացրեց Գերագույն առաջնորդը:

Իսկ Իրանի նախագահը հայտարարել է հետևյալը. «Այսուհետ մենք կշարունակենք Միջուկային համաձայնագրի աշխատանքը Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Չինաստանի և Ռուսաստանի հետ, առանց ԱՄՆ-ի մասնակցության»[vi]:

«Եվրոպական եռյակի»-ի` Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդները, իրենց հերթին հայտարարեցին, որ Իրանը պետք է զուսպ արձագանքի Միջուկային համաձայնագրից դուրս գալու ԱՄՆ-ի որոշմանը և կոչ արեցին Թեհրանին չհրաժարվել ԳՀՀՊ-ից:

Միևնույն ժամանակ, Մերկելը, Մակրոնը և Մեյը նշեցին, որ իրենց կառավարությունները շարունակում են հավատարիմ մնալ Իրանի հետ Համաձայնագրի իրականացմանը և մտադիր են աշխատել Համաձայնագրի մյուս կողմերի հետ, որպեսզի այն շարունակի գործել: «Դա ներառում է նաև տնտեսական օգուտների պահպանումն Իրանի ժողովրդի համար, որը կապված է Համաձայնագրի հետ», – նշել են հայտարարության հեղինակները: «Քանի դեռ Իրանը շարունակում է կատարել Միջուկային համաձայնագրով նախատեսված իր պարտավորությունները, ԵՄ-ը կշարունակի հավատարիմ մնալ միջուկային գործարքի լիարժեք և արդյունավետ իրականացմանը[vii]», – ասված է ԵՄ հայտարարության մեջ:

Ուշագրավ էր ԵՄ Արտաքին քաղաքականության ու անվտանգության բարձր ներկայացուցիչ և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարությունը: Մոգերինիի խոսքերով՝ Իրանի Միջուկային համաձայնագիրն Իրանի 12 տարիների դիվանագիտության արդյունք է, այն պատկանում է ողջ համաշխարհային հանրությանը և արդյունք է տալիս` ապահովելով Թեհրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթը:

Ավելին, Եվրամիության ներկայացուցիչները հասկացնել են տվել, որ եթե ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները հարվածեն ԵՄ-ի շահերին, ապա նրանք կպաշտպանեն իրենց տնտեսական շահերը: Մոգերինին, մտահոգություն հայտնելով ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառման վերաբերյալ, պարզաբանեց, որ ԵՄ-ը վճռական է պաշտպանելու իր տնտեսական ներդրումները: Իր հերթին, Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Բենջամին Գրիվոն հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստ է Առևտրի համաշխարհային կազմակերպությունում վիճարկել ցանկացած միակողմանի միջոց, որը վնաս կհասցնի եվրոպական ընկերություններին: Նրա խոսքերով՝ եվրոպական երկրները պատրաստ են համարժեք պատասխան տալ ԱՄՆ-ին`գործելով այդ միջազգային կազմակերպության կանոններին համապատասխան[viii]:

Ինչ վերաբերում է Միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի՝ միակողմանիորեն դուրս գալու հետևանքներին, ապա այստեղ առաջանում է ևս մեկ կարևոր հարց` ինչպիսի՞ պատժամիջոցներ կկիրառվեն Իրանի դեմ մոտ ապագայում: Նախքան ԳՀՀՊ-ի ստորագրումը Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցներ են կիրառվել տարբեր մակարդակներում և տարբեր կողմերից: Իրանի դեմ 6 բանաձև է ընդունվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից, որով արգելվում էր Իրանին վաճառել տեխնոլոգիաներ և այնպիսի նյութեր, որոնք կարող էին օգտագործվել միջուկային զենքի պատրաստման համար, կալանք էր դրվել այն ընկերությունների և հաշիվների վրա, որոնք կապված էին Իրանի միջուկային ծրագրի հետ: Իրանից պահանջվում էր դադարեցնել ուրանի հարստացումը և այլն: Քանի որ Թեհրանը հայտարարել է, որ մտադիր է մնալ ԳՀՀՊ-ում և ՄԱԿ-ի մշտական ​​անդամ բոլոր երկրները, բացառությամբ ԱՄՆ-ի, աջակցում են համաձայնագրին, ապա կարելի է վստահորեն ենթադրել, որ մոտ ապագայում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Իրանի դեմ նոր պատժամիջոցներ չեն ընդունվի:

Բացի այդ նախքան ԳՀՀՊ-ի ստորագրումն Իրանի դեմ պատժամիջոցներ են սահմանել ԱՄՆ-ն, ԵՄ-ն և մի շարք այլ երկրներ (Կանադա, Ավստրալիա, Հարավային Կորեա և Ճապոնիա): ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ մի քանի փուլով: Այսպես, 2010թ. ԵՄ ղեկավարությունը պատժամիջոցներ է կիրառել իրանական էներգետիկայի և նավագնացության նկատմամբ: 2012թ. ԵՄ երկրների Արտաքին գործերի նախարարների որոշմամբ արգելվել է իրանական նավթի արտահանումը Եվրոպա: 2015թ. Եվրոպական Միությունը պատժամիջոցներ է սահմանել «Իրանական ազգային տանկերային ընկերության» դեմ: Այս պատժամիջոցները, որոնք հենց եվրոպացի պաշտոնյաների կողմից անվանվել են ԵՄ-ի կողմից որևէ երկրի նկատմամբ երբևէ սահմանված ամենախիստ պատժամիջոցները, խստացրել են Իրանի համար սահմանափակումներն արտաքին առևտրի, ֆինանսական հատվածի, էներգետիկայի և տեխնոլոգիաների ոլորտներում, արգելել են  եվրոպական ապահովագրական ընկերությունների կողմից ​​Իրանի պետական և մասնավոր ընկերությունների ապահովագրությունը և վերաապահովագրությունը, ԵՄ երկրներին արգելում էին իրանական նավթ գնել և այլն: Հարկ է նշել, որ նախապատժամիջոցային ժամանակահատվածում Իրանն օրական գրեթե 1 մլն բարել նավթ էր վաճառում Եվրոպայում, և իրանական նավթից հրաժարվելու ԵՄ-ի որոշումը հանգեցրեց իրանական տնտեսության փլուզմանը, և շատ վերլուծաբանների կարծիքով՝ դեպի ԵՄ իրանական նավթաքիմիական արտադրանքի արտահանման վրա սահմանված էմբարգոն ու միջազգային SWIFT համակարգից Իրանի հեռացումը ստիպեցին այդ երկրի իշխանություններին միջուկային ծրագրի սահմանափակման վերաբերյալ Համաձայնագիր կնքել: Այդ իսկ պատճառով Իրանը չի ցանկանում չեղարկել  ԳՀՀՊ-ը, որպեսզի ապագայում խուսափի Իրանի դեմ ԵՄ-ի նոր պատժամիջոցներից և դիմակայի միայն ամերիկյան պատժամիջոցներին:

Ինչ վերաբերում է Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից հնարավոր նոր պատժամիջոցներին, ապա պետք է նշել, որ Միացյալ Նահանգների Ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնումը կտևի 90-ից 180 օր: Ինչպես նշվում է փաստաթղթում, այս ժամանակահատվածում Իրանի ամերիկյան գործընկերները պետք է դադարեցնեն այդ երկրի հետ բիզնես վարելը: Փաստաթղթի համաձայն՝ 90 օրվա ընթացքում վերականգնվելու է Իրանի նկատմամբ պատժամիջոցները փոխարժեքային, մետաղների առևտրի, ինքնիշխան պարտքի, ավտոմոբիլային ոլորտներում, իսկ 180 օրվա ընթացքում պատժամիջոցները կվերականգնվեն նավագնացության, նավթի և էներգետիկայի ոլորտներում: Ավելին, Թրամփի որոշումից ընդամենը 2 օր անց ԱՄՆ Գանձապահության նախարարությունը 3 ընկերությունների և 6 անձանց ներառեց պատժամիջոցների ցուցակում` Իսլամական հեղափոխության պահակազորի հետ կապեր ունենալու պատճառաբանությամբ:

Պետք է նշել, որ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ  ոչ միայն նախքան ԳՀՀՊ-ի ստորագրումը, այլև դրանից հետո: Այսպես, նախքան Իրանի և «5 + 1»  խմբի միջև Միջուկային համաձայնագրի ստորագրումն այդ պատժամիջոցները վերաբերում էին իրանական ֆինանսական ընկերություններին և հիմնադրամներին, «Իրանական ազգային տանկերային ընկերությանը» և նրան պատկանող նավերին և ֆիրմաներին, իրանական նավթաքիմիական ընկերություններին, ինչպես նաև պատժամիջոցների տակ է ընկել իրանական Iran Air ավիաընկերությունը, այդ երկրի նավագնացական ընկերությունները, Իրանի Կենտրոնական բանկը և Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապված բանկերը, ինչպես նաև այն նավթային, էներգետիկ և ապահովագրական ընկերությունները, որոնք կառավարվում են Իրանի կառավարության կողմից:

Այն բանից հետո, երբ Իրանն իր միջուկային ծրագրում զիջումների գնաց, ԱՄՆ-ի կառավարությունը 2016թ. պատժամիջոցներից ազատեց 59 ֆիզիկական անձանց (Իրանի և այլ երկրների քաղաքացիների), 385 ընկերությունների, 77 ինքնաթիռների և 227 նավերի (դրանց թվում՝ նավթային ընկերությունների): Սակայն Իրանի դեմ որոշ պատժամիջոցներ այդպես էլ չեղյալ չհամարվեցին:

Ավելին, որոշ նոր պատժամիջոցներ սահմանվեցին մինչև Միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը: Այսպես՝ 2017թ. փետրվարի 3-ին՝ «միջուկային գործարքից» մեկ տարի անց, Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից նոր պատժամիջոցներ են սահմանվել Իրանի դեմ: Պատժամիջոցների ներքո են հայտնվել 8 իրանական ընկերություններ, որոնց գործունեությունը իբրև թե կապված էր ահաբեկչության հետ: Եվս 17 ընկերությունների դեմ սահմանափակող միջոցներ են ընդունվել բալիստիկ հրթիռների զարգացման և արտադրության մեջ մասնակցության համար: Բոլոր միջոցները ձեռնարկվել են Իրանի միջուկային ծրագիրը զսպելու համար: Բացի այդ 2016թ. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է մի օրինագիծ, որով արգելվում էր Boeing ուղևորատար օդանավի վաճառքն Իրանին, չնայած այն բանին, որ 16.5 մլրդ դոլար արժողությամբ 80 ուղևորատար  օդանավերի վաճառքի վերաբերյալ համաձայնագիր էր կնքվել Իրանի և Boeing ընկերության միջև:

Այնպես որ Իրանի նկատմամբ նախկինում սառեցված բոլոր պատժամիջոցները կվերականգնվեն, և ամենայն հավանականությամբ  կսահմանվեն նորերը: Բացի այդ ԱՄՆ-ի կառավարությունը, հավանաբար, կփորձի պատժամիջոցային քաղաքականության մեջ ներգրավել իր որոշ դաշնակիցների, օրինակ` Կանադային, Հարավային Կորեային և Ճապոնիային: Վերջին երկուսն Ասիայում Չինաստանի և Հնդկաստանի հետ մեկտեղ իրանական նավթի խոշորագույն ներկրողներ են, և Վաշինգտոնը մեծ ճնշումներ կգործադրի այդ երկրների վրա, որպեսզի ստիպի նրանց հրաժարվել իրանական նավթի գնումից:

Անդրադառնալով Թրամփի որոշման քաղաքական հետևանքներին` պետք է ասել, որ ԱՄՆ-ում ևս ոչ միանշանակ են ընդունել այդ որոշումը: Թրամփի որոշումը քննադատել են Օբամայի վարչակազմի ազդեցիկ ներկայացուցիչները, սկսած նախկին նախագահ Բարաք Օբամայից մինչև նախկին պետքարտուղար Ջոն Քերին, ինչպես նաև ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջիմի Քարտերը և այլոք: ԱՄՆ-ում մտավախություններ կան, որ այսուհետ իրենց երկիրը միջազգային հանրության կողմից կհամարվի ոչ հուսալի գործընկեր, քանի որ հավատարիմ չի մնում իր իսկ կողմից ստորագրած պայմանագրերին: Բացի դրանից ԱՄՆ-ը, ըստ էության, նոր առճակատման է գնում նաև իր եվրոպական գործընկերների հետ, ինչպես նաև նպաստում Մերձավոր Արևելքում լարվածության ուժեղացմանը: Այս տեսանկյունից ուշագրավ էր ԱՄՆ 3 նախագահների (Ֆորդ, Քարտեր և Ռեյգան) օրոք Իրանի հարցերով նախկին խորհրդական Գարի Սիկի հայտարարությունը, ըստ որի՝ ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ միակողմանի պատժամիջոցների սահմանումն արդյունավետ չէ, քանի որ 40 տարիների ընթացքում Միացյալ Նահանգները բազմաթիվ պատժամիջոցներ է կիրառել Իրանի նկատմամբ, բայց դրանք արդյունավետ են եղել միայն այն ժամանակ, երբ ԱՄՆ-ի կողմից հանդես են եկել և պատժամիջոցներին միացել նրա դաշնակիցները, սակայն այժմ նման իրավիճակ չկա[ix]:

Թրամփի որոշումը բուռն հուզումների ալիք է բարձրացրել նաև Իրանում: Այդ երկրի Մեջլիսում կոչ են արել երկրի ղեկավարությանը կոշտ և համարժեք արձագանքել ԱՄՆ-ին: Բացի դրանից Իրանի իշխանության հասցեին բուռն քննադատության տարափ է տեղացել այդ երկրի պահպանողական շրջանակների կողմից, որոնք ժամանակին խիստ քննադատել են Իրանի Միջուկային համաձայնագիրը: Կարելի է ասել, որ վերջին օրերին այդ պահպանողական շրջանակների դիրքերը որոշ չափով ուժեղացել են, և Թրամփի որոշումն Իրանում հակաամերիկյան տրամադրությունների ավելի խստացման պատճառ կդառնա:

Այնպես որ մոտ ապագայում միջազգային քաղաքականության մեջ նոր լարվածություն կառաջանա: Մերձավոր Արևելքում լարվածությունը կավելանա ԱՄՆ-ի ու նրա մերձավորարևելյան որոշ դաշնակիցների (Իսրայել և Սաուդյան Արաբիա) և Իրանի միջև: Ավելին, շատ հնարավոր է, որ Իրանը և Իսրայելը պատերազմ սկսեն Սիրիայի տարածքում, քանի որ վերջին ժամանակներս գրանցվել են Իսրայելի կողմից Սիրիայի տարածքում գտնվող իրանական թիրախների և Իրանի կողմից Գոլանի բարձունքներում գտնվող իսրայելական թիրախների հրթիռակոծումներ: Բացի դրանից Թրամփի որոշումը կտրուկ սրել է նաև ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև հարաբերությունները, քանի որ հին աշխարհի երկրները վճռականորեն հանդես են գալիս Իրանի նկատմամբ ԱՄՆ նոր քաղաքականության դեմ, ինչպես նաև Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ Թրամփի վարչակազմի որոշումը կհարվածի Իրանի հետ բիզնես հարաբերությունների մեջ գտնվող որոշ եվրոպական ընկերություններին:

 «Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

[i] Верховный Лидер назвал пустыми слова президента США

[ii] President in a televised address to people on JCPOA

[iii] Зариф: Иран изучит продолжение своего участия в СВПД

[iv] Израиль, Саудовская Аравия и Бахрейн поддержали выход США из СВПД

[v] Верховный Лидер назвал пустыми слова президента США

[vi] Рухани: СВПД между Ираном и «шестеркой» сохраняться без США

[vii] Меркель, Макрон и Мэй призвали Иран придерживаться ядерного соглашения

[viii] Франция заявила о готовности ЕС оспорить санкции против Ирана в ВТО

[ix] Трамп ставит США в противопозицию со своими союзниками: американский дипломат

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031