Մամուլում տեղեկություններ են տարածվել, թե «Ծառուկյան» խմբակցությունում թեժ պայքար է սկսվել նախարարական պաշտոնների համար, ընդհուպ, այն աստիճան, որ փոխվարչապետի պաշտոնին հավակնող Միքայել Մելքումյանը շատ զայրացել է, որ իրեն չեն տալիս այդ պաշտոնը եւ ուզում է վայր դնել իր մանդատը:
Այս առնչությամբ Aravot.am-ը փորձեց ճշտել խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանից: Նա ասաց. «Այս պահին ես, պարոն Մելքումյանը, պարոն Էնֆիաջյանը միասին գտնվում ենք երեւանյան սրճարաններից մեկում: Մեր խմբակցությունում որեւէ խժդժություն, որեւէ պաշտոնակռիվ չկա: Մենք ամեն մեկս մեր տեղը եւ դերը շատ լավ գիտենք եւ հասկանում ենք եւ այն, ինչ կորոշի Գագիկ Ծառուկյանը խմբակցության եւ մեզ հետ քննարկելով, միանշանակ, եղել է, կա եւ լինելու է ընդունելի: Ավելին, մեզ համար իմ եւ իմ ընկերներ Միքայելի եւ Վահեի համար շատ հասկանալի է, թե որտեղից են ուղղորդվում նման անամոթ, անպարկեշտ հրապարակումները: Այս պահին՝ այսքանը»:
Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ «հաջորդ սերիայում» նաեւ կնշի, թե ով է նման հրապարակումների սկզբնաղբյուրը:
Մենք, այնուամենայնիվ, ճշտեցինք՝ Միքայել Մելքումյանը վայր դնելո՞ւ է իր մանդատը, ինչպես շրջանառվում է մամուլում՝ Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Միքայել Մելքումյանը նստած է իմ կողքին, նա ունի շատ բարձր տրամադրություն: Միքայել Մելքումյանը պատգամավորական մանդատը վայր դնելու ոչ մի ցանկություն եւ ոչ մի մտադրություն չունի, սա՝ ի գիտություն բոլոր անհանգիստներին, ովքեր փորձում են ընկերների մեջ խժդժություններ մտցնել՝ իրենց բնորոշ նեղ, կեղտոտ գործելաոճն առաջ տանելու համար»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ