Ակնհայտ է երկու հատկանիշ՝ նշանակումները կատարվել են երիտասարդության և կուսակցական կամ քաղաքական թիմայնության սկզբունքով: Հետաքրքիր է այդ առումով ոլորտային ընտրությունը: Նիկոլ Փաշինյանն այդ թիմային սկզբունքը կիրառել է ըստ քաղաքական առաջնահերթությա՞ն, թե՞ ոլորտներն են հարմարեցվել կադրային բանկին, այսինքն՝ «Քաղաքացիական պայմանագիրը» համարել է, որ հենց այդ ոլորտներում է, որ առավել մրցունակ են իր կադրերը և մյուս ոլորտներում է դիտարկում, այսպես ասած, քաղաքական համաձայնության և կոալիցիայի սկզբունքի կիրառումը:
Համենայնդեպս, ուշագրավ է, որ ՔՊ երիտասարդ նախարարներն աշխատելու են սփյուռքի ուղղությամբ, որի վրա մեծ ուշադրություն էր հատկացվում դեռևս հեղափոխության, այսպես ասած, հրապարակային, փողոցային փուլից սկսած, կրթության ու գիտության ուղղությամբ՝ այստեղ թերևս ոլորտի խորքային ռազմավարական կարևորությունը մատնանշելն ավելորդ է, սակայն մյուս կողմից՝ կարևոր է նաև մեկ այլ հանգամանք՝ քաղաքացիական անհնազանդության և թավշյա հեղափոխության շարժիչ ուժը երիտասարդությունը, ուսանողությունն էր: Ըստ այդմ՝ ոլորտը վերցվում է «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման տիրույթ, թիմային կառավարման տիրույթ, ինչը նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը երիտասարդներին առաջարկում է լինել կառավարության նախաձեռնությունների աջակիցը, այսպես ասած՝ հարկ եղած դեպքում հանրային ճնշում ապահովելու համար այն սեգմենտներին, որոնք կփորձեն դիմադրել ռեֆորմներին:
Տարածքային կառավարումը, խոշոր հաշվով, ևս կարևոր ոլորտ է՝ նկատի ունենալով ոչ միայն Հայաստանի անհամաչափ զարգացման խնդիրը, այլ նաև տեղական իշխանության քաղաքական նշանակության հարցը, երբ համայնքների ղեկավարների ճնշող մեծամասնությունը ՀՀԿ-ական է, և այդ իմաստով ոլորտը նոր վարչապետի համար դառնում է կարևոր՝ վերահսկելիության և սաբոտաժներ թույլ չտալու առումով:
Առաջին փոխվարչապետի պաշտոնի առումով կարծես թե իրավիճակը էլ ավելի պարզ է, և այստեղ Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ է անմիջական, այսպես ասած՝ թիմակից, խիստ վստահելի մարդ, և Արարատ Միրզոյանն այդ տեսանկյունից «Իմ քայլը» շարժման ամբողջ ընթացքում, այսպես ասած, Փաշինյանի կողքին էր և այժմ այդ տեղն է զբաղեցնում նաև կառավարությունում:
Արամ ԱՄԱՏՈՒՆԻ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում