Վերջին մեկ ամսում համայն հայությունը ակտիվ մասնակցում էր թավշյա հեղափոխությանը, իսկ այդ ընթացքում Հայաստանի առաջատար մարզիկները փայլուն հաղթանակներ էին գրանցում միջազգային մրցաշարերում՝ էլ ավելի բարձրացնելով Հայաստանի վարկանիշն աշխարհում:
Հայ մարզիկների նվաճումները ըստ ժամանակային հաջորդականության:
Բռնցքամարտ: Նարեկ Մանասյանը (91 կգ) Ռումինիայում բրոնզե մեդալ նվաճեց 18-22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:
Երեւանում անցկացվեց կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությունը: Մեծահասակների պայքարում Հովհաննես Սարգսյանը (90 կգ) դարձավ արծաթե, իսկ Նարեկ Աբոյանը (80 կգ)՝ բրոնզե մեդալակիր: Մանուկների եւ պատանիների տարիքային խմբերում Հայաստանի 17 ներկայացուցիչներ եւս արժանացան մեդալի:
Կիեւ: Ջրացատկի Ուկրաինայի բաց առաջնությունում Վլադիմիր Հարությունյանը 10 մետր անհատական աշտարակացատկում դարձել է արծաթե, Վարտան Բայանդուրյանը՝ բրոնզե մեդալակիր: Սինքրոն աշտարակացատկում Լեւ Սարգսյան-Վլադիմիր Հարությունյան զույգը գրավել է 3-րդ տեղը:
Չեխիա: Սամբոյի Եվրոպայի պատանիների եւ երիտասարդների առաջնությունում հայ մարզիկներն ընդհանուր առմամբ նվաճել են 11 մեդալ (6 արծաթե եւ 5 բրոնզե):
Իտալիա: Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում 56 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանը եւ 69 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը արժանացել են բրոնզե մեդալի:
Իսրայել: Ֆերդինանդ Կարապետյանը Եվրոպայի չեմպիոնի տիտղոսն է նվաճել մինչեւ 73 կգ քաշային կարգում:
Ռուսաստան, Կասպիյսկ: Հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում աշխարհի չեմպիոններ, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը եւ 82 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը նվաճեցին ոսկե մեդալներ, իսկ 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը՝ բրոնզե:
Չեխիա: Հրաձիգներ Հրաչիկ Բաբայանը եւ Ալլա Պողոսյանը Չեխիայի «Գրան Պրիում» զբաղեցրել են երրորդ տեղեր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ