Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ պատրաստվում է իր ընտանիքի հետ միասին տեղափոխվել վարչապետի պետական առանձնատուն: Նա այսպես բացատրեց դա. «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված է, որ վարչապետը պետք է ապրի այդ առանձնատանը, եւ եթե այդ առանձնատունը դատարկ է մնում, զուտ սիմվոլի առումով, կարող է սիմվոլիզմ ստացվել, թե Հայաստանի Հանրապետությունում վարչապետ չկա: Ինչպես վարչապետի նստավայրում ես աշխատում եմ, օրենքով սահմանված: Ընդ որում երկու նստավայրերում էլ ես աշխատում եմ, իհարկե՛, մենք հետո կմտածենք՝ օրենսդրությունը ինչպես փոխենք կամ փոխենք, թե չփոխենք, բայց այս պահին օրենսդրությամբ սահմանված վարչապետի նստավայրում ես աշխատում եմ եւ մտադիր եմ զբաղեցնել նաև վարչապետի համար նախատեսված պետական առանձնատունը»:
Հիշեցնենք, որ չնայած օրենսդրությամբ վարչապետի համար նախատեսված է առանձնատուն, բայց վարչապետ եղած տարիներին այդ առանձնատնից հրաժարվել է Անդրանիկ Մարգարյանը, որը գերադասում էր շարունակել ապրել Ավանի իր տանը: Այնտեղ չի ապրել նաեւ Կարեն Կարապետյանը, բնակվել է Մոնումենտում իր սեփական առանձնատանը: Վարչապետ եղած ժամանակ Տիգրան Սարգսյանն այնտեղ էր ապրում, իսկ Հովիկ Աբրահամյանն իր վարչապետության 2,5 տարիներին ապրում էր Ազատության պողոտայում գտնվող առանձնատանը եւ չէր տեղափոխվում:
Կառավարական առանձնատանը չի ապրել նաեւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնելիս Հովիկ Աբրահամյանը, Սամվել Նիկոյանը նույնպես չեն տեղափոխվել, փոխարենը՝ կառավարական առանձնատանն ապրելու հնարավորությունից օգտվել են Արթուր Բաղդասարյանն ու Տիգրան Թորոսյանը: Ներկայիս ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նույնպես գերադասել է ապրել իր տանը եւ չտեղափոխվել:
Սերժ Սարգսյանն ապրել է կառավարական առանձնատանը, ավելին՝ պաշտոնաթողությունից հետո կառավարության որոշմամբ առանձնատներից մեկը փորձում էին սեփականության իրավունքով հանձնել նրան, բայց այդ որոշումը չեղյալ համարվեց:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Ձեր նշածներից ոչ մեկը պետության ղեկավար չեն եղել, նրանցից ոմանք փաստացի նույնիսկ 100-րդ մարդը չեն Հայաստանում: Բոլորն էլ հասկանում են որ անվտանգության նկատառումներով է սա ավելի շատ պայմանավորված: