«Դրոշակ». ՀՀ խորհրդարանի կողմից Նիկոլ Փաշինյանին երկրի վարչապետ ընտրելու գործողությամբ փակվեց Հայաստանում խաղաղ-հեղափոխական իշխանափոխության համաժողովրդական-հրապարակային պայքարի էջը եւ սկսվեց հաջորդ՝ պալատական իշխանափոխության գործընթացը:Որքան էլ որ երկրորդը պայմանավորված է առաջինով ակնհայտ է, որ այս երկուսը միանգամայն տարբեր երեւույթներ են՝ ենթակա իրենց յուրահատուկ ազդակների:
Արժանին մատուցելով շարժումը սկզբնավորող եւ հաղթական ավարտին հասցնող առաջնորդի գործունեությանը ակնհայտ է, որ ներկայումս նա կանգնած է ոչ պակաս, եթե չասենք շատ ավելի բարդ լուծելի խնդիրների առաջ:
Չենք ցանկանում կասկածել, որ Ն. Փաշինյանը անկեղծ է երկիրը համընդհանուր եւ համակարգային բարեփոխման ենթարկելու երեկվա կոչերի՝ այսօրվա խոստումների հարցում: Հարցն այն է, թե նա կկարողանա՞ արդյոք իրականացնել այն ամենը, ինչի ակնկալիքով էլ, ըստ էության, տեղի ունեցավ համաժողովրդական պոռթկումը:
Գաղտնիք չէ, որ պետական-իշխանական մեքենան միշտ էլ ավելի հզոր է, քան անհատներն ու խմբերը եւ եթե վերջիններս այդ համակարգը չփոխեն համակարգը կփոխի իրենց: Ասվածը մարդկության հազարամյակների պատմությամբ փաստված իրողություն է, որի ականատեսը եղել ենք նաեւ մենք, եւ ոչ միայն հայացք հառելով նախկին կոմունիստական, կամ արաբական, կամ աֆրիկյան ու այլ երկրների օրինակին, այլ ինքներս զգացել ենք մեր մաշկի վրա:
Որպեսզի երեկվա բարքերը չշարունակվեն այսօրվա նորացող Հայաստանում անհրաժեշտ է ոչ միայն համակարգային փոփոխություն, այլեւ նախադրյալների ստեղծում հասարակական բարոյահոգեբանական մթնոլորտի վերափոխության համար: Այո, նախարարներին կարելի է փոխել, բայց ինչպես անել, որ վաղը նորից այս կամ այն կուսակցությունը չթակի մարդկանց դուռն ու ընտրակաշառք չառաջարկի եւ ինչ անել, որ քաղաքացին մերժի ձեռնտու, սակայն արատավոր գործարքը: Ինչպե՞ս անել, որ ոստիկանը, դատավորն ու դասախոսը մերժեն կաշառքը, իսկ քաղաքացին հասնի այն գիտակցությանը, որ մտքով անգամ չանցնի ծուռ ճանապարհներ փնտրել իր խնդիրների լուծման համար:
Կրկնվելով հաստատենք, որ անհրաժեշտ է այսօրվանից սկսել իրավական, արժեքային ու բարոյահոգեբանական համակարգերի փոփոխության գործընթացը:
Եվ դարձյալ կրկնվենք՝ ասելով, որ երեկվա հեղափոխության եւ այսօրվա պետական իշխանության առաջնորդի առջեւ ծառացած է առարկայական ու ենթակայական բարդությունների ծանր բեռ, որ կարելի է նաեւ բնորոշել որպես՝ փորձություն իշխանությամբ:
Այդ փորձությունը սկսվելու է գործադիր իշխանության ձեւավորման քայլից, որն իրականացնելիս երկրի նոր ղեկավարը չի կարողանալու հաշվի չառնել գործոնը թիմի եւ շարժման ընկերների, ունեցած քաղաքական կենսագրության ընկերների, դեռ գործող իշխանության մեջ եղած փորձառություն ունեցող կադրերի, այսօրվա ու վաղվա գործակիցների եւ այլն:
Ամենաժողովրդավար կամ ոչ ժողովրդավար երկրներում էլ բարդ խնդիր է ղեկավարելը ու առավել եւս արմատական բարեփոխումների ծրագրեր առաջադրելը, երբ խորհրդարանի եւ տեղական իշխանության մեծամասնությունը կազմում է իշխանությունից ընդդիմության դաշտն անցած ուժը: Այս պայմաններում լուրջ հարց է դառնում անգամ նոր եւ առավել լեգիտիմ վիճակ ստեղծելու նպատակով արտահերթ ընտրությունների համար ընտրական օրենսգրքի փոփոխությունը:
Մասնակցելով հզոր շարժմանը կարելի է ասել, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի ունեցել է իր պատկերացումը վաղվա փոփոխությունների վերաբերյալ եւ անհամբերությամբ սպասելու է դրանց կենսագործմանը: Զգացմունքային գրգիռները, որոնք ալեկոծում են հեղափոխականացված զանգվածներին, նրանց քաղաքական առաջնահերթ պահանջն են դարձնում անօրինությունների ու թալանի հեղինակների պատիժը: Ի՞նչ է արվելու պահանջի հարցում, որն այսօր գրեթե բոլորի շուրթերին է:
Յուրաքանչյուր բարի նախաձեռնության դիմաց ծառանալու է մարդկային, նյութական եւ այլ հնարավորությունների խնդիրը: Գտնվելու եւ մատնանշվելո՞ւ է այն ներուժը, որի միջոցով հնարավոր է դառնալու այս կամ այն փոփոխության, նախաձեռնվող գործի իրականացումը:
Ներկայումս, երբ դեռ տաք է հեղափոխական տրամադրությունը եւ ընտրված վարչապետը նոր-նոր պետք է վարժվի իր գործառույթներին գուցե թվա թե վաղ է այս բաների մասին խոսելը: Իրականում շատ խնդիրներ արդեն իսկ ներկայանալու են առանց դուռը թակելու եւ պահանջելու են անհետաձգելի լուծումներ: Նոր էջը բացված է եւ խանդավառությանը փոխարինելու պետք է գա գործնական մտահոգությունը, օրակարգում երկրի ապագայի հարցն է:
Արտաշես ՇԱՀԲԱԶՅԱՆ