Լրագրողների հետ զրույցում այսօր քաղբանտարկյալների ազատման պահանջով հացադուլի մեջ գտնվող «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման համակարգող եւ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար մեղադրվող Գարեգին Չուգասզյանը, որը ՊՊԾ գնդի գրավումից հետո ընդհատակում էր, հայտարարեց, որ ինքը ՀՀ-ից այդ ընթացքում չի փախել, իսկ տեղեկությունները, թե ապաստանի համար դիմել է օտարերկրյա դեսպանատներին, սուտ են: Նա բացատրեց՝ որոշել է ընդհատակից դուրս գալ ապրիլի 23-ին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը, քանի որ քաղաքական իրավիճակ էր փոխվել: Հիշեցնենք, որ Չուգասզյանը երեկ ազատվել է կալանքից:
Նա բացահայտեց, որ ապրիլի 16-ին, երբ Երեւանից դուրս գտնվող ինչ-որ տանը եղել է որոշակի գործերով, ոստիկանական մեծ խումբ է ներխուժել եւ իրեն բերման ենթարկելու փոխարեն՝ մեկ ուրիշին բերման ենթարկել:
«Ուզում եմ ասել, թե ինչ որակի է մեր իրավապահ համակարգը: Այդ մարդուն տարան, ինձ էլ հարցրին՝ «ստեղի գյուղացի՞ ես»: Եթե պատասխանեի, խոսքիցս կզգացվեր, որ տեղացի չեմ, դրա համար ասեցի՝ «ըհը»: Սա փաստում է մեր հետախուզական մարմինների որակի մասին, դեռ զարմանալի բաներ կբացահայտվեն, դեռ դրա ժամանակը չի եկել»,-միջադեպը պատմեց Գարեգին Չուգասզյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ