Լրահոս
Օրվա լրահոսը

Շրջանցում, որն անպայման ուղենշային չէ

Մայիս 12,2018 00:33

Հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարային պատկերացումների մասին խոսելով վարչապետ Փաշինյանը հիմնականում վերաբանաձեւել էր պաշտոնական Երեւանի դիրքորոշումը` կողմ ենք Անկարայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, առանց նախապայմանների: Ճիշտ չէ, որ երրորդ երկրի հետ Անկարան պայմանական հարց արծարծի հարաբերությունների բնականոնացման համար: Երեւանը շարունակում է առաջադրել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, որը առաջին հերթին նպատակադրում է ցեղասպանությունների կրկնության կանխարգելումը:

Փաշինյանի մոտեցումը միաժամանակ թե արցախյան հակամարտության եւ թե ցեղասպանության ճանաչման հարցով մերժել է Անկարայի նախապայմանները, ինչը համահունչ է Երեւանի մինչ այժմ որդեգրած եւ կիրառած պաշտոնական կեցվածքին:

Պաշտոնական Անկարան արձագանքել է ՀՀ վարչապետի այս հայտարարությանը.

«Տեսնենք, եթե Հայաստանը Թուրքիայի նկատմամբ տարիներ շարունակ ունեցած թշնամական դիրքորոշումը փոխի, հրաժարվի Թուրքիայի տարածքային ամբողջականության ու սահմանների նկատմամբ ունեցած սխալ դիրքորոշումներից, հրաժարվի այդ ամենից, ցանկանա նոր էջ բացել, մենք էլ ուսումնասիրելով մանրամասները, համարժեք պատասխան կտանք: Մենք չենք ցանկանում որեւէ մեկի, հատկապես մեր հարեւանների հետ թշնամություն անել: Եթե այդպիսի մոտեցում լինի, բնականաբար մեր պետության շահերի շրջանակներում կքննարկենք այն»:

Արձագանքը պատկանում է ուղղակի Թուրքիայի վարչապետ Յըլդըրըմին: Այսպես ուրեմն. Անկարան պատրաստ է քննարկելու դիվանագիտական կապերի հաստատման Երեւանի մոտեցումները, եթե Երեւանը ճանաչի այսօրվա սահմանը եւ Թուրքիայի տարածքային ամբողջականությունը: Գեթ այս բանաձեւման մեջ Ցեղասպանության ճանաչման պահանջից հրաժարվելու ուղղակի պայման չկա. հրաժարման պահանջը հստակորեն տարածքայինին է վերաբերում:

Բայց ավելի կարեւորը այն է, որ Յըլդըրըմը չի ակնարկում վարչապետ Փաշինյանի արծարծած առաջին խնդիրը: Հրապարակված այս արձագանքում Արցախի խնդիրը շրջանցվել է: Թուրք վարչապետը խոսում է Թուրքիային վերաբերող հարցերից:

Արցախի հարցի շրջանցումը այս դեպքում չի կապվում իհարկե ՀՀ վարչապետի այն մատնանշմանը, որ երկու երկրների միջեւ հարաբերությունների հաստատման հարցին չպետք է առնչել երրորդ կողմը:

Թուրքիայի վարչապետի այս մոտեցումը ուղենշային համարելը հավանաբար կանխահաս է: Այնուամենայնիվ, նախապայմանների առաջնահերթության հարց է ստեղծում, երբ Արցախյան հակամարտության խնդիրը միշտ անմիջականությամբ եւ հրատապությամբ էր արծարծվում:

Մի հանգամանք եւս. որոշ նրբություն է փոխանցում հարցին ուղենշային բովանդակություն տալու ուղղությամբ: Փաշինյանը պատասխանել է լրագրողի հարցին եւ ոչ թե հատուկ հայտարարություն է կատարել, նոր մեկնարկ կամ նոր գործընթաց սկսելու միտում փոխանցելու իմաստով: Յըլդըրըմը իր հերթին արձագանքել է Փաշինյանի այս պատասխանի մասին դարձյալ լրագրողի տված հարցին:

Հայկական կողմը այս դեպքում որեւէ փոփոխություն չի բերել հայ-թուրքական հարաբերությունների հաստատման համար Երեւանի որդեգրած դիրքորոշումներին, մինչ թուրքականը շրջանցել է մեկ նախապայման: Ոչ անպայման ընդառաջելով այն մոտեցմանը, որը երկկողմ հարաբերությունները չպետք է պայմանականացնել երրորդ կողմով:

 

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031