Լրահոս
Օրվա լրահոսը

Վալերի Օսիպյանը կոռումպացված չէ, կլանի անդամ չէ. Փաշինյանը բացատրում է՝ ինչ չափանիշներով է ընտրել ոստիկանապետին

Մայիս 12,2018 00:52

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես և խոստացել էր, քիչ առաջ ուղիղ միացման ընթացքում բացատրեց, թե ինչու է ոստիկանապետի պաշտոնում նշանակել Երևանի վարչության պետի նախկին տեղակալ Վալերի Օսիպյանին:

Նա նշեց, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, ոստիկանապետի պաշտոնում պետք է նշանակվի ոստիկանության համակարգից կամ հարակից համակարգերից որևէ պաշտոնյա. «Ըստ էության, հնարավոր չէ համակարգից դուրս մարդ բերել և ոստիկանության պետ նշանակել»:

Նիկոլ Փաշինյանը ընդգծեց, որ ոստիկանությունում որևէ պաշտոնյա չկա, որի նկատմամբ բողոքներ չլինեն. «Տվյալ դեպքում երկար մտածելով իմ ընտրությունը կանգ առավ Օսիպյանի վրա հետևյալ պատճառով՝ Վալերի Օսիպյանը կոռումպացված չէ, և սա ոստիկանական համակարգում քիչ պատահող երևույթ է: Վալերի Օսիպյանը նաև որևէ կլանի անդամ չէ, այդ թվում՝ ոստիկանական կլանի անդամ:

Եվ, ըստ էության, ոստիկանական առաջխաղացման համար Հայաստանի Հանրապետությունում երկար տարիներ գործել են ձեզ և մեզ հայտնի մեխանիզմներ՝ տանիք, մեջք, թիկունք, և այլն: Եվ Վալերի Օսիպյանը, ըստ էության, լինելով Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ, իր կարիերան արել է, պետք է ճիշտ ձևակերպեմ, ըստ էության, փողոցներում սևագործ աշխատանք անելով, և նա այդ դիրքում հայտնվել է նաև այն պատճառով, որ որևէ կլանի անդամ չէ և կոռուպցիոն համակարգի մաս չէ, և կոռումպացված կոռուպցիոն համակարգի ներկայացուցիչները կարողացել են այդ սևագործ աշխատանքից խուսափել իրենց հովանավորյալների շնորհիվ, և այսպես ասած, տանիք չունեցող մեկը հայտնվել է այդտեղ»:

Փաշինյանը հավելեց, որ 2007 թվականից Հայաստանի փողոցներում քաղաքական գործունեություն է ծավալել, և Վալերի Օսիպյանի հետ «դեմառդեմ մարտը» շարունակվել է մինչև 2018 թվական. «Մենք նրան, ըստ էության, ամբողջովին ճանաչում ենք: Եվ նաև մեր քննադատությունները նրա հասցեին պիտի դառնան այն լծակը, որը պիտի օգնի, որպեսզի Վալերի Օսիպյանը լինի այն ոստիկանապետը, որ անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետությանը»:

Փաշինյանը կարևորում է սիմվոլիզմը. «Մենք ըստ էության հանում ենք ժողովրդի և ոստիկանության միջև եղած փշալարերը, և դա անում ենք մենք, մեր քայլով: Ուզում եմ հավաստիացնել, որ Վալերի Օսիպյանի առաջ դրված են շատ կոնկրետ խնդիրներ, ես նաև ասել եմ, որ շատ արագ այդ խնդիրները պետք է լուծվեն, որ հանրությունը շատ արագ համոզվի, որ ոստիկանությունը փոխվում է դեպի լավը, և ոստիկանությունը ոչ թե փոխվում է, այլ փոխվել է, և ինքը պետք է լուծի կոնկրետ խնդիրներ:

Այսօր ես երեք հիմնական խնդիրներ եմ դրել՝ մարդու իրավունքների պաշտպանությունը, որը ոստիկանության համար պետք է լինի առաջնահերթություն, կրիմինալ ակտիվությունը պետք է հասնի նվազագույն մակարդակի և ընդհանրապես ոստիկանությունը պետք է վերջ տա ամենուր և ամեն ինչում մարդկանց տուգանելու մոլուցքին: Ես ևս մեկ խնդիր եմ առաջադրել պարոն Օսիպյանին մեր խոսակցությունների ժամանակ, որ ընտրակաշառքի ինստիտուտը ընդհանրապես պետք է արմատախիլ արվի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031