Երկրորդ տարին է, ինչ Հայաստանում անցկացվում է «Երևանի գինու օրեր» միջոցառումը: ԷՎԵՆՏՏՈՒՐԱ միջոցառումներ կազմակերպող ընկերությունն այս տարի եւս կազմակերպել է «Երևանի գինու օրերը»՝ հաշվի առնելով անցյալ տարվա հաջողությունն ու դրական արձագանքները: Մայիսի 11-ից մեկնարկած միջոցառման վայրն անփոփոխ է՝ ընտրված է Երևանի կենտրոնական և ամենակոլորիտային անկյուններից մեկը՝ Սարյան փողոցի Թումանյան-Պուշկին խաչմերուկների հատվածը:
Միջոցառման նպատակն է խթանել զբոսաշրջությունը Հայաստանում և ապահովել մեր երկրի՝ որպես գինու հնագույն օրրանի ճանաչելիությունը:
«Երևանի գինու օրերը» հիանալի հնարավորություն է հայ գինի արտադրողների, ռեստորաններին եւ այլ ծառայություններ մատուցող հայկական ընկերությունների համար՝ ներկայանալ հայ և միջազգային այցելուներին, ցուցադրել իրենց արտադրանքը:
Հաճելի էր միջոցառման ժամանակ տեսնել բազմաթիվ օտարերկրացի զբոսաշրջիկների: Aravot.am-ի հետ զրույցում գերմանացի ուսանող Աննին ասաց, որ ուրախ է նման միջոցառման մասնակցելու համար: Նրա ձեւակերպմամբ, սա լիցքաթափվելու եւ լավ ժամանակ անցկացնելու հրաշալի հնարավորություն է: Նա նշեց, որ թավշյա հեղափոխության օրերին եւս ներկա է եղել Երեւանում, մասնակցել ցույցերին. «Ամեն ինչ այնքան տպավորիչ ու խաղաղ էր: Ես շատ ուրախ եմ հայ ժողովրդի համար»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ