ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ «Հիմնադիր խորհրդարանը» չի հանդիպել եւ քննարկումներ չի ունեցել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց քաղբանտարկյալների ազատման պահանջով հացադուլի մեջ գտնվող «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման համակարգող եւ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար մեղադրվող Գարեգին Չուգասզյանը, որը երեկ է ազատվել կալանքից: «Ըննդիմադիր դաշտում տարիներ շարունակ Նիկոլ Փաշինյանի հետ գործընկերներ ենք եղել: Նա ինձ այցելել է բանտում, գործնական շփումներ ենք ունեցել»,-վստահեցրեց Չուգասզյանը՝ հավելելով, որ եթե կողմերից մեկն անհրաժեշտություն տեսնի, իրար կդիմեն հանդիպման առաջարկով:
Ապա Գարեգին Չուգասզյանն անդրադարձավ այն փաստին, որ ՊՊԾ գնդի գրավման օրերին «Սասնա ծռեր» խմբի անդամների եւ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջեւ հակասություն, անհամաձայնություն է եղել: «Այդ օրերին սադրիչ գործողություններ են եղել՝ «Սասնա ծռերի» եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ սեպ խրելու նպատակով: Իմ կարծիքով՝ ճիշտ կլիներ, որ ճիշտ էր միանալը: Ես դա եւ «ծռերին» եմ ասել, եւ Նիկոլին: Ես քննադատել եմ «ծռերի» արտահայտությունները, նրանք հրեշտակներ չեն, գնահատում ենք իրենց արածը, բայց թերություններն էլ պետք է ասենք»,-պարզաբանեց Գարեգին Չուգասզյանը:
Ապա հավելեց. «Եթե այդ սեպը չխրվեր, 2 տարի առաջ կլիներ այս հեղափոխությունը եւ գուցե կլիներ Փաշինյանի կառավարությունը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ