Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե իր համաձայնությա՞մբ է Յուրա Մովսիսյանը հրավիրվել ազգային հավաքական: Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, որոնց թվում է նաեւ Յուրա Մովսիսյանը («Յուրգորդեն»՝ Շվեդիա):
«Նա բազմաթիվ ֆուտբոլիստներից մեկն է, նրա հետ ի՞նչ գործ կարող ենք ունենալ: Ֆուտբոլ պետք է խաղա, թող գա՝ խաղա»,-նկատեց Ռուբեն Հայրապետյանը:
Նա ընդգծեց՝ կցանկանար, որ որոշ ֆուտբոլիստներ եւս հրավիրվեին հավաքական. «Կան նաեւ ֆուտբոլիստներ, որոնց պետք չէր հրավիրել: Յուրան հատուկ ֆուտբոլիստ չէ, որ անընդհատ առանձնացնում եք նրան: Բոլոր ֆուտբոլիստներն ինձ համար հավասար են: Նրանք, ովքեր օգտակար կլինեն մեր հավաքականին, պարտավոր ենք գնահատել նրանց»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ