Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է պաշտպանության նախարարություն եւ բանակի բարձրագույն սպայական կազմին ներկայացրել պաշտպանության նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին:
Ներկայացնելով նրան՝ Փաշինյանն ասաց. «Գիտակցում եմ, որ Դավիթ Տոնոյանին պաշտպանության նախարարությունում ներկայացնելու հարկ չկա, որովհետեւ որ նա երկար տարիներ աշխատել, ծառայել է ՊՆ-ում, զինված ուժերում և համոզված եմ, որ բոլորդ նրան շատ ավելի լավ գիտեք, քան ես կարող եմ ներկայացնել: Ուզում եմ ընդգծել, որ այս նշանակումն արտահայտում է այն քաղաքականությունը, որ մենք պատրաստվում ենք վարել զինված ուժերի զարգացման բնագավառում: Մեզ համար կարևոր է եղել, որ կառավարության փոփոխության պրոցեսը ԶՈՒ-ի, ՊՆ-ի համար լինի օրգանական, և զինված ուժերը այսպես ասած քաղաքական որևէ ցնցման ազդեցություն չզգան»:
Փաշինյանն ասաց, որ ԶՈՒ խնդիրները բացարձակ առաջնահերթություն են լինելու կառավարության համար, որովհետեւ բոլորս հասկանում ենք, որ խոսքը Արցախի հանրապետության, ՀՀ անվտանգության մասին է եւ մենք պետք է բոլոր ջանքերը գործադրենք, որ ՀՀ-ի եւ Արցախի հանրապետության անվտանգության մակարդակը անշեղորեն բարձրանա:
Որպես առաջին եւ կարեւոր խնդիր՝ վարչապետը նշեց բանակի մարտունակության շարունակական բարձրացումը: Նա ասաց, որ այսօր ՀՀ-ի միջազգային հեղինակությունը բարձր է եւ շարունակում է բարձրանալ: Սա նշանակում է, որ ընդհանրապես միջազգային հարաբերություններում, նաեւ բանակցային գործընթացներում Հայաստանի դիրքերը ամրանում են եւ պիտի շարունակեն ամրանալ, նաեւ ուզում եմ ընդգծել, որ բանակը, ԶՈւ-ն պետք է ամուր թիկունք լինեն նաեւ ՀՀ դիվանագիտության համար եւ բանակցային գործընթացի համար:
Նա ասաց, որ հաջորդ խնդիրը բանակի ապաքաղաքականացումն է եւ Դավիթ Տոնոյանի թեկնածությունն ամենահարմարն է այդ խնդիրը լուծելու համար:
Փաշինյանն ասաց, որ ներքաղաքական վերջին ճգնաժամի ընթացքում ԶՈՒ-ն կարողացել է չդառնալ քաղաքական գործընթացի մաս, ինչը Սահմանադրությամբ էր ամրագրված. «Սա վկայում է մեր զինված ուժերի ինստիտուցիոնալ կայացվածության բարձր մակարդակի մասին: Մենք այս գործընթացը պետք է շարունակենք քաղաքական գործընթացներում, այդ թվում՝ ընտրությունների ժամանակ բանակը չպետք է ներքաշվի՝ որպես ընտրական գործընթացի կողմ»:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ յուրաքանչյուր քաղաքացի, բանակում ծառայող, պետք է ազատ լինի իր ընտրության մեջ ու սա վերաբերում է բոլորին՝ շարքայինից մինչեւ գեներալ. «Հայաստանի զինված ուժերը չպետք է լինեն իշխանամետ, չպետք է լինեն ընդդիմադիր ու իրենք իրենց քաղաքական գործոն չպետք է համարեն եւ որեւէ պարագայում քաղաքական գործընթացի մեջ ներքաշված չպետք է լինեն: Ես համոզված եմ, որ հատկապես ապրիլից հետո այս խնդիրը լուծելը իրական է: Հարկավոր է ընդամենը այն, ինչ կա չկորցնել»:
Փաշինյանն ասաց, որ պետք է բացառեն այն իրավիճակը, երբ ժամկետային զինծառայողների ծնողները նյութական օգնություն ուղարկեն, ստիպված լինեն իրենց երեխաներին հագուստով, հիգիենայի պարագաներով ապահովել: Նա ասաց, որ ԳՇ-ի հետ այս թեմայով խոսել են եւ ասել, որ այդ պրակտիկան պետք է համարել ավարտված:
Վարչապետը եւս մեկ խնդիր մատնանշեց՝ մեր զինվորները բանակից զորացրվում են ավելի ցածր կրթական ցենզով, քան նրանք զորակոչվել են բանակ. «Ես սա համարում եմ լրջագույն խնդիր: Բոլորս պետք է ակտիվ համագործակցենք, հասկանանք նրբությունները: Զինծառայողները բանակից պետք է վերադառնան ավելի բարձր կրթական ցենզով, զինվորների կրթական պրոցեսը ծառայության ընթացքում կազմակերպելը չափազանց կարեւոր է: Մենք չպետք է թույլ տանք, որ զինվորի զոհվելու մասին լուրը հանրության համար դառնա լրահոսի հերթական վերնագիր»: Նա ասաց, որ տեղի ունեցած ցանկացած դեպք պետք է լրջորեն հետաքննվի, պետք է արվեն հետեւություններ, որոնց նպատակը կլինի կանխարգելը, ամեն դեպքից պետք է արվի լրջագույն հետեւություն եւ այդ հետեւությունները պետք է դառնան եզրակացություն, որը կյանքի կոչվի այլ զորամասերում: Մենք պետք նվազագույնի հասցնենք այդ դեպքերը, հանրությունը պետք է տեսնի, որ մենք բոլորս մեզնից կախված հնարավոր եւ անհնարն ենք անում՝ յուրաքանչյուր զինվորի կյանքն ու անվտանգությունը պաշտպանելու համար»: Նա ասաց, որ հուսով է՝ Դավիթ Տոնոյանը այս խնդիրները, որպես ՊՆ նախարար, կլուծի:
Իսկ ՊՆ նոր նախարար Դավիթ Տոնոյանը շնորհակալություն հայտնեց վարչապետին վստահության համար ասաց, որ իր համար մեծ պատիվ է վերադառնալ հոգեհարազատ միջավայր՝ պաշտպանության նախարարություն. «Մենք շատ կարճ ժամանակամիջոցում կառավարության ծրագրի մեջ կարտացոլենք ձեր բոլոր ցուցումները, պարոն վարչապետ, ես վստահեցնում եմ, որ ԶՈՒ մարտունակությունը լինելու է այն մակարդակում, որ պայմաններ է ստեղծելու բանակցային գործընթացքում ձեզ հաջող բանակցություն վարելու եւ եթե անհրաժեշտ է նաեւ՝ ուժի դիրքերից:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լուսանկարը՝ Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից