Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Շիրակ» ֆուտբոլային ակումբի հետ կապված աղմկոտ դեպքին: Հիշեցնենք՝ օրերս «Բանանց» ֆուտբոլային ակումբի կողմից ՀՖՖ-ին նամակ է ուղղվել՝ ֆուտբոլիստ Էդվարդ Կպոդոյի դիմումով, համաձայն որի՝ «Շիրակ» ակումբի սպորտային տնօրեն Արարատ Հարությունյանը հանդիպել է ֆուտբոլիստին, տվել 1000 ԱՄՆ դոլար կանխավճար և խոստացել ևս 4000-ը՝ իրենց օգտին սխալվելու եւ այդպիսով օգնելու իրենց խաղը հաղթելու համար:
«Բանանց»-ից բողոք են ներկայացրել, ի՞նչ է՝ ընթացք չտայի՞նք: Ի՞նչ անեինք: Իսկ ինչո՞ւ դիմեինք իրավապահ մարմիններին, երբ կարող էին մեր կարգապահական կանոնակարգի համաձայն՝ գործողություններ կատարել: Իրավապահներն ել թող քննեն»,-այսպես պարզաբանեց Ռուբեն Հայրապետյանը:
Նրա խոսքով՝ իրեն մեղադրում են հայկական ֆուտբոլի ճգնաժամի համար, բայց երբ իրենց գործառույթն են իրականացնում եւ պատժում, քննադատում են. «Վստահեցնում եմ՝ ես «Շիրակ»-ի ֆուտբոլիստների դեմ ոչինչ չունեմ, հնարավորինս աջակցելու ենք ակումբին եւ ֆուտբոլիստներին: Գյումրին համարում եմ կարեւոր ֆուտբոլային տարածաշրջան»:
Ռուբեն Հայրապետյանը նշեց՝ մամուլում հերյուրանքներ են տարածում իր հասցեին, մեղադրում, որ «Շիրակ» ակումբին պատժում է, մինչդեռ ՀՖՖ-ն իր գործառույթն է կատարում:
https://www.youtube.com/watch?v=7SmpccqpR8Q
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Հ. Գ. Համաձայն ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի հայտարարության՝ «Շիրակ» ակումբի վերաբերյալ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր է նախապատրաստում՝ քրեական գործ հարուցելու հիմքերը պարզելու նպատակով: