«Ես նման բան չեմ ասել եւ հիմնավորել եմ դա: Գնացեք Փաշինյանին հարցրեք, թե ինչու է նման բան ասել»,- լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» շարժման օրերին արտահայտած խոսքին՝ «դուք ասել էիք, որ Աշխարհի առաջնության ընտրական փուլը ձախողելու դեպքում հրաժարական կտաք, բայց խոստումը չպահեցինք», ասաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
Նա նշեց, որ քաղաքական հարցերի չի պատասխանելու: Լրագրողներն այնուամենայնիվ, հարցրին՝ «Սերժ Սարգսյանը ներկա էր լինում ազգային հավաքականի խաղերին, հիմա ո՞ւմ եք հրավիրելու»:
Հայրապետյանը պատասխանը չհստակեցրեց, բայց ասաց. «Ես երբեւէ անձամբ Սերժ Սարգսյանին չեմ հրավիրել ֆուտբոլ նայելու: Նա ֆուտբոլի մեծ երկրպագու է եւ եղել է ֆուտբոլի կողքին: Շատ հարցերում աջակցել է»:
Հայրապետյանը հավելեց՝ հիմա էլ իշխանության աջակցության խնդիրն ունեն. «Հատկապես նոր հրավիրված ֆուտբոլիստների քաղաքացիություն ստանալու հարցում: Ֆուտբոլն ամբողջ աշխարհում է սիրված: Կարծում եմ՝ չի լինի մի իշխանավոր, որը չսիրի եւ չաջակցի ազգային հավաքականին: Ճիշտ չէ, չի սիրի այնպես, ինչպես Սերժ Սարգսյանն է սիրել, բայց, այնուամենայնիվ, կսիրի»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ