Մայիսի 12-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության արտաքին ծառայության ղեկավար կազմի հետ։
Ոստիկանության պետը նախ շնորհակալություն հայտնեց անձնակազմին վերջին շրջանում իրականացրած ծառայության համար։
Խոսելով ծառայության խնդիրների մասին՝ Վալերիյ Օսիպյանը նշեց, որ արտաքին ծառայություն իրականացնող ստորաբաժանումներում չպետք է լինի կոռուպցիա։ Նման դրսևորումներ հայտնաբերելու դեպքում ոստիկանները խիստ կպատժվեն և կենթարկվեն պատասխանատվության։
Կարևորվեց արտաքին ծառայություն իրականացնող աշխատակիցների համազգեստի կոկիկությունն ու կարգապահությունը, քանի որ քաղաքացին առաջին հերթին հենց նրանց է տեսնում և պատկերացում կազմում համակարգի մասին։
Նշվեց, որ համայնքային ոստիկանության հենակետերը պետք է ավելի կանոնակարգեն աշխատանքը, իսկ համայնքային ոստիկանները հաճախ հանդիպումներ ունենան բնակիչների հետ, լսեն հուզող հարցերն ու հնարավորության դեպքում լուծումներ տան, կամ ուղղորդեն համապատասխան մարմիններ։ Համայնքային ոստիկանները պետք է լիարժեք տիրապետեն իրենց սպասարկող տարածքներում տիրող իրավիճակին։
Վալերիյ Օսիպյանը կարևորեց նաև այս տարի անցկացվելիք միջոցառումների՝ Հայաստանի Հանրապետության 100-ամյակի, Երևանի 2800-ամյակի և Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի պատշաճ անցկացումը։
Խորհրդակցությանը քննարկվեցին արտաքին ծառայությանը վերաբերող այլ հարցեր ևս։
ՀՀ ոստիկանություն